ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Կողմերը կարեւորել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ է վկատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, եւ խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
Վահե Էնֆիաջյանը բարձրացրել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարեւորել է միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը եւ գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում:
Զրուցակիցները փաստել են գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա:
comment.count (0)