Մեր օբյեկտիվ նպատակն է լինել խորհրդարանում և սպասարկել քաղաքացու շահը՝ բոլոր առումներով․ Դավիթ Սանասարյան
17:50 - 14 հունիսի, 2021

Մեր օբյեկտիվ նպատակն է լինել խորհրդարանում և սպասարկել քաղաքացու շահը՝ բոլոր առումներով․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը երեկ՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է այլ քաղաքական ուժերի հետ դաշինքներ չկազմելու թեմային։

«Տարբեր ուժերի հետ քննարկումներ են եղել, տարբեր պատճառներ կան, չեմ ուզում հիմա այդ մասին խոսել։ Տարբեր անձինք  կան, որոնց հետ ոչ մի ճանապարհ չէի գնացել, բայց քանի որ կար քաղաքացուն այլընտրանք ներկայացնելու, ավելի մեծ ներգրավվածություն ունենալու, մեծ պատասխանատվություն ստանձնելու պատկերացում, մենք փորձեցինք տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկումներ անել։ Ես կարող եմ մի բան արձանագրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողը  տաս անգամ ավելի ադեկվատ է, քան Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժերի, այպես ասած, էլիտաները կամ ընտրվողները»։

Սանասարյանն ասել է, որ իրենց օբյեկտիվ նպատակն է լինել խորհրդարանում և սպասարկել քաղաքացու շահը՝ բոլոր առումներով։ «Մենք պատկերացնում ենք, որ ամսվա կեսը անցկացնելու ենք գյուղերում, քաղաքներում, գնալու ենք պատգամ ստանալու, գնալու ենք խնդիրները վեր հանելու, և հաջորդ կեսը լինելու ենք խորհրդարանական մեր գործունեությամբ Երևանում, մեր աշխատասենյակներում։ Կարծում եմ, որ մեր ներկայությունը բան կփոխի խորհրդարանում, որովհետև մենք՝ ես և իմ ընկերները միշտ սկզբունքային ենք եղել մեր պայքարներում՝ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների, հանուն ինքնիշխանության և խրամատներում, երբ անհրաժեշտություն է եղել։ Իմ թիմակիցների մեծ մասը եղել են և՛ Ապրիլյան, և ՛ 44-օրյա պատերազմի մասնակիցներ, ու եղել են ամենաթեժ վայրերում, և մենք կարծում ենք, որ Հայաստանին պակասում են նվիրյալ քաղաքական գործիչներ, նվիրյալ ծառայողներ, և նաև դրա պակասն է, որ մեզ խանգարում է, որ կարողանանք զարգանալ»։

Նա նաև նշել է, որ Հայաստանում ստեղծված այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հռչակած հեղափոխության հետևանքը չէ։ «Այդ թեզը, որ հեղափոխությունը բերեց Հայաստանի այս վիճակին, ո՛չ, Հայաստանին այս վիճակի բերել են տարիներ շարունակ Հայաստանի միջոցները գրպանող, Հայաստանի հեղինակությունը գցող, Հայաստանի պետական բոլոր ինստիտուտները թուլացնող իշխանությունները` իրար հաջորդող բոլորը, չեմ առանձնացնում։ Անկախությունից ի վեր մենք թուլացել ենք: Եթե կարողանայինք մեր կարողությունները ճիշտ օգտագործել, եթե  կարողանայինք ֆունկցիոնալ պետություն ունենալ, ֆունկցիոնալ բանակ ունենալ, այս իրավիճակին չէինք հասնի։ Սա հեղափոխության արդյունքը չէ, սա երկար տարիներ մեր սխալ ապրելու արդյունքն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել