Նախագծի ընդունման հետևանքով կփակվեն գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մոտ 70-80%-ը․ գրավատան տնօրեն
06:52 - 19 մարտի, 2019

Նախագծի ընդունման հետևանքով կփակվեն գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մոտ 70-80%-ը․ գրավատան տնօրեն

Վերջին օրերին բազմաթիվ են բողոքները հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցների կողմից: Նրանք դժգոհում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխություններից, ըստ որոնց՝ 60 անգամ ավելացվելու է նշված ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Գրավատներից մեկի տնօրեն Մհեր Գևորգյանը Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունից իրենց ոչ մի հստակ հիմնավորում չեն տվել, թե ինչու են ցանկանում միանգամից 6000 տոկոսով բարձրացնել պետտուրքը: «Կառավարության շենքի մոտ մեզ մոտեցած Ալեն Սիմոնյանը միայն ասաց՝ փորձում են լրացնել հարկային օրենսդրության (պրոգրեսիվից համահարթ) փոփոխության հետևանքով բյուջեում առաջացող մուտքերի պակասորդը»:

Ըստ Գևորգյանի՝ պետական տուրքը բարձրացնելու անհրաժեշտություն ամենևին չկա, մինչդեռ, միանշանակ, բարձրացման հետևանքով շատ տնտեսվարողներ ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը: «Իսկ եթե պետությանը անհրաժեշտ է դա ու անխուսափելի է, ուրեմն՝ եթե բանկերինն և ունիվերսալ վարկային կազմակերպություններինը բարձրացնում են համապատասխանաբար 2.3 և 6 անգամ, թող քննարկումներից հետո գրավատների և փոխանակման կետերի նկատմամբ էլ համաչափ մոտեցում ցուցաբերվի»,-ասաց գրավատան տնօրենը:

Նա մտահոգություն հայտնեց, որ նախագծի ընդունման հետևանքով կփակվեն գրավատների և տարադրամի փոխանակման կետերի մոտ 70-80%-ը, իսկ մոտ 800-1000 հոգի կկորցնի աշխատանքը: «Հարկերի մասով էլ դժվար է ինչ որ թիվ ասել, որովհետև ոչ մի տվյալ չի հարապարակվում Կենտրոնական բանկի կողմից գրավատների և փոխանակման կետերի մասով», - նշեց Գևորգյանը։

Նախագծի շահառուի խոսքերով՝ օրենքի փոփոխության հեղինակները իրենց հետ ոչ մի քննարկում չեն կազմակերպել, միայն նախորդ հինգշաբթի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն է իր մոտ հրավիրել բողոքի ակցիայի մասնակիցներից երկու հոգու. «Լսեց մեր առարկություններն ու խոստացավ քննարկել համապատասխան մարմինների հետ, պատասխան տալ: Հիմա սպասում ենք իրենց արձագանքին»։

Նշենք, որ նախագծին կողմ չէ նաև ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, որը նախօրեին նշել էր, թե դա մեծ բեռ է լինելու. «ՀՀ-ում գործում է 200-ից ավելի փոխանակման կետ և130 գրավատուն, որոնցից յուրաքանչյուրը միջինում 2-3 աշխատող ունի: Գործ ունենք բավականին մեծ աշխատողների թիվ ունեցող սեգմենտի հետ, և իրենց համար իրոք մեծ հարկային բեռ է ավելանում»:

Նախագծին անդրադարձել էր նաև «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն՝ նշելով, որ գործ ունենք մի խմբի շահերի հաշվին մյուսների շահերի սպասարկման խնդրի հետ: «Ըստ էության՝ առաջարկվող փոփոխությունները միտված են շուկայի փոքր ու միջին խաղացողներին դաշտից դուրս մղելուն և ոլորտը խոշոր խաղացողների ձեռքերում կենտրոնացնելուն: Կարելի է արձանագրել, որ ֆինանսական ոլորտի պատասխանատուների համար սովորական գործելաոճ է դառնում, երբ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոց է դիտարկվում գլխի հեռացումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել