«Անկախ դիտորդը» դիմել է վարչական դատարան` պահանջելով տուգանել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանաին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Դանիել Իոաննիսյանը։
«Ինչպես գիտեք` ԿԸՀ-ն թերի հիմնավորված մի որոշում էր կայացրել, որով Ռոբերտ Քոչարյանի «գրքի» պաստառները պետք է հեռացվեին ու շատ քիչ բան էր արել` դատարանում այդ որոշումը պաշտպանելու համար (և դատարանը որոշումը ուժը կորցրած ճանաչեց)։
Նախորդ շաբաթ դիմել էինք ԿԸՀ նախագահին` պահանջելով տալ վարույթի նյութերի, Քոչարյանի հայցադիմումի ու ԿԸՀ առարկությունների պատճենները։ Սակայն Տիգրան Մուկուչյանը, կոպտորեն խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջները` մերժել էր տեղեկատվության տրամադրումը։
Արդյունքում, Տիգրան Մուկուչյանը, հակաիրավական այդ քայլով, ոչ միայն խախտել է դիտորդություն իրականացնող կազմակերպության իրավունքը, այլև հանրությունից գաղտնի է պահել այն, թե ինչ է ԿԸՀ-ն արել Ռոբերտ Քոչարյանի պաստառները հանելու ու հավասար մրցակցությունը ապահովելու համար։
Կարող ենք ենթադրել, որ ԿԸՀ նախագահը գնում է այդ քայլին, որպեսզի հանրությունից գաղտնի պահվի այն, որ ԿԸՀ-ն էապես թերացել է իր այդ գործում։
Հիմք ընդունելով վերոգրյալը և նպատակ ունենալով պաշտպանել ընտրությունների թափանցիկությունը, մենք դիմել ենք Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ԿԸՀ նապագահին տրամադրել այդ տեղեկատվությունը և վարչական պատասխանատվության ենթարկել Տիգրան Մուկուչյանին (ՎԻՎՕ 189.7 հոդվածով)։
Միաժամանակ, մեր դիտոդը վարչական դատարանում` օրենքով սահմանված կարգով ծանոթացել է գործի նյութերին (և դրանց բովանդակության հիման արվող քայլերի մասին կտեղեկացնենք առանձին)։
«Անկախ դիտորդը» շարունակում է դիտարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ու Վարչական դատարանին (ընտրական գործերի սահմաններում)»։
comment.count (0)