Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան |armtimes.com|
10:40 - 17 հունիսի, 2021

Հետընտրական զարգացումները քիչ հավանական են, հույսը դրել են մարդկանց կաշառելու վրա. Սաֆարյան |armtimes.com|

armtimes.com: ՀԺ-ն քարոզարշավի շրջանակներում զրուցել է «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ընտրացուցակի 5-րդ համար Ստյոպա Սաֆարյանի հետ՝ քարոզարշավի, հետընտրական զարգացումների եւ ընտրությունների ընթացքի մասին:

- Պարո’ն Սաֆարյան, քարոզարշավը շուտով կավարտվի: Եթե ամփոփենք այն, ապա ի՞նչ բնութագրում կտաք: Գո՞հ եք ձեր եւ մնացյալ քաղաքական ուժերի անցկացրած քարոզարշավից:

- Չի եղել մեկ օր, որ մենք չփորձենք լինել որեւէ բնակավայրում: Ժամանակս չի հերիքում բոլորի քարոզարշավին հետեւելու, բայց ասել, թե շատ լուրջ ծրագրային քննարկում է գնում կուսակցությունների կամ դաշինքների կողմից, այդպես չէ: Քարոզարշավին մասնակցում են ուժեր, որոնք ի սկզբանե նպատակ են դրել թույլ չտալ, որպեսզի քարոզարշավին ծրագրային բանավեճ լինի: Հենց նրանք էլ առաջ բերեցին սպառնալիքները եւ հայհոյանքը, եւ այս ցավալի իրավիճակում հայտնվեցինք բոլորս: Այս ամենը պատահականություն չէ: Նախկին իշխանությունները, որոնք մասնակցում են ընտրություններին, առաջին հերթին «Հայաստան» անունը կրող դաշինքը, բացարձակապես հետաքրքրված չէ ու չի էլ ուզում մնացածը խոսեն գիտությունից, մշակույթից, կրթությունից, առողջապահությունից: Բայց մենք դա փորձում ենք անել:

- Հաճախ քննադատվում է «Քաղաքացիական պայմանագրի» անցկացրած քարոզարշավը: Սա ինչպե՞ս կգնահատեք:

- Նրանցը բացառիկ քաղաքական քարոզարշավ է եւ այն խոշոր առումով հաջողված է: Դրա ապացույցը այն հրապարակներն են, որոնք լեցուն են քարոզարշավի ընթացքում: Բայց ես ուզում եմ իշխող կուսակցությունը զգա, թե ինչ պատասխանատվություն ունի, եւ եթե նույնիսկ խոսքը հասարակությանը ստրկացնել ցանկացողներին պատասխանելու մասին է, կուզենամ նրանք չիջնեն մյուսների մակարդակին:

- ՔՊ-ն եւ «Հայաստան» դաշինքն իրենց քարոզարշավը հիմնականում կառուցում են այս թեզի վրա, որ եթե ես չլինեմ, լինելու է մյուսը: Ստացվում է, որ իրենք մնացյալ 24 քաղաքական ուժերին մղում են երկրորդ պլան:

- Այո, կա այդպիսի բան: Երկու ուժերի մոտ էլ երրորդն ավելորդ է: Բայց մենք ամեն հնարավոր բան անում ենք, մեզանից ինչ կախված է: Ամեն քայլափոխի տեսնում ենք մարդկանց ռեակցիաները, իմ տպավորությունները միանշանակ են, մեծամասնության կողմից նախկիններն այլընտրանք չեն համարվում:

- Պարոն Սաֆարյան, հետընտրական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

- Պարզ է, որ կփորձեն ինչ-որ զարգացումներ անել որոշ քաղաքական ուժեր: Չնայած իրենք տեսան, որ նոյեմբերի 9-ից հետո իրենց հրահրած ակցիաները մարեցին: «Հայաստան» դաշինքը չի թաքցնում իր նկրտումները, անգամ քարոզարշավի ժամանակ նկատելի է, որ նրանց աջակցող մարդիկ փորձում են սադրանքներ իրականացնել մեր հավաքների ժամանակ, արդեն քանի օր է այդպիսի դեպքերի ականատեսն ենք լինում:

- Կմանրամասնե՞ք:

- Մեր հանրահավաքները փորձում են խանգարել, բղավում են, Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ են հնչեցնում: Երեկ Նոր Նորքում, երբ մի երիտասարդ սկսեց վանկարկումներ անել, մարդիկ կայծակնային արագությամբ արձագանքեցին, եւ քիչ էր մնում հաշվեհարդար տեսնեին:

- Ինչպե՞ս հասկացաք, որ տվյալ անձը «Հայաստան» դաշինքի աջակիցներից է:

- Խոսում էր բացառապես նույն բառապաշարով, ինչ դաշինքի անդամները, եւ երբ դաշինքի մասին որեւէ բացասական արտահայտություն էր լինում, նա միանգամից արձագանքում էր:

- Պարոն Սաֆարյան, մեկ ամսից ավելի է՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային հատվածներում ադրբեջանական զորքեր են: Այս հարցի լուծումը ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում:

- Ադրբեջանի կողմից ակնհայտորեն խախտվել է միջազգային իրավունքը: Խախտվել է ՀՀ-ի սահմանային ամբողջականությունը: Այս հարցի վերաբերյալ մի շարք պետություններ հայտնել են իրենց դիրքորոշումը, քանի որ սա նաեւ միջազգային կարգի սպառնացող վտանգ է: Այս խնդրի լուծումը Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու ներսում միայն չպետք է տեսնել: ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր շատ արագ, հուսով ենք ընտրություններից հետո ավելի արագ կտրվի հարցի լուծումը: Խնդրի լուծման համար միջազգային շատ ֆորմատներ կան: Մենք վատ ենք օգտագործում միջազգային մի շարք գործիքներ, որոշները ընդհանրապես չենք օգտագործում: Մենք վատ ենք օգտագործում խորհրդարանական դիվանագիտությունը, որով կարող ենք զեկույցներով մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ: Ադրբեջանը հետ կկանգնի այն ժամանակ, երբ հասկանա, որ դրա դիմաց գին է վճարելու եւ դա պետք է անել բոլոր խողովակներով: Բարեբախտաբար ԱՄՆ-ն եւ մի շարք պետություններ հստակ ֆիքսել են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է վերադառնա այն դիրքերը, որտեղ եղել է մինչեւ մայիսի 11-ը:

- Ո՞ր ուժի կամ ուժերի հաղթանակի դեպքում ձեր քաղաքական ուժը կսկսի փողոցային պայքար, ինչպես 2018-ին արեց Նիկոլ Փաշինյանը:

- Տեսանելիորեն Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այս պահին արձանագրել են առաջատարի դիրքեր: Հետընտրական ցանկացած զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ ընտրությունները կեղծվում են: Երբ ընտրությունների արդյունքների վերաբերյալ անվստահություն ձեւավորվի, ապա հիմք կլինի հետընտրական գործընթացներ սկսելու: Բայց իշխանությունները տեսնում են իրենց աջակցության մակարդակը եւ չունեն ընտրությունների վրա ազդելու շահագրգռվածություն: Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժի համար, որը պլանավորում է հետընտրական զարգացումներ, հեշտ է լինելու: Եթե ընդդիմությանը չհաջողվեց մարդկանց ոտքի հանել պատերազմի պարտության ֆոնին, ապա չեմ կարծում, որ խորհրդարանական ընտրություններն այնպիսի թեմա է, որ կկարողանան մարդկանց հանեն փողոց: Ընդդիմություն կոչվածը իր հույսը դրել է մարդկանց կաշառելու վրա, իսկ կաշառք վերցնող մարդկանցով հեղափոխություն չես անի, այդպիսի մարդիկ փողոց դուրս չեն գա:

- Այսինքն՝ ընդհանրապես շանս չե՞ք տեսնում, որ «Հայաստան» դաշինքը կարող է հաղթանակ տանել:

- Բացարձակապես: Նրանք մի դեպքում կարող են հույս ունենալ հաղթանակի, եթե խորհրդարանի ներսում հայտնվեն իրեն սատարող ուժերը, որոնց հետ էլ կարող են կոալիցիա կազմել: Դա է միակ տարբերակը: Իրենք չունեն այլ շանս ու պոտենցիալ: Քոչարյանը երբեք չի կարող սիրվել ժողովրդի կողմից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել