armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն ԱԺ արտահերթ նիստում բանավիճեցին՝ միմյանց մեղադրելով իրավիճակին չպատասխանող օրակարգեր բերելու, հանձնաժողովների, խորհրդի նիստերի չներկայանալու, Արտգործնախարարությունից բյուջետային քննարկումներում պատշաճ ներկայություն չապահովելու համար:
«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը դժգոհեց, որ նախորդ օրը բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստին չէր ներկայացրել Արտաքին գործերի որևէ փոխնախարար, նիստին ներկայացրել է ֆինանսական վարչության պետը: «Ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ն աշխատում է, որոշումներ, օրենքներ է ընդունում, մենք պետք է ինքներս մեզ հարգենք և այս հարցը աննկատ չթողնենք: Հարց ենք տալիս, ասում են, որ զբաղվածության պատճառով ԱԳ նախարարի որևէ տեղակալ չի ներկայացրել: Մենք մեզ հարգո՞ւմ ենք, թե՞ չենք հարգում, սա ինստիտուտ է, եթե քննարկումներ ենք անում, ուզում ենք օրենքներ ընդունել, ուրեմն գործադիրից պետք է պահանջել»,-ասաց նա ու հավելեց, որ երեկվանից չգիտեն, թե արտգործնախարարի պարտականություններն ով է կատարում, տեղակալներն ովքեր են:
Ըստ նրա՝ դա անհետևանք չպետք է թողնել, պետք է պահանջել, որ հանձնաժողովների նիստերին չներկայացած գերատեսչությունից որևէ բացատրություն տան:
Մելքումյանի ելույթին անդրադարձավ «Իմ քայլից» Վլադիմիր Վարդանյանը: «Վերջին անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները ե՞րբ են մասնակցել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստերին ե՞րբ եք մասնակցել»,-նշեց նա ու կարևորեց, որ ժողովուրդը հասկանա, թե ով է աշխատում ԱԺ-ում, ով՝ պարզապես ժամանցով զբաղվում:
Ինչ վերաբերում է պետական պաշտոնատար անձանց ներկայանալ-չներկայանալուն՝ Վարդանյանն ասաց. «Ձեզ պետք են ինստիտուտնե՞ր, թե՞ անձինք: Ինստիտուտները ներկայացված են, հարցերը քննարկվում են, բյուջետային քննարկումները շարունակվում են»:
Դրանից հետո «Բարգավաճ Հայաստան»-ից Արման Աբովյանն ասաց. «Այն օրակարգերը, որոնք դուք բերում եք պատերազմից հետո, հիմնականում չեն համապատասխանում այն իրավիճակին, որ տիրում է Հայաստանում: Գայինք արտադրական կանեփի նախագիծը քննարկեի՞նք ձեզ հետ»:
Նա հորդորեց Վարդանյանին «Բարգավաճ Հայաստան»-ին ցուցում չանել, թե երբ գան, որտեղ մասնակցեն, ինչ քվեարկեն: «Եվ մեծ հարց է, թե ով ինչ ժամանց է անցկացնում»,-նշեց Աբովյանը:
Մելքումյանը կրկին խոսեց այս թեմայով, որից հետո Վարդանյանը հիշեցրեց, որ իրենք ԱԺ-ում բոլորը ստանում են աշխատավարձ հարկատուներից: «Մեր քաղաքացիները ծանր եղանակով աշխատելով վճարում են հարկեր՝ մեզ համար: Յուրաքանչյուրս ունենք նույն լիազորությունները, յուրաքանչյուրս պարտավոր ենք հավասար աշխատել: Եվ, եթե մեկն առավոտից երեկո աշխատում է, մյուսը չկա, չի մասնակցում ոչ խորհրդի, ոչ հանձնաժողովի, ոչ էլ լիագումար նիստերին, արդյոք դա նորմա՞լ է, արդյոք դա համապատասխանո՞ւմ է ՀՀ շահերին և արդյոք այդ բացակայությունները չեն հանգեցնո՞ւմ այն քննադատությանը, որ ԱԺ-ն ստանում է ամեն օր»,-ասաց նա:
Այս թեմայով ելույթներ ունեցան նաև Ռուբեն Ռուբինյանն ու Լիլիթ Մակունցը:
comment.count (0)