«Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ խոչընդոտ գիտական սարքավորումների ձեռքբերման գործընթացում
18:42 - 24 հունիսի, 2021

«Գնումների մասին» ՀՀ օրենքը՝ խոչընդոտ գիտական սարքավորումների ձեռքբերման գործընթացում

Ի՞նչ խոչընդոտների են հանդիպում գիտնականները գիտական նյութեր և սարքավորումներ ձեռք բերելու ընթացքում և ինչպե՞ս են պատկերացնում այդ խնդիրների լուծումը։

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասում է, որ հիմնական խնդիրները ֆինանսավորման չափերն են ու «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերը։ ««Գնումների մասին» օրենքը և դրա ընթացակարգերը հաճախ թույլ չեն տալիս գնել այն սարքավորումները, որոնք իսկապես անհրաժեշտ են հետազոտություններում օգտագործելու համար։ Քանի որ հայկական շուկան շատ փոքր է, այն ընկերությունները, որոնք մշակում և վաճառում են սարքավորումներ, չեն մասնակցում մրցույթներին, և մենք ստիպված գնում ենք վերավաճառող ընկերություններից, որոնք շատ մեծ շահույթի տոկոս են ունենում»։

Անդրադառնալով ֆինանսավորման չափերին՝ Առաքելյանը նշում է, որ պետությունը ունի ավելի մեծ ֆինանսավորում հատկացնելու պոտենցիալ․ «Պետությունը պետք է մշակի քաղաքականություն, որի արդյունքում գիտության ֆինանսավորումը պետք է շեշտակի բարձրանա։ Պետությունը պետք է վերջապես հասկանա, որ գիտությունը տնտեսության, քաղաքակրթության, կրթության շարժիչ ուժն է, և առանց գիտության այդ ամբողջը չի կարող զարգանալ»։

Արսեն Առաքելյանի խոսքով՝ անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ, որոնք թույլ կտան գիտական, գիտահետազոտական նշանակություն ունեցող սարքավորումները գնել անմիջապես արտադրողից։ 

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը որպես խնդրի լուծում առաջարկում է ընդհանուր օգտագործման կենտրոններ հիմնել, որոնցից կօգտվեն համապատասխան ոլորտով զբաղվող բոլոր գիտնականները։ «Կան սարքավորումներ, որ շատ թանկարժեք են, շատ խնդիրներ կարող են լուծել, ու պետք է Հայաստանում լինեն, բայց ընդհանուր օգտագործման կենտրոնների շրջանակում»։

ԱԱլիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) փոխտնօրեն Գևորգ Քառյանը նույնպես որպես խոչընդոտ առանձնացնում է «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերը․ «Գիտնական-հետազոտողները երբեմն իրենց հետազոտության համար կարիք ունեն ձեռք բերելու սարքեր, սարքավորումներ, ինչպես նաև գիտական նյութեր, և շատ հաճախ, պայմանավորված հանգամանքով, որ այդ սարքեր սարքավորումները տեղական շուկայում չկան, նրանք այդ սաքերը կարիք ունեն ներմուծելու դրսից։ Սակայն մենք այստեղ գործ ենք ունենում պետական գնումների ընթացակարգի հետ, որի պահանջն է տվյալ սարքերը ձեռք բերել ոչ թե ուղիղ արտադրողից, այլ գնումների համակարգի միջոցով, և այս մրցույթին մանակցող միջնորդ կազմակերպությունները, որպես կանոն, իրենց միջնորդական առաքելության համար որոշակի շահույթ են հետապնդում, ինչը հանգեցնում է նրան, որ սարքի համար նախատեսված գումարից ավելի գումար պետք է նախատեսենք տվյալ սարքը ձեռք բերելու համար»։

Լաբորատորիայի փոխտնօրենն ասում է, որ գնման այս ընթացակարգը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում գիտական կազմակերպության համար․ «Այն լրացուցիչ ֆինանսական միջոցները, որոնք ուղղվում են միջնորդական առաքելության համար կամ միջնորդ ընկերության ծառայությունների համար, կարող էին և ուղղել սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար»։

Նրա խոսքով՝ մեկ այլ խնդիր են դրսից ներմուծվող սարքերի համար սահմանին մաքսատուրքերը, մաքսավճարները, նաև ավելացված արժեքի վճարը․ «Ոչ բոլոր դեպքերում է, որ սարքավորումները ազատված են ավելացված արժեքի հարկից, և անհրաժեշտություն ունենք վճարել այդ ավելացված արժեքի հարկը, որը նույնպես, որպես կանոն, նախատեսված չէ տվյալ սարքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարի մեջ»։

 Գևորգ Քառյանի խոսքով՝ խնդիր է նաև այն, որ բուն արտադրողները  հաճախ չեն մասնակցում մրցույթներին․ «Տվյալ գիտական սարքը ձեռք բերելու մեր հայտը ուղղակի չի բավարարվում ընկերությունների՝ տվյալ մրցույթին չմասնակցելու պատճառով։ Սա էլ գնից անկախ առաջացող խոչընդոտ է։ Որպես կանոն, արտադրողները այդ մրցույթներին չեն մասնակցում, միշտ լինում են ինչ-որ միջնորդ կազմակերպություններ, որոնք այդ գնման և վերավաճառքի գործով են զբաղված, և հենց այդ կազմակերպություններն են մասնակցում այս մրցույթներին»։

Խոսելով խնդրի լուծման տարբերակների մասին՝ Գևորգ Քառյանը հիշեցնում է վերջերս ընդունված, բայց դեռևս ուժի մեջ չմտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը․ «Օրենքում կա այդպիսի մի դրույթ, որի համաձայն՝ կազմակերպությունը կարող է գնումների իր ընթացակարգը ունենալ և առաջնորդվել դրանով, եթե խոսքը չի վերաբերվում պետական միջոցներին։ Այսինքն՝ երբ գործ ունենք արտաբյուջետային ինչ-որ միջոցների հետ, եթե օրենքը մտնի ուժի մեջ, կարող ենք սա դիտարկել մեկ քայլ առաջ այս ուղղությամբ»։

Նա ասում է, որ հարցի լուծման ավելի գլոբալ տարբերակ կարող է դառնալ գիտասարքին օրենսդրական սահմանում տալը․ «Այստեղ հիմնական խնդիրը այն է, թե ինչպես սահմանել այդ գիտասարքը։ Եթե մենք կարողանանք սահմանել կամ մտցնել այդպիսի հասկացություն, և եթե արձանագրվի, որ տվյալ սարքը հենց այն գիտասարքն է, որը պետք է օգտագործվի տվյալ կազմակերպությունում գիտահետազոտական աշխատանքի մեջ, այս ձևով օրենսդրական մակարդակում կամ Կառավարության որոշմամբ կարող է ազատվել հարկերից»։

Քառյանն ասում է, որ այստեղ ևս խնդիրներ կան, մասնավորապես, թե ինչպես պետք է սահմանել գիտասարքը․ «Շատ հաճախ կարելի է նաև այդ սարքն օգտագործել այլ նպատակներով, և միգուցե սա է պատճառը, որ այս քայլին շատ հեշտությամբ պետությունը կամ Կառավարությունը չի գնում, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ՝ հնարավոր է ունենալ այնպիսի մի սահմանում, որը թույլ կտա տվյալ դեպքում ազատել այդ սարքը հարկերից ու տուրքերից»։

Գևորգ Քառյանի խոսքով՝ Ա Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան պահանջ ունի ավելի ժամանակակից սարքերի, քան այս պահին լաբորատորիայում կան․ «Հիմնական խնդիրը սարքերի բազան նորացնելն է։ Ժամանակակից նոր սարքերի կարիք ունենք, մեր խմբերից ոմանք կարողանում են որոշ սարքեր տեղում արտադրել հետազոտական նպատակներով, բայց դրանք մասսայական արտադրության սարքեր չեն, դրանք հետազոտական աշխատանքի համար օգտագործվող սարքեր են։ Ցավոք, աշխարհը այս ուղղությամբ մեծ քայլերով առաջ է գնում, նոր տեխնոլոգիաները, նոր սարքերի ամեն քայլափոխի կարելի է հանդիպել առաջատար հետազոտական կենտրոններում, սակայն մեզ մոտ այդ հնարավորությունը դեռ չունենք, որովհետև դա մեծ գումարների հետ կապված խնդիր է»։

Նրա պնդմամբ՝ ժամանակակից սարքերի բազային գինը ինքնին շատ բարձր է․ «Դրան կարելի է գնալ քայլ առ քայլ։ Սարքը գնելը դեռևս խնդիրը չի լուծում, պետք է լինեն մարդիկ, որոնք կկարողանան այդ սարքերի հետ աշխատել, և այս պահին մեր գիտնականները, գիտաշխատողները, մասնակցելով առաջատար կենտրոններում իրականացվող աշխատանքներին, իրականացնելով համատեղ ծրագրեր, ունեն այդ սարքերի վրա աշխատելու հմտություններ»։

Գևորգ Քառյանի խոսքով՝ առանց նոր սարքերի հնարավոր չի լինի ժամանակակից, միջազգայնորեն մրցունակ գիտափորձեր իրականացնել․ «Մրցունակության հիմնական ցուցիչներից մեկը հենց այն է, թե դուք ինչ տեխնոլոգիաներ եք օգտագործում։ Եթե օգտագործում եք հնացած տեխնոլոգիաներ, ապա գիտական արդյունքը, որպես կանոն, նույնպես կլինի հնացած կամ չի լինի միջազգայնորեն մրցունակ»։

Անդրադառնալով նրան, որ ապրիլ ամսին Կառավարությունն ավելացրեց գիտության ֆինանսավորումը, Քառյանը նշում է, որ Կառավարության այդ որոշումը կարևոր քայլ է՝ նոր սարքեր ձեռք բերելու ուղղությամբ․ «Գումարը երբեք բավարար չի լինում ցանկացած պարագայում։ Միշտ կա նոր բան անելու հնարավորություն։ Բայց Կառավարության այդ որոշումը կարևոր քայլ է նոր սարքեր ձեռք բերելու ուղղությամբ, նաև  գիտության կարևորությունը արձանագրելու ուղղությամբ։ Մենք երկու խնդիր ունենք՝ որակական կամ քանակական։ Որակական առումով լուրջ քայլ է, որ արվեց։ Հայաստանում գիտությունը, գիտատար տեխնոլոգիաները պետության կողմից պետք է ուշադրության արժանանան, և այդ ուշադրությունը  պետք է միանվագ չլինի, այսինքն՝ միանգամյա գումար շնորհելով կամ այդ ոլորտ միանգամյա գումար ներարկելով հնարավոր չի լինի բազում խնդիրները լուծել»։

Քառյանի դիտարկմամբ՝ պետք է լինի հստակ, հետևողական քաղաքականություն՝ երկրի գիտական բազան գիտական սարքերով հագեցնելու համար․ «Եթե խոսում ենք փորձարարական սարքերի մասին, ապա հետագայում այդ սարքերի օգտագործումը, տեխնոլոգիաների օգտագործումը  իր ազդեցությունը կթողնի տնտեսության վրա, անվտանգային խնդիրներ կլուծի, որոնք պետության համար անհրաժեշտ են։ Կարծում եմ, որ Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի դրա վրա, և մենք՝ գիտնականներս, բնականաբար, պետք է մեր ջանքը գործադրենք, որպեսզի կարողանանք այդ գիտելիքը, որը մենք ունենք, ոչ միայն զարգացնել, այլ նաև փոխանցնել նոր սերնդին»։

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նույնպես որպես գիտական սարքավորումների ձեռքբերման խոչընդոտ առանձնացնում է «Գնումներին մասին» օրենքը․ ««Գնումների մասին օրենքում կան դրույթներ, ըստ որոնց՝ գիտական սարքերի որակավորման ապահովման համար ինչ-որ գումար է սառեցվում, կանխավճարի ապահովման հետ կապված խնդիրներ են առաջանում, որոնք դառնում են խոչընդոտ գիտական սարքեր կամ նյութեր գնելու համար»։

Արթուր Մովսիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ գիտական սարքավորումների մեծ մասը եզակի է, այդ սարքերի արտադրողները շատ չեն, և սովորաբար լինում են մեծ կազմակերպություններ, որոնք հետաքրքրված չեն մասնակցելու Հայաստանի բաց մրցույթներին (տենդեր)․ «Իրենց հետ մեր գիտնականները կապեր հաստատում են, իրենք պատրաստ են վաճառել կամ պատրաստել այդ սարքավորումները, բայց հանձն չեն առնում մասնակցել «Գնումների մասին» օրենքով նախատեսված գործընթացներին։ Պատճառն այն է, որ բյուրոկրատական և ֆինանսական բարդություններ կան։ Իրենք պարտավոր են որակավորման ապահովման համար գումար դնել գրավ, մինչև սարքը գա, կանխավճարի հետ կապված խնդիրներ են առաջանում, և իրենք չեն մասնակցում»։

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալն ասում է, որ հարցի լուծումը մի քանի տարբերակ ունի։

 «Կա՛մ «Գնումների մասին» օրենքը գիտնականների համար պետք է պարզեցվի, կա՛մ հատուկ պայմաններ պետք է ստեղծվեն։ Մասնավորապես, կարող է լինել այնպես, որ գիտական եզակի սարքավորումները գնելու համար գնումը իրականացվի անմիջապես արտադրողից։ Գոնե այդ պարագայում թույլ տան մեկ անձից գնում անել, որովհետև տեսեք՝ ինչ է ստացվում։ Եթե մեկ անձից գնումը չի թույլատրվում, այդ պարագայում եթե նույնիսկ գտնվեն միջնորդ կազմակերպություններ, որոնք կարող են Հայաստանի ներսում տենդերի մասնակցել, այդ կազմակերպությունները լինում են հայկական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գիտական սարքավորումների ներկրումով։ Եթե այդ կազմակերպությունը տվյալ եզակի սարքավորումը հանձն է առնում ներկրել Հայաստան, բնականաբար․ գինը աճում է»,- ասում է նա՝ հավելելով, որ գիտնականների պնդմամբ՝ նման դեպքերում սարքերի, նյութերի գինը առնվազն 30%-ով թանկանում է։

 Արթուր Մովսիսյանը ընդգծում է նաև գնված սարքավորումների որակը կորցնելու հանգամանքը․ ««Գնումների մասին» օրենքում պետք է ցանկացած գնվող ապրանք նկարագրվի։ Լինում են պարագաներ, երբ նույն պարամետրերով ապրանքները տարբեր որակական ցուցանիշներ ունեն։ Եթե, դիցուք, բջջային հեռախոսների համար այդքան էլ վատ չի, որ նույն պարամետրերով կարող են ավելի էժան գին առաջարկել, գիտական սարքավորումների պարագայում դա շատ դեպքերում անդառնալի էֆֆեկտների է բերում, որովհետև այնտեղ գերճշգրիտ, շատ նուրբ սարքավորումներ են, որոնք թեկուզ պարամետրերով նման են, բայց  չես կարող բոլոր դետալները ճշգրիտ նկարագրել, դրա համար ստացվում են իրավիճակներ, երբ  գնում ենք սարքավորումներ, որոնք փաստաթղթով ունեն նույն պարամետրերը, բայց գործնականում գիտական հետազոտություն անելու համար պիտանի չեն»։

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալը նաև նշում է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նախաձեռնությամբ կոմիտեն հանդես չի եկել։ Մովսիսյանն ընդգծում է, որ եզակի դեպքերում գիտական սարքավորումները կարող են ձեռք բերվել Կառավարության որոշումներով․ «Ունեցել ենք նախադեպեր, երբ սարքը չենք կարողացել ձեռք բերել «Գնումների մասին» օրենքով, և կառավարության որոշում ենք ներկայացրել, գիտական կազմակերպության հիմնավորմամբ՝ կցելով  նաև մրցույթի արդյունքները, տվյալները, որոնք անհրաժեշտ են մեկ անձից գնում կատարելը թույլատրելու համար»։

 Արթուր Մովսիսյանի խոսքով՝ «Գնումների մասին» օրենքը ստեղծվել է կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու համար․ «Ես նկարագրեցի, որ ինչ-որ երաշխիքային գումարներ են ուզում մրցույթը հաղթող կազմակերպություններից՝ ռիսկերը նվազեցնելու համար, որպեսզի եթե ապրանքը լավը չլինի, պետությունը ունենա սառեցրած գումար, որ իրեն չխաբեն։ Մեխանիզմները մտածել են լավ նպատակների համար, գործնականում է, որ դա կիրառելի չի։ Բացի դրանից՝ պետությունը մտածել է, որ կլինեն դեպքեր, որ չեն կարգավորի այդ օրենքի շրջանակներում, այդ դեպքերն էլ կառավարության որոշումով թույլ կտան, եթե հիմնավորումը լինի։ Գործնականում դա ձգձգվում է, կամ այդպես էլ չի լինում»։

Մովիսյանն ասում է, որ կոմիտեն նաև Ֆինանսների նախարարության հետ է այս հարցը քննարկել․ «Իրենք սովորաբար նշում են, որ այդտեղ թերությունները քիչ են, և ինչ-որ առումով` ճիշտ (գնումների ընթացակարգը- խմբ․), որովհետև պետությունը բոլոր դեպքերի համար լուծում ունի, ու «Գնումների մասին» օրենքով կարգավորվում է։ Եթե երկակի նշանակության է, ռազմական նշանակության է, հատուկ ընթացակարգ ունի, եթե ունիկալ սարքավորում է, որը հնարավոր չէ գնել «Գնումների մասին» օրենքով, կառավարության որոշումներով կարող է լինել»։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ գիտական համակարգում գիտական սարքերի, սարքավորումների համար հատկացվող գումարների չափերը փոքր են եղել․ «Այո՛, կան սարքավորումներ, դրանք կա՛մ գնվել են միջազգային դրամաշնորհներով, որոնք «Գնումների մասին» օրենքին չեն ենթարկվում, կա՛մ որոշ մասերը գնվել են պետության միջոցներով, Գիտության կոմիտեի կողմից հատկացված միջոցներով, որոնք քիչ են եղել»։ 

Արթուր Մովսիսյանը նշում է, որ և՛ անցած տարի, և՛ այս տարի պետությունն մեծացրել է ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման ֆինանսավորումը, այսինքն՝ սարքավորումների ձեռքբերման խնդիրներն ավելի ցայտուն են դառնալու։

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալն ասում է, որ մոտ օրերս նույնպես պատրաստում են ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթ․ «Մրցույթը հայտարարելու ենք, արդեն հրավերի փաթեթն ենք պատրաստում, բայց էլի նախորդ տարվա փորձը ունենալով՝ հավանականություն կա, որ որոշ սարքեր, սարքավորումներ չհասցնեն գնել այս տարի, որովհետև մեխանիզմները այնպես են արված, որ եթե եզակի սարքավորումներ են, գնումների գործընթացի կազմակերպումը դժվարանում է»։

Արթուր Մովսիսյանն ասում է, որ որպես խնդրի լուծում դիտարկում են նաև համատեղ օգտագործման կենտրոններ ստեղծելը, որտեղ կլինեն տվյալ բնագավառի որակյալ և թանկարժեք սարքեր, որոնք կօգտագործեն մի քանի գիտական կազմակերպություններ․ «Այդ ճանապարհով ենք գնալու, որովհետև գիտական սարքավորումները նույնպես ժամանակի ընթացքում հնանում են, եթե նույնիսկ լավագույն սարքավորումը հիմա գնենք, կախված ոլորտից՝ 5-10 տարի հետո այդ սարքավորման վրա արված էքսպերիմենտները միգուցե այն որակը չապահովեն, ինչ այդ պահին գիտությունը պահանջում է։ Նույնիսկ հարուստ պետությունները չեն կարող թույլ տալ իրենց, որ յուրաքանչյուր լաբորատորիայում լինեն այդ լաբորատորիայի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, դրա համար մենք նույնպես գնալու ենք այն ճանապարհով, որ կախված ոլորտից՝ ունենանք ընդհանուր օգտագործման կենտրոններ»։ 

 

Նանե Ավետիսյան

 

Լուսանկարը՝ Գիտության կոմիտեի պաշտոնական էջից

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել