Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Դրանց շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի հետ:
Արամ Սարգսյան – Շնորհավորում եմ շատ համոզիչ հաղթանակի համար, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք:
Նիկոլ Փաշինյան- Շնորհակալ եմ շատ, ուրախ եմ հանդիպման համար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար: Ուզում եմ ասել նաև, որ հետևում էի Ձեր քարոզարշավին, և անկեղծ ասած շատ լավ տպավորություն եմ ստացել: Մտածում էի՝ «Հանրապետություն» կուսակցությունը կհաղթահարի 5 տոկոսանոց շեմը: Ընտրությունը հենց դրանով է ընտրություն, որ նախ բազմաթիվ գործոններ ազդում են պրոցեսի վրա, և ինքը միևնույն է ունի որոշակի անկանխատեսելիության գործոն:
Այսօրվա մեր հանդիպման հիմնական թեման՝ կուզեի լսել Ձեր պատկերացումները ներքաղաքական կյանքի, հետագա զարգացումների վերաբերյալ, Ձեր կուսակցության և անձամբ Ձեր պատկերացումները անելիքների վերաբերյալ, թե ինչպես եք տեսնում «Հանրապետություն» կուսակցության և կառավարության, խորհրդարանական մեծամասնության հարաբերությունները: Նաև նախկին շրջանի փորձից ինչն է, որ Ձեզ անհանգստացրել է և ինչ պատկերացումներ ունեք, որպեսզի մենք քաղաքական դաշտում կարողանանք ավելի համագործակցային ու պոզիտիվ դաշտ ստեղծել. պոզիտիվ՝ ոչ թե կառավարության նկատմամբ, այլ պոզիտիվ, որպեսզի փոխադարձաբար ավելի լսելի լինեն կառավարությունն ու արտախորհրդարանական ուժերը, որովհետև, կարծում եմ, որ իսկապես լսելիությունը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ կան գաղափարներ, կան առաջարկներ, մտքեր, որոնք աղմուկի մեջ կորում են և չեն լսվում: Այս թեմաներով կուզեի խոսեինք մանրամասն և տեսնեինք, ինչքանով են համընկնում մեր պատկերացումները:
Արամ Սարգսյան – Շատ բարի, շատ լավ: Ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը: Եվ այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև:
Արտախորհրդարանական ուժերի խնդիրը շատ ավելի հեշտ է այդ առումով: Իմ կարծիքով՝ ազդեցություններն էլ շատ ավելի փոքր: Այստեղ հիմնական բանալի բառը Ձեր՝ բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից, թե իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետը, իսկապես, արժե լինել: Մյուսներն այլ-այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնել, հովանավորչությամբ զբաղվելու կամ որոշակի նյութական իրավիճակներից ելնելով շտաբներում աշխատելով այդ քվեները ձևավորվել են: Բայց ամեն դեպքում կա փաստը: Կարծում եմ՝ իրենք տեսնում են, որ իրենք էլ են հակված Ազգային ժողով մտնելու, առանձնապես աղմուկ անելու բան չունեն, բողոքները ենթատեքստ չունեն: Այդ բողոքներով մեզ կծաղրեին, եթե Սահմանադրական դատարան մտնեինք, հարցումների հիմքի վրա կամ միտինգներին շատ մարդ լինելու: Դա անհեթեթ է ուղղակի:
Մեր մասով՝ կարծում եմ, որ մշտապես լինելու ենք պետության կողքին, պետականության կողքին: Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցությանը հնարավորություններին վերաբերող հարցեր:
comment.count (0)