Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից մեր պետական սահմանը խախտել են։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից խախտվել է մեր պետական սահմանը ամբողջ ճակատով, ու մինչև այսօր բանակցություններն արդյունք չեն տվել, և իրենք գտնվում են մեր տարածքներում։ Չգիտեմ՝ բանակցային փուլն ինչ ընթացք է տվել, լավ, թե վատ, բայց այսօրվա դրությամբ արդյունք չկա։ Խնդիրն այն է, որ հակառակորդի ԶՈՒ-ն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահի դրությամբ էլ 30 հոգի խախտել են մեր սահմանը, ու անընդհատ բրդում են կռվի, պատերազմի»,- ասել է նա։
Ըստ Մելիքսեթ Պողոսյանի՝ անհրաժեշտ է ստեղծել եռակողմ հանձնաժողով, օգտագործել 1969 թվականի քարտեզը, բոլոր քաղվածքները, հրամանները․ «Մեր պետական սահմանը հստակ պիտի գծվի, թե չէ ամեն օր այսպես է լինելու։ Այս պահի դրությամբ ոչ թե հանձնաժողովն է բանակցում, այլ մեր զորքը իրենց զորքի հետ։ Սա անթույլատրելի է»։
Մելիքսեթ Պողոսյանը ասաց նաև, որ ադրբեջանական կողմը չի ներկայացել մայիսի 19-ի բանակցություններին։
comment.count (0)