ՀՀ կառավարությունը հրաժարվել է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը․ Նիկոլ Փաշինյան
10:37 - 10 ապրիլի, 2019

ՀՀ կառավարությունը հրաժարվել է միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները ինստիտուցիոնալ առումով ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը: Այս մասին բարձրագույն դատական խորհրդի կազմավորման մեկամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ըստ էության անկախության հռչակման առաջին օրից մենք խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի երկրում արդարությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը:

«Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին և ասել, որ երաշխավորում եմ մի բան՝ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է: Եվ դրա համար այդ հարցը մեր օրակարագում եղել է առաջիններից: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ կարգադրել կամ միջամտել դատական իշխանության և համակարգի գործունեությանը:

Սա չափազանց կարևոր արձանագրում է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք: Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք գործում են ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից: Դրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում: Եվ այս իրավիճակն ապահովելու համար, ըստ վարչապետի, մեզ անհրաժեշտ է նաև երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան:

«Եվ հույս ունեմ, որ մենք հստակ արձանագրում ենք, որ ՀՀ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել: Անկախ նրանից, դատավոր է, նախարար է, որևէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել: Եվ նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանական ասած՝ ժողովուրդը անպայման գալու է իր հետևից: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ:

Այսօր մենք ըստ էության չունենք որևէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու համար:
Ես համոզված եմ, որ այսօրվա այդ շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքեր են այն մարդիկ, ովքեր կխանգարեն այդ շանսի իրացմանը:

Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ: Իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա անկախ դատական համակարգի հարցը: Ես հավատում եմ, որ հենց այսօր գործող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենցիալը, որը մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին՝ ՀՀ-ում իրապես անկախ, արդար, օրինական ու վստահելի դատական համակարգ ունենալուն»,- հայտարարեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել