armtimes.com: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանում այսօր Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում էր: Վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ կուսակցության անդամները շրջում էին փողոցներով, այգիներով, բարևում քաղաքացիներին, թռուցիկներ բաժանում, զրույցի բռնվում նրանց հետ:
Քաղաքացիներին ողջունելով՝ Սանասարյանը «Էս վիճակից դուրս ենք գալու» արտահայտությունն էր կրկնում:
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նշեց, որ թիմի համար անընդունելի են ատելության կոչերը, իրենց առաքելությունը քաղաքացիներին այլընտրանք առաջարկելու մեջ է:
«Մեր առաքելությունն այն է, որ ներկա- նախկին այդ վատ կռվից դուրս քաղաքացիներն իրենց ողջախոհության, ողջամտության ձայնն ունենան խորհրդանում, եւ մեզ համար դա լինելու է սուրբ պարտականություն, ինչպես որ Հայաստանի ազատության, զարգացման, անվտանգության եւ ինքնիշխանության համար պայքարել ենք տարիներ շարունակենք: Հիմա էլ մեր գործը տեղափոխելու ենք Ազգային ժողով: Մենք գնալու ենք սահամնամերձ գյուղեր, քաղաքներ, բերելու ենք այդ մարդկանց խոսքը, իրենց խնդիրները եւ դրանց լուծումներ ենք տալու Ազգային ժողովում»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենց կուսակցությունում մարդիկ են, որոնք երբեւիցե չեն քաշվել մի կողմ, այլ միշտ պայքարել են:
«Մենք նվիրյալներ ենք, սա ոչ միայն խոսք է, սա նաեւ գործ է, որովհետեւ մենք եղել ենք բոլոր պայքարներում, մենք վերջին երկու պատերազմների ժամանակ եղել ենք ամենաթեժ տեղերում, մեր տղաների մեծ մասը պատերազմի մեդալակիրներ են, մարդիկ, ովքեր իրենց անձը չեն դրել մի կողմ եւ պետք եղած ժամանակ եղել են փողոցում ու խրամատում»:
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ այն բոլոր խոսակցությունները, թե Հայաստանը միութենական պետություն կարող է լինել Ռուսաստանի հետ եւ մնալ անվտանգ, պարզապես անհիմն քարոզներ են:
comment.count (0)