«Վերելք» կուսակցությունն ակնկալում է ստանալ դեռևս չկողմնորոշված ընտրողների ձայները |armenpress.am|
12:18 - 15 հունիսի, 2021

«Վերելք» կուսակցությունն ակնկալում է ստանալ դեռևս չկողմնորոշված ընտրողների ձայները |armenpress.am|

armenpress.am: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Վերելք» կուսակցությունն ակնկալում է, որ իրեն ձայն տվողները լինելու են դեռևս չկողմնորոշված մարդիկ: Այսպիսով կուսակցությունը փորձելու է նախընտրական քարոզարշավում համոզել հենց այն մարդկանց, որոնք դեռևս չգիտեն, թե ում ընտրել: Այս մասին ասուլիսում ասաց «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը:

«Վերելք» կուսակցությունը ստեղծվել է 2 ամիս առաջ: Մինասյանը ներկայացրեց կուսակցության ստեղծման և ընտրություններին հայտ ներկայացնելու պատճառը:

«Մենք հիմքում ունեինք «Ժայռ» հասարակական երիտասարդական կազմակերպությունը, երիտասարդները խնդրեցին, անգամ պարտադրեցին, որ մենք մասնակցենք: Մուծման գումարն իրենք են տվել: Հնարավոր չէ անվտանգային այս պայմաններում ապրել, մարդը պետք է ապահով ապրի: Այստեղ այդ ապահովությունը, կարծես թե, չկար: Եվ ես որպես զինվորական մարդ որոշեցի ունենալ իմ մասնակցությունը»,-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով՝ Արցախի վերջին պատերազմում ավելի ակնհայտ է տեսել պետության բացթողումները: Նա պատերազմում տեսել է անհետևողականություն, բացթողումներ, ինչն էլ իրեն ստիպել է մասնակցել ընտրություններին: Մինասյանը խոսեց բանակի, պաշտպանական համակարգի փոփոխությունների մասին: Նա համոզված է, որ շատ մեծ փոփոխություններ պետք է լինեն: Բանակը լավ սպաներով համալրելու համար Մինասյանը կարևորեց նրանց սոցիալական վիճակի ապահովումը:

«Մեր կարծիքով, պետք է փոխվի ամեն ինչ՝ տնտեսությունից սկսած մինչև կրթություն, դաստիարակություն»,- ասաց նա:

Մինասյանի գնահատմամբ՝ կուսակցությունը ընտրություններում կանցնի 5 տոկոսի շեմը և կհայտնվի խորհրդարանում, սակայն անգամ խորհրդարան չանցնելուց էլ չեն վախենում, իրենք մասնակցում են և պարզապես ցանկանում, որ հայրենիքը վերելք ապրի իրենց կուսակցության անունով: «Իմ կարծիքով՝ մեզ ձայն տվողները կլինեն այն մարդիկ, որոնք կողմնորոշված չեն: Իսկ որոնք կողմնորոշված են, արդեն ոչինչ չես փոխի: Բայց կան մարդիկ, ովքեր կողմնորոշված չեն, և փորձելու ենք նրանց համոզել, որ մասնակցեն ընտրություններին»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել