aysor.am: Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Երևան համայնքի կողմից մեկ անձի գնում կատարելու միջոցով աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման որոշման նախագիծը:
Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյուքնում գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ու հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում վատթարացել է աղբահանության վիճակը ու այն ընկերությունը, որն իրականացնում է աղբահանությունը սեփական միջոցներով ի վիճակի չէ դա անել, ու քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում իր միջամտությունը», - ասաց Սուրեն Պապիկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե քանի՞ մեքենա է նախատեսվում գնել:
«Մրցույթով նախատեսված է եղել գնել 24 մեքենա, հայտում ներկայացված է 10 հատ աղբատար հետևի բարձմամբ մեքենա, աղբատար երկու մեքենա կամազ մակնիշի` 22 խ/մ ծավալով, 2 հատ աղբատար մեքենա 19խ/մ ծավալով և ևս մեկ կամազ մեքենա` 16 խ/մ:
Ընդհանուր գումարային մասով` նախատեսվում է 15 ավտոմքենա», - ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ ի սկզբանե պարզ էր, որ «Սանիթեք»-ը չէր կարող պատշաճ կազմակերպել աղբահանությունը և քաղաքապետարանի ու քաղաքապետի առաջին գործողություններից մեկը, որ իրականացրել էին, տեխնիկայի ձեռքբերումն էր, որը այլընտրանք չունի:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց` որքանով վստահ լինեն, որ գործընթացն արդյունավետ կլինի:
«Թե մենք ունենալու ենք ինչ-որ տարօրինակ մեքենաների հերթական քանակ, որը վաղը կամ մյուս օրը չի օգտագործվելու կամ օգտագործվելու է շատ թանկ », - նշեց Մհեր Գրիգորյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցով կառավարություն է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին ու հարցի քննարկումը կշարունակվի այն ժամանակ, երբ նա ներկայանա:
comment.count (0)