«Հանրային» հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական բանավեճի ընթացքում Հայաստանի եվրոպական կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Արման Աբովյանին․ «Եթե հանկարծ Ռուսաստանում սկսվի տնտեսական, քաղաքական քաոս, և Ռուսաստանը հեռանա այս տարածաշրջանից, դուք ի՞նչ եք առաջարկելու այդ դեպքում Հայաստանին, հայ ժողովրդին»։
Արման Աբովյանը նշեց, որ հասկանում է Ներսես Զեյնավանդյանի հարցի կոնտեքստը․ «Շտապեմ Ձեզ ուրախացնել, որովհետև Ռուսաստանը չի հեռանա տարածաշրջանից, տարածաշրջանից հենց Ռուսաստանը հեռացավ, տեղը զբաղեցնելու է Թուրքիան։ Ասում եք՝ եթե։ Իսկ եթե միջուկային պատերազմ սկսվի, ու բոլոր պետությունները վառվեն, եթե, օրինակ, եվրոն արժեզրկվի, և Եվրոպան գտնվի շատ վատ, ծանր սոցիալական վիճակում»․․․
Զեյնալվանդյանը հակադարձեց Աբովյանին․ «Ռուսաստանը 100 տարի առաջ հեռացավ՝ հեղափոխությունից հետո, մենք մեն-մենակ կարողացանք թուրքերին հետ շպրտել մինչև նրա վերադարձը, հետո նա նորից օկուպացրեց մեր երկիրը։ Ընդամենը 30 տարի առաջ Ռուսաստանը հեռացավ և այստեղից իր բոլոր զորքերը տարավ, և մենք ունեցանք հաղթանակներ և ազատագրեցինք Արցախը, մինչև 2020 թ․ Ռուսաստանը, օգտվելով միջազգային իրավիճակից՝ պանդեմիա և ԱՄՆ-ում ընտրություններ, Թուրքիայի հետ նախագծեց պատերազմ և նորից իր զորքը տեղակայեց, օկուպացրեց ամբողջ Արցախը, և հիմա էլ շարունակվում է լավրովյան ծրագիրը, այն է՝ մեզ կտրել Իրանի սահմանից»։
Ըստ Ներսես Զեյնալվանդյանի՝ հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանը լքելու է տարածաշրջանը։
«5165» ազգային պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Ղազարյանը նշեց՝ իր համար վիրավորական է, երբ Հայաստանը միշտ փորձում է ոչ թե որպես գործընկեր կամ դաշնակից հանդես գալ, այլ փրկիչ է փնտրում․ «Փոխանակ խոսենք՝ ինչ կարող ենք անել, որ արժեքավոր գործընկեր դառնանք, հզորանանք տնտեսապես և ռազմականապես, անընդհատ ինչ-որ փրկիչների փնտրտուքի մեջ ենք»”
«Ազգային-ժողովրդավարական բևեռից» Վահագն Ավագյանն ասաց՝ Լավրովն ինքը հայտարարում է, որ Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում կայունացնող գործոն է․ «Ռուս քաղաքագետները հայտարարաում են, որ իրենց ձեռնտու է, որ Արցախում լինի թուրքական դրոշ, ոչ թե ֆրանսիական կամ ամերիկյան, ռուսներն իրենք 250 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել, որ Արաքսից այս կողմ թուրքական զորք լինի, և այդ զորքը գտնվում է Արցախում՝ մեր հարազատ Ակնայում, և հետևում է, թե արցախահայությունն ուր է գնում, ինչ է անում, ռուսները հեռանում են այս տարածաշրջանից և ամեն ինչ անում են, որ իրենց փոխարեն տարածաշրջան մտնի Թուրքիան»։
Արման Աբովյանն ասաց, որ քաղաքականությունը պետք է կառուցվի միա՛յն հայակենտրոնության և հայամետության վրա․ «Բայց դրա հետ մեկտեղ ստիպված եմ հիշեցնել մի թուրք քաղաքական գործչի խոսքերը․ «Որ վայրկյանին Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, Թուրքիայի արևը կբացվի»։ Թուրքիայի արևն ե՞ք բացում»։
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքից» Հայկ Սուքիասյանը նշեց, որ քաղաքական պատմության չիմացության հետևանքով ով, ինչ ասես, կարող է խոսել․ «Ռուսաստանը երկու անգամ այստեղից հեռացել է, մեկը՝ 1918 թ․, մենք ստեղծել ենք Առաջին հանրապետություն, մյուսը Խորհրդային միության լուծարումն է ( ԽՍՀՄ-ի անցյալով տառապողներն ասում են փլուզում), մենք հիմնադրել ենք Երրորդ հանրապետություն։ Եթե մի բան կրկնվելու հատկություն ունի, ուրեմն օրինաչափություն է։ Ասում են, որ Ռուսաստանը չի գնա։ Ցարական Ռուսաստանը 12 անգամ Հայաստանի արևմտյան հատվածը գրավել է, 12 անգամ ժողովրդին հետը ծախել է Թուրքիային։ Վերջին անգամ մտել են Լոռիս-Մելիքովի զորքերի հետ, երբ հայությունը պառկել էր Լոռիս-Մելիքովի ձիերի սմբակների տակ և աղերսում էր փրկություն, բայց Լոռիս-Մելիքովի զորքը հասավ Կարս, հետո վերադարձավ»։
«Ինքնիշխան Հայաստան»-ից Հովսեփ Ղազարյանի կարծիքով՝ համոզմունքը, որ Ռուսաստանը չի հեռանալու, սխալ է․ «Հայաստանում պետք է ձևավորվի քաղաքական միտք, որը պետք է վերլուծի տարբեր սցենարներ։ Հինգ տարուց արդեն մենք խնդիր ունենք Արցախում խաղաղապահների հետ կապված․ ի՞նչ ենք անելու, երբ Ադրբեջանը հրաժարվի երկարացնել մանդատը»։
Ազատական կուսակցությունից Արամ Ղլեչյանն էլ նշեց՝ մենք չպետք է դատողություններ անենք՝ Ռուսաստանը կհեռանա՞, թե՞ ոչ․ «Մենք պետք է առաջնահերթ մտածենք մեր ազգային և պետական շահերի մասին։ Մնացել է չորսուկես տարի, չորսուկես տարվա ընթացքում մենք պետք է ստեղծենք այն բանակը, որն այլևս կախված չի լինելու ո՛չ Ռուսաստանից, ո՛չ որևէ այլ երկրից։ Միայն այդ դեպքում մեր պետականությունն ապահովված կլինի»։
comment.count (0)