Ռուսական կապիտալի ճիրաններում

12:04 - 12 ապրիլի, 2021

Սոթքի հանքավայր

Սա Սոթքի ոսկու հանքավայրն է, գտնվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի տարածքում, սահմանակից է Շահումյանի շրջանի Քարվաճառին: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 2008-ից մինչև 2028 թվականը պետք է տարեկան 600 000 տոննա հանքաքար արդյունահաներ։ Սակայն 2020 թվականի արցախա-ադրբեջանական պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի մի մասն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, քանի որ Ադրբեջանին փոխանցած 7 շրջաններից մեկը Շահումյանի շրջանն էր՝ Քարվաճառով:

Պատերազմից հետո հանքավայրը կիսվել է: Համադրելով Գուգլ քարտեզի տվյալները՝ հանքավայրի և դատարկ ապարների տարածքը միասին շուրջ 450 հա է։ Ըստ Գուգլ քարտեզի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է շուրջ 280 հա, իսկ Հայաստանում գտնվող հատվածը՝ շուրջ 170 հա։  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տվյալների համաձայն՝ հանքի տարածքը 224 հա է: Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ 2008-2020 թվականների ընթացքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն Արցախից հողատարածք չի վարձակալել:

Ստացվում է, որ Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային այս ռուսական ընկերությունը շուրջ 280 հա հողատարածքի օգտագործման համար Արցախի Հանրապետության բյուջե հարկեր չի վճարել: «Գեոպրոմայնինգ» ընկերությանը կատարված հարցման պատասխանը մեկն է՝ դիմեք լիազոր մարմիններին:

Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությունը վարձակալության պայմանագիր ունի միայն Գեղամսար խոշորացված համայնքի հետ, 144 հա տարածքի դիմաց 2017-2020 թվականների ընթացքում վճարել է 68 մլն դրամ դրամ: Այս մասին հայտնել է Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Այս հաշվարկով 1 տարվա համար 144 հեկտարի դիմաց համայնքին վճարվել է մոտավորապես 17 մլն դրամ, 1 հա հողատարածքի վարձակալությունն ավելի քան 118 000 դրամի սահմաններում է։

Գեղամասար համայնքում սահմազատման գործընթացը դեռ չի ավարտվել, Գեղամասարի ղեկավարությունը և հանքի տնօրինությունը շարունակում են բանակցել և ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել։ Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանն ասում է․ «Հենց պայմանագիրը 144 հա վրովա կապած, մենք մենակ մեր համայնքի վրով ենք պայմանագիր կապել, մենք էդ տարածքի վրով պայմանագիր չենք կապել»:

Հանքում աշխատող Վաղինակ Ոսկանյանի խոսքով՝ ադրբեջանական վերահսկողության տարածքում մնացին ավտոսպասարկման գարաժները, դատարկ ապարները լցնելու տարածքը։ «Հումքը էլի մեր կողմն ա, մենք կարանք հանքը աշխատացնենք, ուղակի ժամանակատարար ա նոր ճանապարհներ սարքել ու աշխատացնելը»։

Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը պատմում է․ «Ադրբեջանցիք եկան-մտան Սոթքի հանք, ասացին՝ էս մերնա, էնի մերն ա, մենք գտանք, որ վեճից լավ բան չի սպասվի, իրար հրահրենք ու սխալ լինի, ավելի լավա՝ մեր երկու կողմերի վերադասները, ով որ պիտի որոշի՝ ճիշտ որոշի, սպասողական ենք մինչև օրս, հանքահորից հանած հումքն են հիմա մշակում, բայց հանքից հումք չենք հանում»:

Սոթքի հանքավայրի աշխատակից Վաղինակ Ոսկանյանն ասում է, որ տարբեր վարկածներ են պտտվում, թե ինչպես է հանքը աշխատելու, իրապես ոչ մեկը չի կարող ասել՝ հանքի ղեկավարությունից բացի, թե հետագայում ինչ կարա լինի:

«Գեոպրոմայնինգ» գոլդ ՍՊԸ-ի սեփականատերերը

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ն օֆշորային ընկերություն է, որը գրանցված է Կիպրոսի և Բրիտանական Վիրջինյան կղզիներում։ 2009-2020թթ․ վճարել է 93,4 միլիարդ դրամ ընդհանուր հարկեր, այսինքն՝ տարեկան 7,8 մլրդ դրամ կամ 16-17 մլն դոլար։ 2010-2015թթ․ ընթացքում այդ ընկերությունը հայտարարագրել է 19,5 միլիարդ դրամի (48 միլիոն դոլար) հարկային վնասներ։

Ընկերության կանոնադրական կապիտալը 23,6 մլրդ դրամ է: Մինչև 2020 թվականի հուլիսը՝ ընկերության 50,2% բաժնեմասը պատկանում էր ռուս բիզնեսմեն Սիման Պովարենկինին, որն ընկերության խորհրդի անդամ է, իսկ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոնին՝ 48.1% բաժնեմասը: Մնացած 1.7 %-ն էլ պատկանում էր ՌԴ քաղաքացիներ Ռոման Խուդոլինին, Անատոլի Գոգոտինին, Օլեգ Բելյաևին:

Իրական սեփականատերերի ցուցակում 2020 թվականի հուլիսի 14-ին Ընկերությունում տեղի է ունեցել փոփոխություն։ Ռոման Տրոցենկոն, որը 48,1% բաժնեմասի սեփականատերն էր, գնել է 48․3% այլ սեփականատերերի բաժնեմասը, այժմ Ռոման Տրոցենկոն ընկերության 9574% բաժնեմասի սեփականատերն է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Ռոման Տրոցենկոն «Ռոսնեֆթ» ընկերության տնօրենի խորհրդական է, Forbes-ի գնահատմամբ՝ նրա կապիտալը կազմում է 1.3 մլրդ դոլար: Մնացած 4,26%-ին տիրապետում են Ռոման Խուդոլինը, Անատոլի Գոգոտինը, Անդրեյ Բելյաևը և Անդրեյ Կիշկինսկին։ Նրանց մասնակցության տոկոսը հնարավոր չէ պարզել, քանի որ 2020 թվականի մայիսի 26-ից օրենսդրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով իրական սեփականատերերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվությունը հասանելի է միայն 10 և ավելի տոկոս բաժնետերերի պարագայում:

Արտահանում

Համադրելով ԱՃԹՆ-ի շրջանակներում ընկերության ներկայացրած 2016-2018 թվականների տվյալները՝ պարզ է դառնում, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն 4 տոննա 7 կգ ոսկու պարունակությամբ հանքաքարի նմուշներ արտահանել է Կանադա, իսկ 6 տոննա 717 կգ ոսկու և արծաթի դորե համաձուլվածք՝ Շվեյցարիա, որի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 211 մլրդ 891 մլն 994 000 դրամ։

2016-2017 թթ․-ին ԱՃԹՆ-ին տրամադրված հաշվետվության համաձայն՝ ընկերությունը Գեղամասար համայնքին հատկացրել է 9 600 000 դրամ։ Այն ծախսվել է Սոթք համայնքի տարածքում հինգ աղբյուրների կապտաժների վերանորոգման, ջրամատակարարման, գազամատակարարման և այլ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համար։ Համայնքի բնակիչները հաստատում են՝ այս գումարները ծախսվել են նպատակային։ 2016-2017 թվականներին շուրջ 247 մլն դրամի նվիրատվություններ են կատարվել նաև ոչ առևտրային իրավաբանական անձանց։ Շուրջ 57 մլն դրամ էլ նվիրաբերվել է անհատ անձանց։

2021 թվականին ի՞նչ ծավալով կկարողանան աշխատել և որքա՞ն հումք կարտահանեն արտերկիր՝ հայտնի չէ։ Հանքավայրի կիսվելուց հետո այնտեղ հորատման աշխատանքներ չեն կատարվում:

Պատերազմը նաև տապալեց Սոթքի բնակիչների արդարացի բողոքի ընթացքը: 2020 թվականին ընկերության գործունեության դեմ Գեղամասարի բնակիչները բողոքի ցույցեր անցկացրին և փակեցին Սոթքից դեպի հանքավայր գնացող ճանապարհը: Պահանջում էին, որ ընկերությունն աշխատի ՀՀ օրենսդրության սահմաններում, չաղտոտի շրջակա միջավայրը և կանխարգելի փոշու տարածումը:

2019 թվականի Շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի և տեղեկատվության կենտրոնի հաշվետվության համաձայն՝ Մասրիկ գետի ջրի որակը Վերին Շորժա գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ»՝ 2-րդ դաս, գետաբերանի հատվածում` «վատ»՝ 5-րդ դաս՝ պայմանավորված վանադիումով: Սոթք գետի ջրի որակը Սոթք գյուղից վերև հատվածում գնահատվել է «լավ»՝ 2-րդ դաս, գետաբերանի հատվածում` «միջակ»՝ 3-րդ դաս՝ պայմանավորված նիտրատ իոնով, վանադիումով և ալյումինով:

2008 թվականից Սոթքի հանքավայրի հումքը վերամշակվում է «Արարատի ոսկու կորզման» գործարանում: Ըստ «Սևանա լճի մասին» օրենքի` (հոդված 10, հոդված 26) արգելվում է հարակից տարածքում տեղադրել վտանգավոր թափոններ, Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն, այդ պատճառով Սոթքի թափոնները հայտնվում են Արարատի ցիանային պոչամբարում՝ 79 հա Արմաշի և Արարատի ձկնաբուծական տնտեսությունների հարևանությամբ։

195 հա տարածք զբաղեցնող 20 մլն խորանարդ մետր պոչանքով Արարատի ցիանային պոչամբարը Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարն է: Արտակարգ իրավիճակների նախարարությանը կատարված հարցման պատասխանը հաստատում է, որ պոչամբարում առկա են ծանր մետաղներ, մասնավորապես՝ սնդիկ, արսեն, կադմիում, մոլիբդեն, պղինձ, վանադիում, կապար, անագ, ցինկ, մանգան, քրոմ քիմիական նյութերի տարբեր քանակություններ: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ ասում է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ ընդերքօգտագործողները պարտավոր են մշտադիտարկումների արդյունքներն ամփոփ ներկայացնել նախարարություն։ Սակայն նախարարության կաքում տեղադրված է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության ներկայացրած՝ միայն 2019 թվականի տվյալները։

Հայաստանի Ամերիկյան համալսարանի 2016 թվականի իրականացրած հետազոտության համաձայն՝ Արարատի հողի 52 նմուշներում արսենի, կադմիումի, պղնձի սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները զգալիորեն բարձր են, քան ընդունված է միջազգային ստանդարտներում։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հետ այդպես էլ հնարավոր չեղավ խոսել բնապահպանական խնդիրների մասին, մեր հարցմանը պատասխանեցին, որ դիմենք համապատասխան լիազոր մարմիններին:

2021 թվականի մեր հարցմանն ի պատասխան` Արտակարգ իրավիճակների նախարարությունը վստահեցրեց, որ պոչամբարի պարունակության 70-80 տոկոսը հեղուկ վիճակում է, հատակը կավապատ է, ունի արտաքին և ներքին դրենաժային համակարգեր, գործում է փակ շրջանառու ջրամատակարարման համակարգ:

2011-2014թթ․ Արարատ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում էլ գրված է, որ ջրային ավազանին մեծ վնաս է հասցնում նաև ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը, որը հարակից է Արարատի ձկնալճակային տնտեսություններին։ Շրջակա միջավայրին զգալի վնաս է հասցնում նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչամբարը` մթնոլորտ արտանետելով 0.083 տոննա տարեկան ծծմբային անհիդրիդ, 80 տոննա տարեկան ցիանաջրածին, 17.5 տոննա տարեկան ածխածնի օքսիդ, 1.28 տոննա տարեկան անօրգանական փոշի, 8.04 տոննա տարեկան հանքաքարի փոշի։


Ագարակի ՊՄԿ

Ագարակի ՊՄԿ-ը պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությանը։ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին մասնավորեցրեց այն ընդամենը Կոնսապ ամերիկյան ընկերությանը՝ 600 000 դոլարով, որը խոստացել էր 2 տարվա մեջ 3,5 մլն դոլարի ներդրում անել, ինչը չիրականացավ։ Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալների՝ Ագարակի հանքավայրի տարածքը 47,8 հա է: Ընկերությունը շահագործում է 3 պոչամբարներ Սյունիքում՝ Դարամազ` 82,3 հա, Հովիտ 1 և 2,45, 3 հա տարածքներով։ Ագարակի ՊՄԿ-ն ունի մինչև 2027 թվականը հանքավայրի շահագործման թույլտվություն։

Արտահանում

Մոլիբդենի պաշարները 2021 թվականի դրությամբ կազմում են 42,4 մլն տոննա՝ 0.41%, իսկ պղնձինը՝ 0,021։ Փոքր քանակով արտահանվում են նաև այլ մետաղներ:

Ըստ ԱՃԹՆ-ում ընկերության ներկայացրած տվյալների՝ 2016-2018թթ. արտադրել է 97,727 տոննա պղինձ, 1,577 տոննա մոլիբդենի խտանյութ, որի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 44 մլրդ 807 մլն 252 հազար դրամ։

2016-2018թթ․ շուրջ 97,706 տոննա պղնձի խտանյութ է արտահանվել Չինաստան՝ արժեքը՝ ավելի քան 44 մլրդ 30 մլն դրամ։ 1,303 տոննա էլ մոլիբդենի խտանյութ է արտահանվել Եվրոպական Միություն՝ ավելի քան 5 մլրդ 7 մլն դրամով։

13 տարվա ընթացքում Ագարակի ՊՄԿ-ի վճարած հարկերը կազմել են մոտ 28 միլիարդ դրամ կամ 65 միլիոն դոլար, որը միջին հաշվով տարեկան կազմում է ընդամենը 5 միլիոն դոլար։ 13 տարվա ընթացքում 8 տարիների հրապարակված տվյալների հիման վրա ընկերությունը հայտարարագրել է 20,6 միլիարդ դրամ կամ 49 միլիոն դոլար հարկային վնաս, որը միջինում տարեկան կազմում է 6,1 միլիոն դոլար։

Ընկերության գործունեության հետևանքով Մեղրի խոշորացված համայնքում տուժել են տասնյակ քաղաքացիներ, որոնցից մեկն էլ Սիլվա Քրիստափորյանի ընտանիքն է: Նրա որդու տան պատերի ճաքերն անզեն աչքով երևում են: Կինը վստահ է, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պայթեցումների հետևանքն է: Կարճևանում գրեթե բոլոր տներն ունեն ճաքեր: Անգամ դրսից երևում է շենքերի վթարային վիճակը: Ընկերությունը չի ընդունում գյուղացիների այն պնդումները, որ հանքում պայթեցումները կարող են վնաս պատճառած լինել մարդկանց:

Ագարակի ՊՄԿ վարչական տնօրեն Արթուր Նիկողոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում բնակիչներին առաջարկել է հրավիրել փորձագետներ, որպեսզի ապացուցեն, որ այդ ճաքերը հանքում կատարվող պայթեցումների հետևանքն են, ապա փորձաքննություն կանչել, վնասը որոշել ու փոխհատուցել:

Կարճևանցիների փաստաբան Մարիամ Աբրահամյանն ասում է, որ ինքը ներկա է եղել տեղազննությանը, կա նաև քրեական գործ՝ բնակիչներին վնաս պատճառելու, գույքը դիտավորյալ փչացնելու առնչությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ասում է, որ շենքերի ճաքերի պատճառահետևանքային կապի բացահայտումն իր լիազորությունների մեջ չէ, դրանով զբաղվում է Քաղաքաշինության պետական կոմիտեն: Քաղաքաշինության պետական կոմիտեից էլ առաջարկում են պարզաբանման նպատակով դիմել ԱԻՆ: Ըստ էության՝ տներում հետազոտություններ չեն իրականացվել, ահազանգ չեն ստացել, իսկ պատճառների պարզաբանման համար տեխնիկական իրավիճակի հետազննություն չեն արել: Մինչ դեռ Քննչական Կոմիտեից պատասխանել են, որ հարակից բնակավայրերին պատճառված վնասի առնչությամբ հարուցված քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, հողագիտական, նյութագիտական, բուսաբանական, ապրանքագիտական և շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։

Եթե գյուղացիները դեռևս չեն կարողանում ընկերության մեղքն ապացուցել տան պատերի ճաքերի գործում, ապա Ագարակի ու Կարճևանի այգիների` պոչանքով աղտոտման փաստերն ակնառու են, անգամ արձանագրված, փաստաթղթավորված:

Կարճևանցի Սիմոն Խաչիկյանին չեն վախեցրել ո՛չ ընկերության կապիտալը, ո՛չ կապերը, ո՛չ էլ սպասվելիք ճնշումները: Այգեգործը 30 մլն դրամի փոխհատուցում է պահանջում Ագարակի ՊՄԿ-ից այն բանի համար, որ ընկերությունը 2012 թ. հանքի թափոնաջրերով ողողել էր իր այգին: Ընկերությունը, սակայն, պատասխանել է, որ միայն վերջին երեք տարվա վնասը կարող է փոխհատուցել: Միայն 2018 թվականին է Սիմոն Խաչիկյանը կարողացել փաստաբան վարձել, դիմել դատարան: Դատարանն էլ հսկայական գումար է պահանջել՝ որպես պետական տուրք, ինչը վճարել տուժողը չէր կարող:

Սիմոն Խաչիկյանը պատմում է․ «Դատարանն ասում է, որ պետք ա պետական տուրք վճարեմ 2 տոկոսի չափով, մոտավորապես 500-600 000 դրամ, ես բավականաչափ փորձագետներին եմ վճարել, փաստաբանին եմ վճարել, եթե էդքան պետք ա վճարես, դու ի վիճակի չես հաստատ վճարես, դա ավտոմատ նշանակում ա, որ պետքա մերժվես, դատարան չգնաս: Մեր բախտը բերեց, վերաքննիչ բողոքարկեցինք, Վերաքննիչը մեր կողմը դուրս եկավ»:

Սիմոն Խաչիկյանի փաստաբան Մարիամ Աբրահամյանն էլ պատմում է․ «2018 թվականին հրավիրեցինք տեսչական մարմին, տեսչական մարմինն եկավ, արձանագրեց, որ կեղտաջրերը վնասել են, փորձեց մեղավորությունը թաքցնել, հայտնեց, որ ընկերությունն էլ չի իմացել, վթար է տեղի ունեցել, վթարի պատճառով 2012-2018 թվականը 6 տարի անընդմեջ վթար է տեղի ունենում, մարդիկ չեն իմանում, հանկարծակի են գալիս, մի քիչ անհավանական ա, ամեն դեպքում փորձագետներ հրավիրեցինք երկու բնակչի հողամասերի համար, բնակիչներից մեկի հողամասը ընդհանարպես չկա, սեփականության վկայականը կա, կոորդինատներով տեղանքում չի գտնվում, մարդուն սեփականության իրավունքից են զրկել, եկամտի աղբյուրից են զրկել»:

Սիմոն Խաչիկյանին Ագարակի ՊՄԿ-ի ղեկավարությունը կանչել, փորձել է համոզել, որ իրենք այգին կվերականգնեն, բայց տուժողը բացատրել է, որ հողատարածքն այնպես է վնասված, որ հնարավոր չի վերականգնել։

Փորձաքննությունը ցույց է տվել, որ Սիմոն Խաչիկյանի այգու տարածքում ծանր մետաղների չափաքանակը գերազանցում է թույլատրելի նորմերը, սակայն դա միակ այգին չէ, փաստաբանը վստահեցնում է, որ կան այլ տուժողներ, բայց վախենում են բողոքել:

Կարճևանի մեկ այլ բնակիչ՝ Ռուդիկ Մկրտչյանը, պատմում, է որ վաղուց իր այգուց բերք չի ստանում։ «Խաղողի այգի ունեմ, ընդհանարպես չեմ մտնում, վնաս են տվել թափոնաջրերը, իսկ 2000 մ այգիս էլ գնում ենք, մշակում, բայց ոչ մի օգուտ չենք ստանում: Քաչվանք կոչվող տարածքից են գալիս էդ կեղտաջրերը, մի քիչ շատ ա եկել, իրենք նասոսներով մղում են դուրս, գալիս ա մեր հողերի մոտով ա դուրս գալիս, իրենց ջրահեռացումը լավ չէր կատարվում»,- պատմում է Ռուդիկ Մկրտչյանը:

Փաստաբան Մարիամ Աբրահամյանը պատմեց, որ ընկերությունը դատարանին միջնորդել է հայցային վաղեմություն կիրառել: 2021 թվականի մարտի 3-ին դատարանը վճռել է մերժել Սիմոն Խաչիկյանի հայցն ընդդեմ Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով, իսկ հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործի քննությունը շարունակել առանձնացված վարույթով։ Դատարանը վճռել է Սիմոն Խաչիկյանից հօգուտ պետության բռնագանձել 559 000 դրամ՝ որպես պետական տուրք, Խաչիկյանից հօգուտ Ագարակի ՊՄԿ-ի բռնագանձել 800 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։

Ագարակի ՊՄԿ-ն այս ընթացքում մի անգամ չէ, որ աղտոտել է շրջակա միջավայրը:

Այս կադրերը նկարահանվել են 2021 թվականի փետրվար ամսին, ակնհայտ երևում է, թե ինչպես է ընկերության շահագործած պոչամբարից, ասֆալտի տակից պոչանքը խողովակով լցվում Արաքս գետը: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացրին, որ ընկերությունն ունի պարզվածքը գետ լցնելու թույլտվություն։ 2020 թվականի հունիսին ՇՄ նախարարություն ներկայացված ՇՄԱԳ փաստաթղթում ընկերությունն ինքն է գրում, որ N2-N3 պոչամբարներին միացված է ջրի շրջանառու համակարգ, սակայն N1 պոչամբարից պարզվածքը լցվում է Արաքս գետ։ Այնինչ իրականում կադրերում երևում է, որ չֆիլտրացված պոչանքն է լցվում Արաքս գետ։

2019 թվականին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղեկացմամբ, Ագարակի ՊՄԿ-ի կողմից շրջակա միջավայրին հասցվել է շուրջ 1 մլն դրամի վնաս, իսկ վարչական տուգանքը կազմել է 200 000 դրամ։ Ագարակի ՊՄԿ-ի գործունեության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում:

ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցմանը պատասխանել են, որ 2019 թվականի մայիսի 31-ի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ շրջակա միջավայրին և շինություններին էական վնաս պատճառելը։ 2020 թվականի հունվարի 23-ին դատարանը որոշում է կայացրել միավորել երկու քրեական գործերը մեկ վարույթում՝ լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով։

2021 թվականի հունվար ամսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդեցին, որ տեսչական ստուգումներ են սկսել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում, սակայն, պատերազմական իրավիճակով պայմանավորված, անորոշ ժամանակով քննությունը կասեցված է։ Երեք գրությունն էլ Շրջակա Միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն է ուղղարկել տեսչություն՝ ընկերությունում ստուգումներ անցկացնելու պահանջով։ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանն էլ ասում է, որ կոմբինատի հասցված վնասներին պետք է նայել տեղում սոցիալական և տնտեսական խնդիր լուծելու տեսանկյունից։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն էլ 2016-2020 թվականներին ընկերության կողմից համայնքին վճարված բարեգործական հատկացումների, նվիրատվությունների վերաբերյալ տեղեկացնում է, որ ընկերությունը 2016-2020 թվականներին շուրջ 376 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել, որն ուղղվել է մանկապարտեզի, հանրակրթական և արվեստի դպրոցների զարգացման, սոցիալ-տնտեսական ծրագրերի, վարչական բյուջեից կատարվող տարեկան ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, ինչպես նաև օգնություն է տրամադրվել համայնքի բնակիչներին։

Չնայած համայնքին վճարվող տարբեր սոցիալական վճարներին, այդուհանդերձ, սոցիալական, Էկոլոգիական դեմոգրաֆիական անվտանգության խնդիրներն ամեն օր դառնում են օրհասական Հայաստանի գրեթե բոլոր համայքներում, ընդերքի անխափան շահագործմանը զուգահեռ համայքներն աղքատանում են, երբեմն էլ մնում իրենց խնդիրների հետ մենակ։

Դատարաններում արդարադատություն գտնելը դառնում է տարիների պայքար, երբեմն էլ ժամանակի կորուստ, քանի որ վաղեմության ժամեկտը լրանալուն պես հանգիստ կարելի է քրեական գործերը կասեցնել, մարդկանց պատճառված վնասն անտեսել, ավելին՝ տուժող կողմից հօգուտ պետության և հանքարդյունաբերողի բռնագանձել գումար և շարունակել նույն ոճով աշխատել։

Թեհմինե Ենոքյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել