1lurer.am: ԱԺ հատուկ նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «2021 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառման արդյունքում առաջացած իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող գործողությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Քվեարկության արդյունքներով նախագիծը մերժվեց: Կողմ քվեարկեց 25 պատգամավոր, «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանի հատուկ նիստում նախագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Տեղեկանալով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչների միջև վերը նշված տարածքներում ընդհարումների մասին, ինչի հետևանքներն անկանխատեսելի են ու կարող են անդառնալի լինել բոլոր կողմերի համար,
Լսելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021 թվականի մայիսի 20-ի նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն առ այն, որ նա պատրաստվում է ստորագրել միջպետական փաստաթուղթ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև շփման գծի որևէ ձևով կանոնակարգմանը,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը՝
ՀՀ ԱԺ-ն հայտարարում է՝
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝
- 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 2-րդ և 3-րդ մասերի՝
Ազգային ժողովը վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին, ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել:
- 205-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝
Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:
Միաժամանակ հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետ կապված ցանկացած գործողություն ուղղակիորեն ներառում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու և հատկապես՝ սահմանային բնակչության մարդու իրավունքների խնդիրները, որոնց հետ կապված ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր վավերացման ենթակա է:
Սահմանազատման գործընթացի հետ կապված ցանկացած փաստաթուղթ, որը հաշվի չի առնի մարդու իրավունքները, ուղղակիորեն կհակասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, մարդու իրավունքների միջազգային իրավունքին և իրական կյանքում կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական շահի, սահմանային բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների շարունակությանը, ինչն այսօր տեղի է ունենում:
Հնարավոր ճնշումների կամ ազատ կամքի արտահայտումը բացառող ցանկացած դրսևորման արդյունքում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը հղի է ազգային և պետական շահի ստորադասման, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմանների, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման առնչությամբ անբարենպաստ և անդառնալի հետևանքերի առաջացմամբ, հայ ժողովրդի ապագա սերունդների համար ծանր բեռ առաջացնելու և միջազգային իրավունքով երաշխավորված արդարության վերականգնման իրավունքից զրկելու վտանգով:
Կոչ ենք անում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ձեռնպահ մնալ միանձնյա որոշումներ կայացնելուց, որոնք վերաբերում են ողջ հանրությանն ու պետությանը, ինչպես նաև ազգի ապագային»,- ասված է հայտարարության մեջ:
comment.count (0)