armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու տնօրենի նախկին պարտականությունները կատարող Վլադիմիր Սիմոնյանն ազատվել է աշխատանքից, քանի որ փաստաթղթերով չի համապատասխանել տնօրենին ներկայացվող պահանջներին: Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչպես է նշանակվել այդ պաշտոնին, Կարապետյանը նշեց, որ տվյալները վերջերս են ի հայտ եկել:
«Այդ տվյալները փաստում են այն մասին, որ փաստաթղթերով Սիմոնյանը չի համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին: Այդ պատճառով տնօրենի նոր պաշտոնակատար նշանակելու անհրաժեշտություն առաջացավ: Որոշում է կայացվել ԺՊ նշանակել Արևիկ Մկրտչյանին, ով զգալի փորձ ունի ոլորտում՝ աշխատել է Կենդանաբանական այգում, բացի դրանից, ոլորտում փորձառու և որակյալ մասնագետ է»,- նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներն օգոստոսի 9-ին բողոքի ակցիա էին իրականացնում՝ դեմ արտահայտվելով տնօրենի նոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանի նշանակմանը: Աշխատակիցները նշում էին, որ Մկրտչյանը նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն ու թիմակիցն է, և պնդում, որ թույլ չեն տալու նախկինների վերադարձը:
Հարցին, արդյոք այդ ամենը համապատասխանում է իրականությանը, Կարապետյանը բացասական պատասխան տվեց:
«Այո, Արևիկ Մկրտչյանն աշխատել է նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ: Թյուրընկալումներից խուսափելու համար պետք է արձանագրել, որ կենդանաբանական այգում այսօր աշխատողների մեծ մասը նույնպես աշխատել է այդ ժամանակ: Ցանկանում եմ փարատեմ այն մտայնությունը, որ Արևիկ Մկրտչյանը գալու է ու կատարի Ռուբեն Խաչատրյանի ծրագրերը. այդպիսի բան չի լինի»,- ասաց Կարապետյանը:
Անդրադառնալով այն լուրին, թե Վլադիմիր Սիմոնյանին, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում, չի ծանուցվել աշխատանքից ազատման մասին, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը նշեց, որ բանավոր նրան այդ մասին մի քանի անգամ հայտնել են:
«Տնօրենի պարտականությունները կատարողին այդ լիազորությունների դադարեցման մասին ծանուցման կարգ օրենսդրությամբ չի նախատեսվում: Մինչև հիվանդանոց գնալը, պարոն Սիմոնյանը բանավոր տեղեկացել է այդ մասին և տեղյակ է եղել»,- ընդգծեց Կարապետյանը:
comment.count (0)