Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը․ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
23:05 - 20 ապրիլի, 2021

Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը․ ԱԳՆ արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ լրատվականների հարցին։ Տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Հարց. Ադրբեջանի նախագահն ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հանդես է եկել Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքներով: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այդ առնչությամբ:

Պատասխան. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Դրանք բացահայտում են խաղաղության և հաշտության վերաբերյալ վերջին ժամանակներում Ադրբեջանի հայտարարությունների սին և կեղծ բնույթը:

Հատկանշական է, որ նման սպառնալիքներ արվում են Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ և նպատակ ունեն ուժի դիրքերից խոսելու հայ ժողովրդի հետ:

Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռազմավարական դաշնակցի, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությամբ շահագրգռված բոլոր գործընկերների հետ:

Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել