Գյուղատնտեսական այն հողերը, որոնք չեն մշակվում, պետք է հարկվեն կրկնակի կամ քառակի, իսկ մասնատված հողամասերը անհրաժեշտ է միավորել․ Արթուր Ամիրաղյան
15:51 - 24 մայիսի, 2021

Գյուղատնտեսական այն հողերը, որոնք չեն մշակվում, պետք է հարկվեն կրկնակի կամ քառակի, իսկ մասնատված հողամասերը անհրաժեշտ է միավորել․ Արթուր Ամիրաղյան

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հանդես է եկել «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով, որի արդյունքում պետք է կրճատվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի քանակը։

Infocom.am-ի հետ զրույցում Նոյեմբերյանի բնակիչ, գործարար Արթուր Ամիրաղյանը պատմեց, որ խնդիրը ոչ միայն մեկ համայնքում է, այլ՝ ամբողջ հանրապետությունում՝ որոշակի տարբերություններով։

«Ես 2012 թվականից գեոդեզիայի չափագրման կազմակերպություն ունեմ, որը զբաղվում է հողերի չափագրումով և համապատասխան ծառայություններ է մատուցում։ Առաջին իսկ օրից այս հարցը ինձ սկսել է հուզել և գնալով դարձել է ավելի ակնառու։ Ցանկացած զարգացում սկսում է հողից։ Ինչ-որ պլատֆորմ է պետք մարդուն, որպեսզի նա ներդրում անի․ այս հողային խնդիրը սկսել է բոլորին խանգարել։ Քանի որ համայնքներից օտարվող հողամասերը գնալով վերջանում են, եթե նախկինում մեկը մի բան էր ուզում անել՝ դիմում էր համայնքին և համայնքը հող էր վաճառում իրենց։ Հիմա համայնքային և պետական սեփականության հողամասերն էլ են բավականին սակավ դարձել․ որոնք էլ դեռ կան, անբարենպաստ դիրքում են և հետաքրքիր չեն բիզնեսմեններին»,- ասաց Ամիրաղյանը։

Վերջինս հավելեց, որ, օրինակ, Նոյեմբերյանի տարածաշրջանում խնդիր է անգամ մանկապարտեզի համար տարածք գտնելը։ Այս հարցը սկսել է դառնալ խոչընդոտ ու խանգարող ոչ միայն բիզնեսին, այլ անգամ երկրին։

«Ես սկսեցի ավելի խորը ուսումնասիրել այս խնդիրը։ Այս խնդրի հիմնական արմատները սեփականաշնորհման սխալ մոտեցումից է, քանի որ սեփականաշնորհումը բավականին մասնատված ձևով են արել․ ենթադրենք 10 հա բերրի հողակտոր է եղել, որոշել են փոքր կտորներով սեփականաշնորհել և ստացվում է, որ այդ հողակտորը, օրինակ, 200 սեփականատեր ունի։ Բնական է, որ յուրաքանչյուր 800 քառակուսի մետր հողակտորի սեփականատիրոջ հետաքրքիր չէ այդ հողամասի վրա որևէ գործունեություն ծավալելը, որովհետև այն շատ փոքր է․ ինչ էլ անում է, եկամուտ չի ստանում, և այդ հողամասերը շարունակում են մնալ չօգտագործվող։ Երկրորդ կոմպոնենտը, որը խանգարում է, ՀՀ-ից ՌԴ կամ այլ երկրներ գնացած մարդիկ են, որոնք ֆիզիկապես այստեղ չեն և չեն կարողանում իրենց հողը մշակել։ Իրենց ինչ-որ առումով նույնիսկ հետաքրքիր չէ։ Այդ մարդկանց 50%-ը նույնիսկ չգիտեն, թե իրենց հողամասը ֆիզիկապես որ հատվածում է, ուղղակի գիտեն, որ իրենք ունեն, օրինակ, 800 քառակուսի մետր հողամաս, բայց եթե ասես՝ այս տարածքում գնա ցույց տուր, թե որն է քո 800 քառակուսի մետրը, մեղմ ասած, չի իմանա»,- նշեց Ամիրաղյանը, հավելելով, որ 1991 թ․-ին այդ հողամասերը սեփականաշնորհվել են, ունեն սեփականության իրավունքի հիմքեր։

Ամիրաղյանը ասաց, որ որոշակիորեն ուսումնասիրել է ոլորտն ու դրանում առկա խնդիրները։ Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի մի մասն անգամ 1991 թ․-ից հետո չի եկել Հայաստան և անգամ չունի սեփականության վկայականը, բայց առկա հիմքերով, փաստաթղթերով ինքը սեփականատեր է, և մենք պետք է դրա հետ հաշվի նստենք։ Մենք չենք կարող ասել՝ վերջ, դու էլ սեփականատեր չես։

Մեր զրուցակիցը պատմեց․ «Երրորդ կոմպոնենտը այն է, որ ոռոգման ջրի կամ այլ առկա խնդիրների պատճառով չեն մշակվում։ Մենք փորձեցինք մի փոքր հատվածում միավորել այդ հողերը, բախվեցինք իմ ասած երկու կոմպոնենտներին։ Օրինակ, եթե ուզում ես մեկ հա հողատարածք միավորել, պետք է շփվես 10 հոգու հետ, եթե դրանցից մեկն էլ չի լինի, ստացվում է՝ դու ունենում ես մասնատված հողամաս։ Երկրոդն էլ՝ նրանց մի մասը ՌԴ-ում էին, փորձեցինք բանակցել նրանց հետ․ մարդիկ կան՝ ասում են՝ ոչ վաճառում եմ, ոչ մեկ այլ բան։ Ասում են՝ կարող է մեզ 20 տարի հետո պետք է գալիս, դե, սեփականություն ունի, չես կարող ասել՝ որ այդ ժամանակ պետք գա՝ կառնես էլի։ Դու 30 տարի չես օգտագործել, դրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ուսումնասիրել նաև օրենսդրական բացերը, հասկացա, որ բոլոր տեղերում նույն վիճակն է։

Մեկ այլ հարց է և ֆինանսական կոմպոնենտը, երբ հողի սեփականատերը տեսնում է, որ դու մյուսների հետ ընդհանուր հայտարարի ես եկել, գնել և միավորել հողերը, ինքն իր հողի գինը կարող է շուկայականից 5 անգամ ավել թանկ ասել։ Սկսեցինք ուսումնասիրել օրենսդրական դաշտը, այն հնարավորություններ է տալիս այդ ամեն ինչը կարգավորել։ Եթե գյուղատնտեսական նշանակության հողը 3 և ավելի տարի չի օգտագործվում, պետությունը իրավունք ունի վերցնել։ Իհարկե, կան գործընթացներ, բայց տեսականորեն դա հնարավոր է, որովհետև այդ հողերը չմշակելու դեպքում դրանք ենթարկվում են կորոզիայի, և եթե նույնսիկ հետ չեն վերցնում, կարող են նաև վարչական պատասխանատվություն սահմանել»։ 

Գործարարի խոսքով՝ երբևէ ականատես չի եղել նման պրակտիկայի, երբ գյուղատնտեսական հողը չօգտագործման դեպքում վերցնեն սեփականատիրոջից։ Իրավական տեսանկյունից այս գործընթացը բարդ է, որովհետև կարող են լինել օրենքներին, Սահմանադրությանը հակասող իրավիճակներ։

«Իմ առաջարկը, որն ավելի պրակտիկ է և ավելի մոտ է բիզնեսին, այն է, որ գյուղատնտեսական այն հողերը, որոնք չեն մշակվում, պետք է հարկվեն կրկնակի կամ քառակի, այսինքն՝ հարկերը ավելանան։ Պրակտիկ խնդիր է․ եթե մարդը չի օգտագործում այդ հողատարածքը, պետությանը զրկում է հավելյալ արժեք ստեղծելու հնարավորությունից, ինքը թող հարկվի մի քանի անգամ ավել։ Դրա արդյունքում կամ նա կսկսի մշակել իր հողը, կամ վարձակալության կտա մեկ այլ մարդու, կամ կվաճառի։ Կարծում եմ, որ մինչև օրենսդրական դաշտում փոփոխություններն արվեն և դրանից հետո դրանք սկսեն կիրարկվել ապա մեկ-երկու տարուց ավելի կանցնի, ու դրա համար այս տարբերակն ավելի արագ կգործի և չի էլ խոչնդոտի այլ հողաշինարարակն մեխանիզմների կիրառմանը։ Հողաշինարարական մի քանի մեխանիզմներ կարող են լինել, բայց արդեն խորը քննարկումներ և վերլուծություններ են անհրաժեշտ, քանի որ կապ ունի սեփականության սահմանադրական իրավունքի հետ»,- ընդգծեց գործարարն ու նշեց, որ որոշ դեպքերում գյուղատնտեսական հողերի չմշակումը արդարացված է, քանի որ դրանք կամ մոտ են սահմանին։ Ամիրաղյանը, սակայն, շեշտեց, որ դրանք շատ քիչ են դեպքեր են՝ ամբողջի մեջ մի կաթիլ։

«Չեմ կարծում, որ հողամասերի նման կտրտվածության պարագայում մոտ ապագայում հնարավոր, ինչ որ պարագայում նաև արդյունավետ է, որ պետութունը բոլորին ջուր հասցնի։ Հատկապես 800-1000 քառակուսի մետր հողատարածքի դեպքում դա անարդյունավետ է։ Ես համոզված եմ, որ, եթե, օրինակ, մի բիզնեսմենի հատկացվի 5 հեկտարից ավելի հողամաս, ապա նա կլուծի ջրի հարցը․ կա՛մ ներդրում կանի, կա՛մ պետության կողմից կսուբսիդավորվի։ Հողերի սեփականատերերի մեծ մասը այսօր ունի իր մասնագիտությունը և աշխատանքը․ պետությունը ինչ էլ անի, այդ մարդկանց մեծամասնությունը հողագործությամբ չեն զբաղվելու։ Այսօր գյուղատնտեսության զարգացման ամենամենամեծ խնդիրը հողերի միավորումն է, որովհետև 800 քառակուսի մետրի մշակումը տնտեսապես որևէ մեկին շահավետ չէ»,-եզրափակեց Ամիրաղյանը։»,-եզրափակեց Ամիրաղյանը։

Infocom․am-ը թեմայի վերաբերյալ զրուցեց նաև 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանի հետ, ով ընդգծեց, որ նախագիծը բացարձակապես վերաբերում է համայնքի կողմից վարձակալությամբ տրված հողերին, որոնք չեն օգտագործվում իրենց նպատակային նշանակությամբ։

«Ընդունենք իրավիճակ, երբ վարձակալությամբ տվել են հողը, որպեսզի տվյալ դեպքում կոնկրետ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կազմակերպի երեխաների համար նախատեսված զվարճանքի հատված, բայց դրա փոխարեն պայմանական ասած այլ գործունեություն է ծավալել, որը չի համապատասխանում վարձակալության պայմանագրում նշված նպատակային նշանակությանը։ Այս դեպքում գործող կանոնակարգերով համայնքը պետք է դիմի դատարան, դատական կարգով շատ երկար ընթացակարգ անցնի և դրանից հետո լուծարի պայմանագիրը։ Մենք առաջարկում ենք, որ նմանատիպ պայմանագրերը լուծարվեն արտադատարանական կարգով։ Ներդրել ենք ծանուցման համակարգ, որ ինքը կարող է ծանուցվել, ներկայացվեն բոլոր հիմքերը և եթե կողմը չի առարկում, պայմանագիրը լուծվում է։ Եթե կողմը ունի առարկություն, ապա կարող է դատական կարգով վիճարկել այդ համայնքի ղեկավարի որոշումը և այդ ժամանակ որոշման գործունությունը կասեցվում է։ Նույն ռեժիմը գործում է նաև գյուղատնտեսական հողերի վրա, որտեղ նույն նախագծով առաջարկվում է, որ հողերը վարձակալության տան ոչ թե 25 տարով, այլ՝ 49։ Այսինքն՝ հնարավորություն է տրվում, որ համայնքը ավելի երկար ժամանակով կարողանա վարձակալության տալ․ տվյալ դեպքում գործում է այն կանոնակարգումը, որ պետությունը հնարավորինս քիչ միջամտի տնտեսվարող-համայնք հարաբերություններին և պայմանագրերի հետ կապված ազատ թողնի։ Նախագիծը սա է»,- մանրամասնեց Բաղդասարյանը։ 

Խոսելով հնարավոր ռիսկերի մասին՝ պատգամավորը շեշտեց, որ վարձակալության պայմանագրերի առումով որևէ ռիսկ չկա, այսինքն՝ վարձակալության իրավունքը սահմանադրական իրավունքի տեսակետից ամրագրված իրավունք չէ, որպես իրավունք օրենքով է նախատեված։ Մեր զրուցակցի խոսքով՝ օրենքով թույլատրվում է այդ պայմանագրերի լուծումը նախատեսել նաև արտադատարանական կարգով։ Բաղդասարյանի կարծիքով՝ այս նախագծի ընդունումից հետո հնարավոր է մասամբ լուծել նաև արդեն սեփականությամբ տրված հողատարածքների խնդիրները։

«1990-ականներից մասնավորեցրել են հողակտորները, որպեսզի մարդիկ զբաղվեն գյուղատնտեսությամբ, բայց այդ հողերը այնքան փոքր ծավալ ունեն, որ մշակումը ձեռնտու չէ, որովհետև իրենք ո՛չ կարողանում են այդ հողերը իրացնել և եկամուտ ստանալ, ո՛չ էլ կարողանում են այդ հողերը մշակել, քանի որ այդ հողերի ծավալը փոքր է։ Տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս, այդ թվում՝ ոռոգման ջրի բացակայության հետ կապված, և այդտեղ ներդրում անելը ձեռնտու չէ, բայց այդ խնդիրը կարելի է լուծել միայն այլ, փոխկապակցված ինստիտուտների հետ միասին։ Այդ ինստիտուտներից մեկն այն է, որ պետությունը մոնիտորինգ է անում, որպեսզի ասի, թե երեք տարի հետո կոնկրետ հողակտորը մշակվում է, թե ոչ, և թե ինչ է նշանակում հողի մշակումը»,- հավելեց Բաղդասարյանը։

Վերջինիս կարծիքով՝ հարկերի ավելացումը ճիշտ ճանապարհ չէ։ Կոնցեպտը կայանում է նրանում, որ, կա՛մ տվյալ անձանց համայնքը տա փոխհատուցում շուկայական արժեքի չափով, կա՛մ տվյալ անձինք հնարավորություն ունենան կոնսեսիոն պայմանագրով կառավարման հանձնել իրենց հողերը որևէ մարմնի, որպեսզի այդ հողերի շահագործման արդյունքում իրենք ունենան իրենց եկամուտը։

«Ես հարկերի ավելացման տարբերակին հակված չեմ։ Ընտրություններից հետո անպայման կանդրադառնանք նաև այն հողամասերին, որոնք սեփականություն են, բայց չեն մշակվում։ Կա նաև նման նախագիծ մշակելու տեսլական, որի արդյունքում մշակվող հողերի քանակը կմեծանա»,- եզրափակեց Բաղդասարյանը։

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում որոշվել է հարցի քվերակությունը հետաձգել։

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել