Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին
12:23 - 18 մարտի, 2019

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային տնօրենին

Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերի գլխավորած պատվիրակությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միրյանա Շպոլյարիչ Էգգերը նշել է, որ ՄԱԶԾ-ն պատրաստ է գործողությունները այլ միջազգային գործընկերների հետ կոորդինացնելով՝ աջակցել կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Զրուցակիցները կարևորել են այս գործընթացում Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և դրա ձևավորած գործիքների դերակատարությունը:

Քննարկվել են նաև հանրային կառավարման, թվայանացման, զբաղվածության խթանման ոլորտներում իրականացվելիք բարեփոխումների համատեքստում համագործակցության հեռանկարները:

Այնուհետև, Տիգրան Ավինյանը և Միրյանա Շպոլյարիչ Էգգերը մասնակցել են Կայուն զարգացման ազգային նորարարական կենտրոնի նոր գրասենյակի բացմանը և կենտրոնի ստեղծած առաջին գործիքի՝ Travelinsghts-ի ներկայացմանը:
Իր խոսքում փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի անդամ այլ երկրների հետ միասին, հանձնառություն է ստանձնել 2030թ. դրությամբ կյանքի կոչել Կայուն զարգացման 17 նպատակները:

Դրան հասնելու համար հիմնարար նշանակություն ունի ոչ միայն կառավարության նպատակասլաց աշխատանքը, այլև տարբեր շահառուների՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հանրույթի և մասնավոր հատվածի ներգրավմամբ՝ հին խնդիրներին նոր լուծումներ տվող գործիքների ստեղծումը և նախաձեռնությունների առաջքաշումը:

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել