ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն և ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ:
Այսպիսով, ըստ փոփոխությունների՝ նախարարությունները կլինեն այսպիսին՝
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) Առողջապահության նախարարություն,
3) Արդարադատության նախարարություն,
4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) Արտաքին գործերի նախարարություն,
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) Շրջակա միջավայրի նախարարություն,
8) Պաշտպանության նախարարություն,
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) Ֆինանսների նախարարություն:
Նախատեսվող փոփոխությունների համաձայն, նաև վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնփակ:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց, որ նախարարությունը կոչվի ոչ թե Բարձր տեխնոլոգիաների, այլ Բարձր տեխնոլոգիական նախարարություն, ինչը ընդունվեց:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց՝ լինի Բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն, և կոչ արեց՝ կառավարության անդամները քննարկեն, բայց վարչապետը նշեց, որ քանի ամիս կար, կարող էին քննարկել:
Վարչապետը կարևորեց այնպիսի նախարարություն ունենալը, որ արդյունաբերություն բառը լինի: «Մեր քաղաքական ուղերձը դա է, որ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»,-ասաց նա:
Այսպիսով, նախագիծը ընդունվեց և կուղարկվի Ազգային ժողով:
Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ Բնապահպանության նախարարությունը՝ Շրջակա միջավայրի նախարարություն:
Նոր նախագծով նաև Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է Էկոնոմիկայի նախարարություն:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:
Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
comment.count (0)