Սևանա լիճը ջրիմուռներից մաքրելու համար առաջարկվում է կոմպլեքս համակարգի ստեղծում․ «Փրկենք Սևանա լիճը» դրամահավաք է կազմակերպել
15:29 - 11 մայիսի, 2021

Սևանա լիճը ջրիմուռներից մաքրելու համար առաջարկվում է կոմպլեքս համակարգի ստեղծում․ «Փրկենք Սևանա լիճը» դրամահավաք է կազմակերպել

«Փրկենք Սեւանա լիճը» նախաձեռնությունը կազմակերպել է դրամահավաք, որի նպատակն է հավաքել 500․000 ԱՄՆ դոլար՝ Սեւանա լճում առաջացող ջրիմուռների որսման եւ անվնաս ոչնչացման նպատակով կոպլեքս համակարգ ստեղծելու համար։ Նախաձեռնությունը սկսվել է դեռ 2012 թվականից, այն գործել է տարբեր հարթակներում, բայց այդ հարթակներից արդյունք չտեսնելու պատճառով նախաձեռնության անդամները ստեղծվել են «Save lake Sevan» նոր նախաձեռնությունը, որն էլ նպատակ ունի մաքրել Սեւանա լիճը ջրիմուռներից։

Նախաձեռնության համակարգող Հարություն Գեւորգյանը Infocom.am-ի հետ զրույցում պատմեց, որ խնդիրը մեկ գործողությամբ անհնար է լուծել, այն պահանջում է կոմպլեքս լուծում․ Սեւանա լիճը ամբողջությամբ մաքրել եւ հետո էլ այն մաքուր պահելու համար երկարատեւ աշխատանք կատարել։

«Մեր նախաձեռնության նպատակը նորարարական տեխնոլոգիա օգտագործելն է, որը ավելի կարագացնի գործընթացը, այն կոմպլեքս լուծման վերջին մասնիկն է, մենք նշում ենք, թե որ կետերն են արդեն սկսված, ի դեպ՝ դրանց մի մասը սկսել ենք մենք, մի մասը՝ հենց Շրջակա միջավայրի նախարարությունը, մի մասը՝ տարբեր սրտացավ մարդիկ, որոնք, օրինակ, զբաղվում են ափամերձ տարածքների մաքրմամբ։ Մեր առաջարկը ջրիմուռների մաքրման համար նախատեսված մեխանիզմ ստեղծելն է, որը մի քանի երկրներում հայտնի տեխնոլոգիա է, բայց մեր երկրում մենք ունենք ավելի կատարելագործված տարբերակը եւ հիմա առաջարկում ենք դրա սկսման աշխատանքները, այսինքն՝ դա էլ ստեղծենք, որպեսզի այն դառնա վերջնական, ամբողջական, կոմպլեքս լուծումների ընթացք»,- հավելեց Գեւորգյանը։ 

Վերջինս ընդգծեց, որ իրենք լուծում ունեն նաեւ զվարճանքի կենտրոններից, ռեստորաններից եւ Սեւանա լճի հարակից բնակավայրերի մեծ մասից տարբեր ճանապարհներով Սեւանա լիճ լցվող կոյուղաջրերի խնդրի համար․ դա  սեպտիկ (ոչ մեծ քանակությամբ կենցաղային կեղտաջուր մաքրելու կառույց) համակարգ է՝ կատարելագործված տարբերակով․

«Աշխարհին հայտնի սեպտիկ համակարգերը չունեն, այսպես ասած, մինչեւ վերջ ֆիլտրացում։ Մենք ունենք նաեւ դրանց կատարելագործված տարբերակը, որոնք իրականացնում են քառաստիճան մաքրում, 95-98 աստիճան մաքուր ջուր տրամադրելու հնարավորություն են ստեղծում։ Ռիսկի չեմ դիմի եւ չեմ ասի՝ խմելու ենթակա ջուր է լինում, բայց ոռոգման համար պիտանի ջուր կարող ենք ստանալ։ Դրանք, բնականաբար, շատ հարմար եւ լավ տարբերակ են նման զվարճանքի կենտրոններում օգտագործելու համար, եւ նաեւ կարելի է օգտագործել մարզի բնակավայրերում, գյուղերում, որտեղ բացակայում են կոյուղիները։ Եթե չեմ սխալվում՝ միայն Սեւան քաղաքում է, որ կոյուղաջրերը չեն լցվում Սեւանա լիճ։ Այսինքն՝ այստեղ հարցը միայն տնտեսվարող սուբյեկտներին չի վերաբերում, այլ նաեւ բնակավայրերին»,- մանրամասնեց Գեւորգյանը՝ նշելով, որ իրենց դրամահավանքի գլխավոր նպատակը ջրիմուռներ որսացող եւ դրանք անվնաս ոչնչացնող համակարգի ստեղծումն է։ 

Մեր զրուցակիցն ասաց, որ մյուս հարցերին կանդրադառնան՝ կախված դրամահավաքի տեմպից։

«Փորձելու ենք օգնել այն մարդկանց, որոնք արդեն որոշակի աշխատանքներ սկսել են, կամ ինքներս ենք նախաձեռնելու նոր ծրագրեր, որոնց մեջ մտնում է նաեւ սեպտիկ եւ ֆիլտրող համակարգերի ձեռքբերումը։ Ինչ վերաբերում է առհասարակ Սեւանա լճի խնդիրներին, այդտեղ եւս մեկ խնդիր կա, որը շատ կարեւոր է՝ չնայած այս ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ են տարվում՝ քիմիական պարարտանյութերի օգտագործումն է տարածաշրջանում։ Դրա համար էլ մենք ունենք լավագույն լուծումներից մեկը, ինչպես արդեն նշեցի՝ ջրիմուռների խնդիրը լուծելուց հետո կանցնենք մյուս խնդիրներին, որոնցով զբաղվում են սրտացավ մարդիկ, գերատեսչությունները»,- հավելեց նախաձեռնության համակարգողը։

Այն հարցին, թե ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ նախաձեռնության գաղափարներն իրականացնելու համար, Գեւորգյանը պատասխանեց, որ կես միլիոն դոլարը, բնականաբար, բավարար չէ, որպեսզի ամբողջապես հնարավոր լինի մաքրել Սեւանը եւ ազատվել խնդրից։ Գումարը բավարար է ջրիմուռները որսալու եւ անվնաս ոչնչացնելու կոմպլեքս համակարգի ստեղծման գործընթացն սկսելու համար։ Գեւորգյանի կարծիքով՝ պետք է ունենալ մեկից ավելի նման համակարգ։ 

«Դրանից պետք է մի քանի հատ ունենալ, բայց քանի որ այս պահին մենք դրա օրինակը չենք տեսել եւ չենք փորձել, չենք կարող ասել, թե մեկ համակարգը որքան տարածություն կարող է մաքրել, կհասցնի՞ մաքրել լճի ամբողջ տարածքը, թե՞ ոչ։ Պետք է ունենալ, փորձարկել եւ հասկանալ, թե քանի հատ է մեզ պետք, որը ձեռք կբերենք հետագայում։ Նախարարության արած աշխատանքների մասով կարող եմ ասել, որ, բնականաբար, երբ աշխատում է մեկ հոգի, չի կարող միանգամից արդյունք տալ, դրա համար մենք գնահատում ենք բոլոր սրտացավ խմբերի կատարած աշխատանքը։ Ես կարծում եմ, որ Սեւանա լճի խնդիրների լուծումն այդպես պետք է տանք՝ միավորվելով, քանի որ դա բոլորիս խնդիրն է»,- ընդգծեց նախաձեռնության համակարգողն ու հավելեց, որ եթե բոլորը մտածեն, թե սա իրենց խնդիրը չէ, այլ ուրշների պարտքն է, հարցը երբեք լուծում չի ստանա։ 

«Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ Սեւանը մերն է, եւ բոլորս պետք է անհանգստացած լինենք եւ փորձենք լուծել խնդիրները։ Տվյալ պահին հայության միայն մեկ տոկոսն է հարկավոր, որպեսզի սկսենք համակարգված լուծումը, այսինքն՝ հիմա 500․000 դոլար հավաքելու համար պետք է, որ մեր հայության 1 տոկոսը 5 դոլար ներդրում անի, պետք է միավորվի, հասկանա խնդրի ամբողջ լրջությունը եւ դրա ամբողջական լուծման առաջին քայլի փոքր լինելը։ Երբ մեկնարկը տրվի, դրա կանգնեցումը կլինի անիմաստ»,- եզրափակեց Հարություն Գեւորգյանը։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել