armenpress.am: Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը համարում է երկրի անվտանգության երաշխիք: Այս մասին ասաց դաշինիքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա»,-ասաց Բաբաջանյանը:
Նա հիշեցրեց՝ իրենց դաշինքն առաջին օրից հայտարարել է, որ հանդես է գալիս Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության դիրքերից՝ շեշտելով, որ իրենց համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանի անվտանգության երաշխիքն է:
«Մեզ համար ժողովրդավարության պաշտպանությունը Հայաստանում դատաիրավական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական, ագրոարդյունաբերական, արդյունաբերության արտադրության հեռանկարների հնարավորությունն է, Հայաստանի թռիչքի, զարգացման, Հայաստանի հնարավորությունների երաշխիքն է: Եվ մենք ատամներով պահելու ենք Հայաստանի ժողովրդավարական հեռանկարը»,- ընդգծեց Բաբաջանյանը:
Նա հավելեց՝ տեսնում են, որ որոշները պատրաստվում են ոտնձգել Հայաստանի ժողովրդավարական ձգտումների նկատմամբ՝ հավելելով, որ առաջիկա օրերին հավանաբար լինելու են նաև այդպիսի դրսևորումներ: Բաբաջանյանը շեշտեց, որ իրենց դաշինքը կանգնելու է մեջտեղում և թույլ չի տալու, որ պետությունը ճկելու, կազմաքանդելու տրամադրությունները, ցանկությունները կյանքի կոչվեն:
comment.count (0)