Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։
Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։
Գրագողությունը աշխարհի տարբեր երկրներում ունի տարբեր դրսևորումներ, պատճառներ և դրանցից բխող հետևանքներ։ Վերջիններս, իհարկե, թույլ չեն տալիս նորմալ վերաբերվել Հայաստանում գրագողության պրակտիկային՝ հաշվի առնելով այն գործոնները, որոնք նպաստում են մեր երկրում գրագողության գոյությանն ու տարածմանը։
Որոշ բազմազգ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի դեպքում գրագողության բարձր ցուցանիշը պայմանավորված է օտարերկրյա ուսանողների լեզվական խնդիրներով։
Հայաստանում որտեղի՞ց է սկսվում խնդիրը և մինչև ու՞ր հասնում
Երևանի պետական համալսարանում 2019թ․-ին ԲՈԿ-ի (ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե) և պրոֆեսորադասախոսական կազմի միջև տեղի է ունեցել գրագողության դեպքերի դեմ պայքարի միջոցների, այդ թվում՝ նորմատիվային ակտերի մշակման վերաբերյալ քննարկում[1]։ Համալսարանի կայքում տեղադրված նյութը վերնագրված է այսպես․ «Գրագողության դեմ պայքարը պետք է սկսվի բուհերից»: Սկսենք բուհերից կամ, որ առավել նախընտրելի է, դպրոցներից։
Մի դեպք պատմեմ, որ գրագողության պրակտիկ դրսևորում է․ 2-3 տարի առաջ ՀՀ բուհերից մեկի մագիստրատուրայի մի ուսանող խնդրեց ինձ իրեն տրամադրել իր թեզի թեմային համապատասխանող քանակական հետազոտության տվյալներ, որոնց թվերը փոխելով՝ պատրաստվում էր ներառել իր աշխատանքի (եթե կարելի է այդպես անվանել) հետազոտական մասում։
2019թ-ի հոկտեմբերից 2020թ․-ի հունվար ամիսներին սոցիոլոգ և լրագրող ընկերներիս հետ մի հետազոտություն[2] էինք իրականացրել հայաստանյան բուհերում գրագողության պրակտկան հասկանալու համար։ Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել էին կուրսային, դիպլոմային և գիտական այլ աշխատանքներ գրող կազմակերպությունները, ինչպիսիք են՝ kursayin.am, bankreferat.am և այլն։
Այս կազմակերպությունները գրում են ցանկացած ուղղվածությամբ գիտական աշխատանքներ, և յուրաքանչյուր աշխատանքի համար կա գումարի սահմանված չափ։ Այս գործընթացի շահառու կողմերն են ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը (այդ թվում՝ ստուգող հանձնաժողովների կազմից) և, առհասարակ, բուհերը՝ անկախ կամքից և ակադեմիական ազնվությանը վերաբերող կանոնադրությունից, ինչպես, օրինակ, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի կողմից գրագողության դեմ մշակված քաղաքականության դեպքում[3]․ հետազոտության ընթացքում բուհը գրագողության դեմ պայքարի մեխանիզմների վերաբերյալ մեր ուղարկած հարցմանը պատասխանել էր, որ մինչև 2018-2019 թթ․ ուսումնական տարին համալսարանի նախկին ղեկավարության պահանջով ավարտական, ինքնուրույն և կուրսային աշխատանքները գրվել են բացառապես ձեռագիր տարբերակով։ Այս մոտեցումն ինքնին բարդ է դարձրել իրավիճակի գնահատումը:
Դիտարկենք Քեմբրիջի համալսարանի օրինակը։ Համալսարանի կայքում ոչ միայն ներկայացված է, թե ինչ է գրագողությունը, ինչ տեսակներ կան, ինչպես խուսափել գրագողությունից, և թե ինչ հատուկ ծրագրեր են օգտագործվում ուսանողի աշխատանքը ստուգելու համար, այլև գոյություն ունի ոսկե կանոն[4] այն մասին, որ ստուգող հանձնաժողովը պետք է կասկածի առիթ չունենա, թե ուսանողի աշխատանքի որ հատվածն է իր սեփականը, և որն՝ ուրիշինը:
Ո՞րն է մեր ոսկե կանոնը
Հայաստանում գրագողության վերարտադրման պատճառներից մեկն այն է, որ որոշ ուսանողներ ստանում են բակալավրի աստիճան՝ կապույտ կամ կարմիր դիպլոմավորմամբ (հույս ունեմ՝ ապագայում չենք ունենա գունային տարբերակում), հետագայում ընդունվում և սովորում են մագիստրատուրայում՝ շատ ժամանակ մտավոր սեփականությունը, ինչպես նաև սեփական գիտական միտքն ու աշխատանքն իրենց արժեհամակարգում չունենալով և հետևաբար՝ առանց այդ հետազոտական աշխատանքներում գրագողության առկայության մասին պատկերացման։ Իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ նույն ուսանողը հետագայում հասնում է գիտական որևէ աստիճանի, որի հաշվին տրվում են որոշակի առավելություններ, ինչն էլ արհեստական խթան է դառնում ամեն գնով, օրինակ՝ թեկնածուական, դոկտորական ատենախոսություններում գրագողությամբ հասնելու տվյալ գիտական աստիճանին։
Գրագողության խնդրի կարգավորմանն մասով նշեմ, որ Հայաստանյան որոշ բուհերի կայքերում դժվարհասանելի է կամ առհասարակ բացակայում է բուհի մշակած և հաստատած ակադեմիական ազնվության կանոնակարգը։ Այս ամենին զուգահեռ, օրինակ՝ ԵՊՀ-ում գիտական աշխատանքներում գրագետ հղում կատարելու վերաբերյալ առանձին դասաժամեր հատկացվում են մագիստրատուրայի 1-ին կուրսում։ Մինչդեռ կարիք կա դասավանդումը և հնարավոր բոլոր մեթոդներով իրազեկումը սկսելու բակալավրի առաջին կուրսից։ Այս բացն առաջին հերթին նպաստում է ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում գրագողության վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակին, ինչպես նաև գիտության, սեփական գիտական աշխատանքի, մտավոր սեփականության և կարողության հանդեպ անտարբեր վերաբերմունքի ձևավորմանը։
Հետգրություն․ գրագետ հղումներ կատարելու մեթոդներին և միջազգայնորեն ընդունված ձևերին ծանոթանալու համար առաջարկում եմ կարդալ սա[5]։
[1] Քննարկում ԵՊՀ-ում․ «ԳՐԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԿՍՎԻ ԲՈՒՀԵՐԻՑ»-http://www.ysu.am/news/hy/Struggle-against-plagiarism
[2]https://hetq.am/hy/article/113185?fbclid=IwAR1ZWfYfPmewJvyPp1IPTdxIDqt3Mvl00RKmD40EYy_vh1BS_z3UqOGJVQ0#.XkOmHLbkY-Y.facebook
[3] ՀԱԱՀ, «Գրագողության դեմ պայքարի քաղաքականություն»- https://anau.am/wp-content/uploads/2019/10/gragoxutyan-payqar.pdf
[4] “The golden rule” https://www.hps.cam.ac.uk/students/plagiarism
[5] «Ինչպե՞ս կատարել հղումներ. մեթոդական ուղենիշներ», Սոնա Բալասանյան, 2020թ․- http://www.crrc.am/wp-content/uploads/2019/03/Ref_Guide_Sona_Balasanyan.pdf
comment.count (0)