armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը վստահեցնում է, որ դա արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով:
Խզմալյանը հիշեցրեց՝ երբ նոր էր ստանձնել փոխնախարարի պարտականությունները, խոստացել է, որ որևէ հարց գաղտնի չի լուծվելու կամ կարգավորվելու, և որևէ հարց իր սենյակի պատերի ներսում չի որոշվելու, այսինքն՝ մինչև ՀՀ կառավարության այս կամ այն հարցի շուրջ որոշում կայացնելը ոլորտի ներկայացուցիչները տեղեկացված են լինելու այդ մասին:
«Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով՝ վերջերս նախարարություն հրավիրեցի մասնագետների, երկու թատրոնների տնօրեններին և խնդրեցի՝ նրանք կոլեկտիվներին փոխանցեն՝ կա դիրքորոշում այն մասին, որ Կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական անձնակազմը պետք է միանա Պարոնյանի թատրոնի ստեղծագործական անձնակազմին երկու հիմնական պատճառով: Առաջինը մասնագիտական է: Չունենալով պրոֆեսիոնալ նվագախումբ, երգչախումբ, չեմ խոսում պարային խմբի մասին՝ խոսել երաժշտական թատրոնի մասին առնվազն անլուրջ է, իսկ Պարոնյանի թատրոնն ունի այդ ամենը: Պետական կամերային երաժշտական թատրոնն իր կանոնադրական խնդիրները շատ ավելի լիարժեք կիրականացնի Պարոնյանի թատրոնի բազայի հիման վրա»,-շեշտեց Խզմալյանը:
Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու:
Անդրադառնալով հաջորդ պատճառին՝ Արա Խզմալյանը հիշեցրեց, որ Հայաստանում կան պետական կարգավիճակ ունեցող բազմաթիվ ստեղծագործական խմբեր, որոնք բառացիորեն փողոցում են, դեգերում են մի տեղից մյուսը: «Կարող եք գնալ և տեսնել, թե «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթն ինչ պայմաններում է աշխատում: Փորձերն անցկացնում են Ֆիլհարմոնիկի նկուղներում, կամ Հայաստանի պարի պետական անսամբլը: Այդպես թվարկելով՝ կարող ենք առաջ գնալ և այս ամենի գագաթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բացարձակ փողոցում լինելու հանգամանքն է: Ամեն օր ես զբաղվում եմ Սիմֆոնիկ նվագախմբի փորձերի խնդիրը կարգավորելով. խնդրում եմ Ֆիլհարմոնիկ նվագախմբին, օպերային թատրոնին, կոնսերվատորիային, որ այսօր մեր ամենաստեղծարար, ակտիվ գործող, պետական կարգավիճակ ունեցող Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա իր փորձերի շարունակականությունն ապահովել: Գիտեք, թե ինչ տնտեսական վիճակ է. պետությունն առաջիկա տարիներին չի ունենալու այնքան ռեսուրս, որ կարողանա նոր համերգասրահ կառուցել և հոգալ Սիմֆոնիկ նվագախմբի խնդիրը, լուծել պարային համույթների հարցը և այլն: Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ևս իր տարածքը չունի ու վարձակալում է: Մենք պետք է գնանք եղած ռեսուրսների օպտիմալ և ամենաարդյունավետ օգտագործման ճանապարհով»,-ընդգծեց նա:
Խզմալյանը ոչ մի ողբերգություն չի տեսնում, երբ մի ստեղծագործական կազմը միանում է մեկ այլ ստեղծագործական կազմի: «21-րդ դարում խոսել այն մասին, որ թատրոնը մեր տունն է, տաճար է, սրբավայր է և այլն, ծիծաղելի է: Սրանք անախրոնիկ դատողություններ են, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է հասկանա, որ ինքը ծառայություններ է մատուցում պետությանը և աշխատավարձ է ստանում դրա համար: Կարծում եմ՝ հին, 19-րդ դարի տերմինաբանությամբ այլևս պետք չէ խոսել թատրոնի մասին: Մենք պետք է կարողանանք տրամաբանված կարգավորել հարցը, որ Սիմֆոնիկ նվագախումբը կարողանա շարունակել իր ամենօրյա փորձերը, տաղանդավոր մարդիկ չմնան դրսում, այսինքն՝ մենք կրճատման ու բյուջեի հարց չենք լուծում, հակառակը՝ ավելի լավ պայմաններ ենք ստեղծում պրոֆեսիոնալ գործունեության համար և գնալու ենք այդ քայլին՝ անկախ այդ խմբերի արձագանքներից ու քմահաճույքից, որովհետև վստահ եմ, որ սա չի վնասում, այլ օգուտ է բերում ստեղծագործական խմբին»,-հավաստիացրեց փոխնախարարը:
Շարունակությունը՝ armenpress.am-ում
comment.count (0)