armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները օգոստոսի 9-ին բողոքի ակցիա են իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը:
Նրանք նշում են, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է:
«Մենք նախկինների վերադարձը թույլ չենք տա, մեր բարձրացրած հարցն անձնավորված չէ: Այսօր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել մի անձ, ով նախկին տնօրենի թիմակիցն է: Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարման խորհուրդն արտահերթ նիստ հրավիրի, որպեսզի մեզ ներկայացնեն, թե ինչ է կատարվում մեր այգում»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Հավաքվածները նշեցին, որ ներկայիս տնօրեն Վլադիմիր Սիմոնյանից իրենք գոհ են և նրա հետ կապված ոչ մի խնդիր չկա: Նրանից առաջ ղեկավարող Ռուբեն Խաչատրյանն էլ աշխատանքից հեռացվել էր Երևանի քաղաքապետարանի կողմից՝ աշխատանքի վատ կազմակերպման համար: Կենդանաբանական այգու 8-ամյա աշխատակիցն էլ ասաց, թե ինքը Վլադիմիր Սիմոնյանի վերաբերյալ էլ կարող է ասել, որ նա շատ բարեխիղճ աշխատել է, և չի հասկանում, թե ինչի համար են նրան հեռացնում աշխատանքից:
«Ավելի քան մեկ տարի պայքարելուց հետո քաղաքապետարանը հեռացրել էր նախկին տնօրենին: Եթե իրենք անհանգստացած են կենդանաբանական այգում տիրող իրավիճակով, ապա ավելի լավ է բարձրացնեն աշխատավարձերը: Աշխատողներն ընդամենը 71 հազար դրամ են ստանում՝ ամբողջ օրն էլ արևի տակ»,- նշեց մեկ այլ աշխատակից:
Աշխատակիցները նաև նշեցին, որ Վլադիմիր Սիմոնյանն այս ընթացքում գտնվել է հիվանդանոցում և անգամ չի ծանուցվել աշխատանքից իր ազատման մասին:
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ ակցիան շարունակվելու է այնքան, մինչև խնդիրը լուծում ստանա:
Բողոքի ակցիան չազդեց կենդանիների խնամքի ժամանակացույցի վրա, քանի որ աշխատանքային օրվա սկզբին բոլոր աշխատակիցները վերադարձան իրենց պարտականություններին:
comment.count (0)