tert.am: Մինսկում օրերս վայրէջք կատարած Ryanair-ի օդանավում ձերբակալված ընդդիմադիր գործիչ, բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը խոստովանել է, որ 2020 թվականին Բելառուսում անկարգություններ է կազմակերպել: Համապատասխան հայտարարությունը նա արել է բելառուսական ONT պետական հեռուստաընկերության եթերում, հաղորդումներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:
NEXTA նախագիծը դարձել է Մինսկում և երկրի այլ խոշոր քաղաքներում զանգվածային ցույցերի մասնակիցների համակարգման հիմնական միջոցը: Դրա հիմնադիրն ընդգծել է, որ ինքն ընդունել է իր մեղքը:
«Հրապարակածս կոչերը նպաստել են նրան, որ փողոցում անկարգություններ են սկսվել, և Մինսկը 3 օր ապրել է քաոսային իրավիճակում»,-ասել է Պրոտասևիչը:
Հարցազրույցի սկզբում, որը հեռարձակվել է հեռուստաալիքի կայքում, Պրոտասևիչն ընդգծել է, որ ինքնակամ է համաձայնել զրույց ունենալ հեռուստահաղորդավար Մարատ Մարկովի հետ: Բլոգերի ենթադրությունների համաձայն՝ նրա գործընկերները բացասաբար կարձագանքեն այս հանդիպմանը և կսկսեն հրապարակավ դատապարտել իրեն: Միաժամանակ նա ընդգծել է, որ իրեն չի հետաքրքրում նրանց խոսքերը:
Հարցազրույցից մի քանի օր առաջ, երբ Պրոտասևիչը դեռ Մինսկի քրեակատարողական հիմնարկում էր, լրագրողի մայրը տեղեկացրել է, որ նրան խոշտանգել են տեղեկատվություն ստանալու նպատակով: Լրագրողները և բժիշկները կադրերում նկատել են հետքեր:
Բացի այդ, լրագրողի ձայնը հաճախ դողացել է, իսկ զրույցի վերջում նա չի դիմացել ու արտասվել է: Բլոգերն ասել է, որ ինքը մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն և մասնակցել «կեղտոտ խաղերի»:
«Ես ուզում եմ հուսալ, որ կարող եմ ամեն ինչ շտկել և ապրել սովորական հանգիստ կյանքով, ունենալ ընտանիք, երեխաներ, դադարել ինչ-որ բանից փախչել»,-ասել է Պրոտասևիչը:
Ռոման Պրոտասևիչը բացահայտել է NEXTA հեռուստաալիքի և բելառուսական ընդդիմության ֆինանսավորման աղբյուրները, որոնց առաջնորդը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան է: Երկու նախագծերն էլ, ըստ բլոգերի, հովանավորվում են դրսից:
Այսպես, նա նշել է, որ Տիխանովսկայան միջոցներ է ստանում լիտվացի հարկատուներից, շահագրգիռ ձեռնարկատերերից և սփյուռքից: Միևնույն ժամանակ, NEXTA-ն հովանավոր ունի Ռուսաստանում: Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը սկզբում գումար էր ստանում միայն գովազդից և հետևորդների «նվիրատվությունից», այնուհետև հովանավորությանը միացել է ռուս օլիգարխ, որի անունը Պրոտասևիչը չի նշել:
«Ուշադրություն դարձրեք, որ անցած աշնանից NEXTA-ում գովազդ չկա: Եթե ինչ-որ լրատվամիջոց գովազդ չի ցուցադրում, դա նշանակում է, որ այն պահվում է ինչ-որ մեկի հաշվին»,-ասել է նա:
Մարկովի հետ զրույցում բլոգերը բացահայտել է իր կողմնակիցների անունները, որոնք նույնպես մասնակցել են NEXTA նախագծի հեղինակությանը և Բելառուսում անկարգությունների կազմակերպմանը:
Պրոտասևիչի նշած մարդիկ դեռ չեն մեկնաբանել նրա հարցազրույցը:
comment.count (0)