ԵԽԽՎ բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|
12:41 - 16 ապրիլի, 2019

ԵԽԽՎ բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում․ Վլադիմիր Վարդանյան |hetq.am|

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունած փողերի լվացքատունը դատապարտող բանաձևի զգալի մասը վերաբերում է ադրբեջանական լվացքատանը։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրուցում ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ամփոփելով այցի արդյունքները։
«Հետաքրիր քննարկում էր ծավալվել գլոբալ և ադրբեջանական լվացքատան հետ կապված, փողերի լվացման համակարգի վերաբերյալ, որում ներգրավված են եղել մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ: Բանաձևը մեծ սատարում ստացավ ԵԽԽՎ-ի կողմից, մեծ հատված վերաբերում էր ադրբեջանական լվացքատանը»,- ասաց Վարդանյանը։

Պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ադրբեջանցի պատվիրակները ապակառուցողական ելույթներով են հանդես եկել նստաշրջանի ընթացքում, որոնց հայկական պատվիրակության անդամները համարժեք պատասխաններ են տվել։

Ռուբինյանը հիշեցրեց, որ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգ է մեկնել վարչապետ Փաշինյանը, ելույթով է հանդես եկել, ապա հարցեր են հնչել։

«Վարչապետի ելույթը երկու մասից էր բաղկացած՝ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների, և երկրորդ մասը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը: Շատ կարևոր է, որ այդ հարթակից ևս ներկայացրեց մեր դիրքորոշումներն ու առաջնահերթությունները, ներառյալ Արցախին բանակցությունների սեղանին ներգրավելու հարցը»,- ասաց Ռուբինյանը։

ԵԽ 22 պատգամավորներ նամակ են հղել եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ հորդորելով պատժամիջոցներ կիրառել «Տրոյկա լվաքատան» մեջ ներգրավված երկու անձանց՝ Ռուբեն Վարդանյանի և Վլադիմիր Ռոմանովի նկատմամբ: Մեր հարցին, թե այս մասին ինչ քննարկումներ են եղել, և որն է հայկական պատվիրակության դիրքորոշումը, Վարդանյանը պատասխանեց.

«Տրոյկա լվացքատան հետ կապված այդ փոքրիկ փոփոխությունն ամբողջ զեկույցում իրականացվել է մարտ ամսին՝ Փարիզում տեղի ունեցած իրավական հարցերով կոմիտեի նիստից հետո: Կոմիտեի քննարկումները ծավալվում էին այն ըմբռմամբ, որ ԵԽԽՎ-ն պետք է դատապարտի ընդհանրապես լվացքատունը՝ որպես երևույթ, և այս տեսանկյունից լվացքատան որևէ հարց չպետք է դուրս մնա զեկույցից։ Այնտեղ մի փոքր հատված է ավելացվել, որում հիշատակվում է Ռուբեն Վարդանյանի անվանումը՝ որպես սեփականատերերից մեկը:

Բանաձևի մեջ թեև ընդգծվում է Տրոյկա լվացքատուն արտահայտությունը, բայց որևիցե անուն չի հիշատակվում»,- ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ չնայած զեկույցը վերաբերում է փողերի լվացքատանն առհասարակ, սակայն զեկույցի գերակշիռ մասը վերաբերում է ադրբեջանական լվացքատանը։

Հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանն էլ ասաց, որ բանաձևի մի ամբողջական հատված քննադատվում է միայն նրա համար, որ լվացքատունը հայտնվել է ԵԽԽՎ-ում։

«ԵԽԽՎ-ի  քայլերից մեկն էլ այն է, որ իր հեղինակությունը մաքրի»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել