Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն. Հայկ Չոբանյան
18:07 - 07 հունիսի, 2021

Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն. Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 7-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուին և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանին։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նատալիա Մոչուն Հայկ Չոբանյանին է ներկայացրել ՀՄՄ գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի հետ, արդեն ձևավորված համագործակցության արդյունքում, 2020թ. իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, Միության կողմից 2021թ. նախատեսվող առաջնահերթությունները։ Նա մանրամասնել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ էլեկտրակապի, թվային, ինժեներական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրենը առաջարկել է նաև  տեխնիկական աջակցության, փորձագիտական օգնության, փորձի փոխանակման ծրագրերում համագործակցության խորացում։ 

Նատալիա Մոչուն ընդգծել է, որ Հայաստանը ՀՄՄ լիիրավ անդամ է և շատ կարևոր է, որպեսզի հետագա գործակցության ուղղությունները մշակվեն՝ հիմքում ունենալով հայկական կողմի առաջարկները։

Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար, նշել, որ ՀՄՄ հետ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում։  Նա առանձնացրել է գործակցության երկու հիմնական ուղղություն՝ թվային հասանելիություն և կիբերանվտանգություն։ Նախարարի պաշտոնակատարը հատկապես կարևորել  է աշխատանքային հարաբերությունների հստակեցումը, առաջիկա մի քանի տարիների համար առաջնահերթությունների մշակումը և համագործակցության կառավարման մակարդակի զարգացումը։

«Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն։ Այս ոլորտը տնտեսության զարգացման հիմնական դերակատարն է երկարաժամկետ կտրվածքով։ Որքան ճիշտ համակարգենք մեր գործակցությունը՝ հնարավորինս առաջ նայելով և նախանշելով մեր նպատակները, այդքան ավելի մեծ կլինեն հաջողությունները նշված բոլոր ուղղություններով»,- ասել է Հայկ Չոբանյանը։ 

Հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին վերլուծել ներկայացված առաջարկները․ ըստ առաջնահերթությունների պատրաստել համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։

Օպերատորների միության  տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել  նպաստելու համագործակցության ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել