tert.am: Նախնական նպատակն այն էր, որ մենք հասնեինք վարչապետի հրաժարականին, որը եղավ և որով իսկ պայմանավորված է արտահերթ ընտրություններ լինելու հանգամանքը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր շրջանակներ այժմ ակնկալում են, որ ընդդիմությունը վարչապետի թեկնածու կառաջադրի առաջիկա նիստերին, քանի որ հայտնի է, որ մայիսի 3-ին վարչապետի ընտրության հարցն է քննարկվելու:
Նրա խոսքով՝ այդ առումով, պետք է գնան հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների իրականացմանը:
Դիտարկմանը՝ սա նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո 2 անգամ էլ ԲՀԿ-ն չի առաջադրի վարչապետի թեկնածու, Մելքումյանը պատասխանեց.
«Ես ասացի այն, ինչ ասացի, այսինքն՝ մենք գնում ենք արտահերթ ընտրությունների, որը լինելու է հունիսի 20-ին, թե ոնց, ինչ, ընթացակարգերն արդեն թելադրում են: ԲՀԿ-ն ցուցակի հարց չի քննարկում, դեռ վաղ է: Մենք արդեն քննարկել ենք, և վերահաստատում ենք, որ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցելու է միայնակ և դրան գնալն էլ ինքնանպատակ չի: Նախորդիվ հաստատել ենք, և հիմա պնդում ենք, որ վերջին 15 տարվա ընթացքում, լինելով մշտապես պառլամենտում ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով 2-րդ քաղաքական ուժը, մի շարք ուժեր գնացին ու եկան, բայց մենք մնացինք մեր տեղում»,- ասաց Մելքումյանը՝ կարևորելով, թե թիմն ում հետ և ինչ ծրագրով է գնում ընտրությունների։
«Այս փաստը վերահաստատում է, որ մենք պետք է գնանք հաղթելու, դա լինելու է, և ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Այդ հաղթելու հանգամանքը չի ենթադրում, որ որևէ քաղաքական ուժ 50+1 տոկոս ձայն ստանալու է: Լինելու է բալանսավորված իշխանություն, բայց նորից վերահաստատում եմ, որ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար»,- ասաց Մելքումյանը:
comment.count (0)