Ինչպես կանխել բուլինգը [Challenge 22.2 |  Արփի Համբարյան]
18:48 - 11 օգոստոսի, 2021

Ինչպես կանխել բուլինգը [Challenge 22.2 | Արփի Համբարյան]

Համբարյան Արփի

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Երեխայի կյանքում եղած ցանկացած երևույթ, լինի դրական, թե բացասական, մեծ ազդեցություն է թողնում նրա հետագա կյանքի որակի վրա։

Երևի արդեն շատերդ գիտեք` ինչ է բուլինգը, ինչ ազդեցություն է թողնում երեխայի հոգեբանության վրա և ինչ հետևանքների կարող է հանգեցնել ։

Ես 26 տարեկան եմ։ Ողջ կյանքիս ընթացքում ուղղակի կամ անուղղակի ձևով առնչվել եմ բուլինգի հետ, բայց միայն 6 ամիս առաջ եմ բացահայտել, թե ինչ է դա, և թե այն, ինչը վաղուց ծանոթ էր անանուն կերպարով, ինչ է իրականում։

Իմ անտեղյակությունն ու թեմայի շուրջ ոչ լիարժեք պատկերացումն ունեն մի քանի պատճառներ, որոնցից ամենակարևորը թերևս մեր հասարակության՝ խնդիրները ստվերում  պահելու ձգտումն է այն պատճառաբանությամբ, որ եթե խնդիրը փակի տակ է, դադարում է տարածվել ու գոյություն ունենալ։ 

Նախորդ վեց ամիսների ընթացքում «Նոր Լույս» ՀԿ-ի իրականացրած «Պայքար ընդդեմ բուլինգի» ծրագրի շնորհիվ ունեցա մեծ հնարավորություն խորապես ուսումնասիրելու և բաց աչքերով առերեսվելու խնդրին և դրա քայքայիչ հետևանքներին։ 

Վերջերս թեմայի շուրջ հերթական քննարկման ընթացքում հստակ հարց ստացա «Լավ, որ այդքան խոսում եք երևույթից, արդեն հասկացանք, իսկ լուծում չունե՞ք, ի՞նչ եք առաջարկում»։

Լուծումներ միշտ կան․ այս խնդրի լուծումն ու կանխարգելումը պետք է լինեն երեխա, ծնող և ուսուցիչ ակտիվ համագործակցության ու, միևնույն ժամանակ, նրանց հանդեպ անհատական մոտեցման  շնորհիվ։ 

Բուլինգի կանխարգելման հարցում ուսուցիչներն ունեն իրենց մեծ ազդեցությունը։ Ամեն ինչ պետք է սկսել կանխարգելումից

  • Դպրոցում կարող եք կազմակերպել բաց դասեր, իրազեկիչ հանդիպումներ, որոնց ընթացքում աշակերտները մանրամասն կծանոթանան  երևույթին։
  • Դասղեկի ժամերին կարող եք պարբերաբար անդրադառնալ խնդրին, քննարկել երևույթը, խոսել դրա  վատ ազդեցությունների մասին։ 
  • Աշակերտներին ներկայացրե՛ք իրենց իրավունքները, միասին կարդացե՛ք այն օրենքները, որոնցով պաշտպանվում են այդ  իրավունքները։
  • Երբ բուլինգ եք նկատում Ձեր աշակերտների մոտ, լսե՛ք երկու կողմին էլ, առանց նվաստացումների բուլերին բացատրե՛ք, որ բուլինգը վատ երևույթ է։
  • Երբեք մի՛ խրախուսեք բուլերների կատարած վատ արարքները։ Թե՛ բուլերի, թե՛ զոհի ծնողներին զգուշացրե՛ք հարաբերությունների և գործողությունների ընթացքի մասին` նրանց հետ լինելով ակտիվ համագործակցության մեջ։

 Բուլինգի կանխարգելման հարցում անհամեմատելի է ծնողի դերը․ 

  • Մի՛շտ պատրաստ եղեք Ձեր երեխայի հետ երկխոսության, քննարկեք թե՛ լավ, թե՛ վատ արարքները։
  • Դարձե՛ք ձեր երեխայի համար վստահելի, լավ ընկեր, խրախուսե՛ք այն ժամանակ, երբ պատմում է իր խնդիրների մասին, սովորեցրե՛ք խնդիրներն ինքնուրույն լուծել, բայց նաև ցո՛ւյց տվեք Ձեր աջակցությունը և մի՛շտ հիշեցրեք, որ նրա կողքին եք։
  • Ճանաչե՛ք Ձեր երեխայի ընկերներին, հասկացե՛ք, թե ում հետ է անցկացնում իր ժամանակը։ 
  • Օգնե՛ք Ձեր երեխային հասկանալ, թե ինչ է բուլինգը, և ինչպես կարելի է կանխել այն։ Նրան բացատրե՛ք, որ բուլինգը լավ երևույթ չէ և կարող է վատ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի համար։
  • Ձեր երեխային սովորեցրե՛ք կարեկից լինել և, իհարկե, կարեկցե՛ք նրան։ 
  • Երբ Ձեր երեխան ենթարկվել է բուլինգի, առաջին հերթին ուսումնասիրե՛ք իրավիճակը համակողմանի։ Ժամանա՛կ տրամադրեք,  որպեսզի հասկանաք` իրականում ինչ է պատահել, ովքեր են ներգրավված եղել, ինչպես է ամեն ինչ սկսվել։
  • Կա՛պ պահպանեք ներգրավված բոլոր երեխաների ծնողների հետ` նրանց զգուշացնելով իրենց երեխայի վարքի մասին։ 
  • Համագործակցե՛ք Ձեր դպրոցի հետ․ քննարկե՛ք յուրաքանչյուր հանգամանք, աջակցե՛ք Ձեր երեխային՝ պահանջելով, որ բուլերը կրի պատասխանատվություն իր կատարածի համար, քանի որ երբ նա իր արարքին  համապատասխան պատասխանատվությունը չի կրում, անպատժելիության մթնոլորտում նման դեպքերի հաճախականությունը մեծանում է։
  • Մշտապես կա՛պ պահպանեք դպրոցի հոգեբանի հետ, հանդիպե՛ք և նրա հետ քննարկե՛ք Ձեր երեխայի պահվածքը։ Երեխայի և հոգեբանի համատեղ աշխատանքը ևս կարող է օգնել այս հարցում։
  • Վստա՛հ եղեք, որ Ձեր երեխան ապահով միջավայրում է և իրեն թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լավ է զգում ։ 
  • Եվ վերջապես, եղե՛ք լավ օրինակ Ձեր երեխայի համար։

Երբ Դուք դպրոցում կամ բակում ենթարկվում եք բուլինգի, մի՛շտ հիշեք մեկ կարևոր փաստ․ Դուք ոչ ոքի չեք կարող փոխել, կարող եք փոխել միայն ինքներդ Ձեզ․ 

  • Բուլինգի ժամանակ երբեմն լռությունը Ձեր ամենաճիշտ որոշումը կարող է լինել, քանի որ բուլերները սպասում են հենց Ձեր արձագանքին, ագրեսիվ պատասխանին ու լաց լինելուն։ Նրանք այդ տեսարանից հաճույք են ստանում։ Երբ պատասխան ագրեսիա ցույց տաք, բուլերն այդ ժամանակ կտոնի Ձեր նկատմամբ ունեցած հաղթանակը։ Բուլինգի ժամանակ պարզապես լռ՛եք, առանց որևէ զգացմունք ցույց տալու՝ հեռացե՛ք այդ միջավայրից․ այս դեպքում Դուք Ձեզ հետ կտանեք բուլերի հզորությունն, ու նա կմնա ձեռնունայն։
  • Ձե՛ռք բերեք շատ ընկերներ, որոնք բնույթով հանգիստ, հավասարակշռված են, ունեն բարձր առաջադիմություն և դրական հեղինակություն դպրոցում․ երբ լինեք նման միջավայրում, նախ Դուք կսկսեք շատ ավելի լավ սովորել, ավելի լավը դառնալ, բացի այդ՝ Ձեր ընկերների հետ միասին բուլերներին կստիպեք հեռու մնալ ձեզնից։
  • Բուլինգի ենթարկվող երեխաները շատ հաճախ ամաչկոտ են, ունեն որոշակի վախեր և վախենում են նաև բուլերից. այս դեպքում պետք է ուժ հավաքել և գոնե մեկ անգամ դեմ առ դեմ կանգնել բուլերի հետ և ինքնավստահությամբ հասկացնել, որ Դուք չեք վախենում նրանից։ Սա Ձեզ համար կարող է շատ դժվար լինել, բայց վախի շղթաներն ավելի ամուր են կապվում կանգնած ժամանակ, իսկ երբ Դուք փոքրիկ քայլ եք կատարում, դրանք թուլանում են։ Երբ մեկ անգամ առճակատման գնաք, կտեսնեք, թե ինչպես եք հաղթահարում Ձեր վախը, իսկ բուլերն այդ ամենից հետո անակնկալի կգա, ու հավանականությունը մեծ է, որ հանգիստ կթողնի Ձեզ։ 
  • Մի՛ ամաչեք օգնություն խնդրել Ձեր ուսուցիչներից ու ծնողներից․ այն, ինչ Դուք անում եք, մատնություն չէ, դուք այդ քայլով կանխում եք մեծ խնդիր։ Վստա՛հ եղեք, որ բուլերների հիմնական թիրախը միայն Դուք չեք։ Վստահաբար շատ շատերն են, իսկ երբ Դուք բարձրաձայնում եք խնդրի մասին, նախ ինքներդ Ձեզ եք օգնում, ապա` ուրիշներին։
  • Հաջողությո՛ւն գրանցեք Ձեր կյանքում․ սկսե՛ք ավելի լավ սովորել, հաճախել սպորտի, ձեռքբերումներ ունենալ և այլն։  Այս ամենի շնորհիվ կբարձրանան Ձեր հեղինակությունը, սեփական անձի հանդեպ ինքնագնահատականն ու վստահությունը, իսկ հաջողակ, ինքնավստահ, ուժեղ ու անվախ երեխաներից բուլերները աշխատում են հեռու մնալ։
  • Դադարե՛ք փորձել դուր գալ բուլերներին․ Ձեզ հաստատ վատ ընկերներ պետք չեն, երբեք մի՛ փորձեք լինել նրանց շրջապատում։
  • Երբ բուլինգը հասարակական վայրում է, կարող եք բարձրաձայն հանդիմանել բուլերին ու բացատրել նրան, որ իր արարքը սխալ է․ այս դեպքում շատերի ուշադրությունը կգրավեք, և վստահաբար շատերը Ձեզ հետ համակարծիք կլինեն ու կսկսեն, Ձեզ աջակցելով, քննադատել բուլերի վատ արարքը։
  • Կարող եք նաև հաճախել սպորտի։ Իհարկե, ոչ փոխադարձ բուլինգի համար։  Հնարավոր է, որ երբեք չկիրառեք այդ գիտելիքները, բայց միայն այն միտքը, որ Դուք ուժեղ եք ֆիզիկապես, կարող է բուլերին հետ պահել Ձեզնից։ 
  • Երբեմն, եթե ոչ մի միջոց չի օգնում, կարող եք ամեն ինչ սկսկել նոր էջից. կարող եք փոխել տհաճ միջավայրը, տեղափոխվել այլ դպրոց, այլ դասարան և կենտրոնանալ միայն ուսման ու առաջընթացի վրա։ 

Սրանք բուլինգի կանխարգելման փոքրիկ միջոցներն են, որոնք շատ դեպքերում կարող են օգտակար լինել բուլինգի զոհերի համար։ Եվ մեկ կարևոր խորհուրդ բոլորին․ մի՛ լռեք, խոսե՛ք այս խնդրի մասին, Ձեր լռությամբ խրախուսում եք խնդրի տարածումը։ 

Հետգրություն․ մարտահրավերը բաց է հետաքրքրվողների համար։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել