1lurer.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ:
Մեկ այլ նախագծով՝ առաջարկվում է հնգապատկել պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը՝ 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ:
Օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը: Օրակարգում ներառված բոլոր նախագծերի քվեարկությունը եղել է առանց ընդդիմության մասնակցության: Նախագծին դեմ է արտահայտվել իշխող խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, նշել՝ գործող խորհրդարանը չպետք է ավելացնի նոր գումարման ԱԺ-ի պատգամավորների համար նախատեսված գումարը:
Նախագծերի երկրորդ ընթերցումը նախատեսված է երեք ժամից:
«Նույն օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: ՀՀ-ն 2013-ից հետո մեծ փոփոխությունների է ենթարկվել: Հատկանշական է, որ 2015 թ. Սահմանադրությամբ ՀՀ-ն արդեն խորհրդարանական պետություն է, և 2.5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի` նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը:
Ես կուզենայի ուղիղ համեմատություն անցկացնել պատգամավորական անձեռնմխելիության ինստիտուտի հետ: Առաջին տպավորությամբ և շատ լայն տարածում ունեցող կարծրատիպ կա, որ պատգամավորական անձեռնմխելիությունը արտոնություն է կամ հավելյալ առավելություն է, որով սահմանադիրն օժտել է պատգամավորին, մինչդեռ խոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անձեռնմխելիության ինստիտուտը ևս բխում է հանրային լավագույն շահից՝ ապահովելով պատգամավորին իրացնել անկաշկանդ մանդատ և իրականացնել ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը՝ օգտվելով չեզոքության և անկախության բոլոր հնարավորություններից»,- ասել է Վիկտոր Ենգիբարյանը:
«Ժամանակին խմբակցության ներսում ես այս հարցը բարձրաձայնել եմ: Այո՛, բարձրաձայնել եմ, որ մեկ պատգամավորը կարող է մարզերով պտտվել՝ այդ 50 հազար դրամը և իր աշխատավարձը ծախսելով, իսկ մյուս պատգամավորներն առհասարակ չգնան՝ նույն աշխատավարձը և գումարը ստանալով: Եվ ավելին, ասել եմ՝ եթե բոլոր պատգամավորները գնան, մյուսների վրայից բեռը կթեթևանա: Դա եղել է ընդամենը քննարկում, և որևէ կերպ հարցին լուծում չէ»,- ասել է Սոֆիա Հովսեփյանը:
comment.count (0)