«Դուք մոդեռատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար». Գորգիսյանը` Փաշինյանին |hetq.am|
13:32 - 14 ապրիլի, 2021

«Դուք մոդեռատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար». Գորգիսյանը` Փաշինյանին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում շարունակվում է կառավարության 2020 թվականի գործունեության կատարողականի քննարկումը: Քննարկման հիմնական առանցքը արցախյան երկրորդ պատերազմն է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկատեց, որ ըստ Փաշինյանի ելույթի մեղավոր էին բոլորը, բացի գերագույն գլխավոր հրամանատարից:

«Մեղավոր էին նախկինները, Մինսկի խումբը, մեղավոր էր հանրությունը, գեներալները: Ուզում եմ հասկանալ` Դուք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում պատերազմում, տեղի ունեցածում: Ի՞նչ է նշանակում գեներալները որոշում էին, ես մոդեռացիա էի անում, դուք բազմիցս հայտարարում էիք` Դուք եք գլխավոր հրամանատարը, և հիմա փաստորեն գեներալներն էին որոշել: Դուք մոդեռատոր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար»,- ասաց նա` դիմելով Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` դեռ առաջին օրից հայտարարել է, որ ինքն է թիվ մեկ պատասխանատուն:

«Եւ այո, ես ունեմ մեղավորության իմ բաժինը, եթե ուզում եք ամենամեծ բաժինը: Ես ասում եմ` էս պարտությունն իմն է, հաղթանակը` մնացած բոլորին, պարտությունը` ինձ, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է առիթավորվեն, ասեն ինչ կա` լցնենք իր վրա: Ինչ վերաբերում է մոդեռացիային, այո հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքներ, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբություների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` այդ օպերացիան չի եղել Լելե-Թեփե սարը գրավելու վերաբերյալ, այլ` իններորդ պաշտպանական շրջանի հարավային հատվածում առաջացած ճեղքման սեկտորը փակելու վերաբերյալ: Փաշինյանի խոսքով` անիմաստ են այն շահարկումները, թե այդ օպերացիան քաղաքական դիվիդենտ շահելու նպատակ է հետապնդել:

«Ձեր պահվածքից, հռետորաբանությունից որևէ կերպ չի զգացվում, որ մեղավոր եք Ձեզ զգում: Դուք փորձում եք արդարանալ, և էդ ճանապարհին անընդհատ վնաս եք հասցնում Հայաստանին»,- հակադարձեց Գորգիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել