Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան
12:14 - 15 հուլիսի, 2021

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար․ Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ։ Մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից։ Այս մասին Կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ մասնավորպես Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին արդյունավետ և կառուցողական աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և որ ավելի կարևոր է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է՝ ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը․ «Իմ մեկնաբանությունը միանշանակ է, Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ երեսնամյա գործընթացը, քաղաքականությունը։ Բայց մենք, առանց սեթևեթելու, շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում, Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի և միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն ՀՀ ապաշրջափակմանը»։

Փաշինյանն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

«Իրականությունը ուղիղ հակառակն է, այդ Ադրբեջանն է դեմ սահմանգծման և սահմանազատման աշխատանքներին, քանի որ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում։ Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ նույնպես։

Տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայում և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ։ Այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը ոչ մի կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին։

Ադրբեջանը փորձ է անում ստեղծել տպավորություն, թե հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին, մինչդեռ Հայաստանը մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Հաշվի առնելով ԵԱՀԿ մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ, և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը և կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա։ Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։ Համանախագահները կրկնում են, ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը, առանց նախապայմանների»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նա հիշեցրեց, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ, և որոնք դրված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն․ «Համանախագահների այս հայտարարությունը ոչ այլ ինչ է , քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունը և դրական է արձագանքել դրանում առկա դրույթներին և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն անսա միջնորդների հորդորներին և նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայատարարության վերաբերյալ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել