Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|
13:25 - 16 սեպտեմբերի, 2021

Մի քաղաքի ու նախագահի պատմություն․ Սերժ Սարգսյանի բոլոր ճանապարհները տանում էին Բադեն-Բադեն |fip.am|

fip.am: Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։

«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա, նույն Բադեն-Բադենում»-, հայտարարեց Սուքիասյանը։

Հաջորդ օրը Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ոչ միայն վերահաստատեց իր ելույթում արված պնդումները, այլև հայտնեց նոր մանրամասներ. «Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն: Կարող ես խաղալ, հետո վճարել»:

Սարգսյանին՝ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում միլիոններ վատնելու մեջ բազմաթիվ անգամներ մեղադրել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարկ է նաև նշել, որ 2021 թ. արտահերթ ընտրություններից առաջ, պատասխանելով այս մեղադրանքներին, Սարգսյանը չէր հերքել իր՝ Բադենում լինելը, բայց և նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, իսկ նա մշտապես շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։

«Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը, և ուսումնասիրել է, թե որ ուղղություններով է այն թռել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին։ Որոշ թռիչքների բացահայտման համար օգտագործվել են նաև բաց աղբյուրներ։

Բադենի ամենամյա հանգստի առեղծվածը

Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքը

Սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ ավելի քան 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան։ Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեից FIP.am-ին տրամադրած տվյալներից։

Հարկ է նշել, որ չնայած տրամադրած տվյալների մի մասում որպես ժամանման քաղաք նշված է «Բադեն», մյուսներում՝ «Բադեն-Բադեն», իսկ որոշ դեպքերում նաև «Կարլսռուhե», սակայն ուսումնասիրելով այդ թռիչքների ժամանակագրությունը և համադրելով համացանցում եղած լուսանկարները՝ պարզ է դառնում, որ բոլոր դեպքերում խոսքը Գերմանիայի Բադեն տարածաշրջանում Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների միջև գտնվող Կարլսռուհե/Բադեն-Բադեն (Flughafen Karlsruhe/Baden-Baden) օդանավակայանի մասին է:

Այսպես, առաջին անգամ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն իր հանգստի համար Հայաստանի հարկատուների հաշվին պետական օդանավը օգտագործել է 2008 թ. օգոստոսին՝ Բադեն-Բադեն մեկնելու համար։ Համաձայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախագահը երկշաբաթյա արձակուրդ էր մեկնել օգոստոսի 4-ին։ Նշված էր, որ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, ինչից հետո կմեկնի Պեկին՝ պաշտոնական հանդիպման։

Թռիչքը, սակայն, իրականում տեղի էր ունեցել հայտարարությունից մեկ օր առաջ։ Օգոստոսի 3-ին EK-RA01 գրանցման համարով հայկական կառավարական օդանավը գերմանացի լուսանկարչի կողմից նկատվել էր առողջարաններով և խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում վայրէջք կատարելիս։

Երկու օր անց՝ օգոստոսի 5-ին, մեկ այլ լուսանկարիչ կրկին ֆիքսել էր հայկական օդանավը նույն օդանավակայանում՝ հայտնելով, որ Հայաստանի նախագահը այնտեղ է մնացել 3 օր։

Հատկանշական է, որ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցուցակում առկա չէ այս թռիչքը, ինչպես որ բացակայում են հաջորդ տարվա՝ 2009-ի օգոստոսին նախագահի արտերկրյա արձակուրդի թռիչքի տվյալները:

Կարմիրով նշված են կառավարական օդանավի փաստացի կատարած, բայց Քաղավիացիայի տրամադրած տվյալներում բացակայող թռիչքները

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նախագահն արձակուրդ էր մեկնել 2009 թ. օգոստոսի 11-ին, իսկ արդեն օգոստոսի 15-ին կառավարական օդանավը ֆիքսել էին Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում։ Թե որքա՞ն է այնտեղ մնացել Սարգսյանը՝ հայտնի չէ։

Ժամանում պաշտոնական այցով Սանկտ-Պետերբուրգում, 2016 թ․

Նույն տարում՝ չորս ամիս անց, Սարգսյանը, օգտագործելով պաշտոնական հանդիպման առիթը, կրկին թռել է Բադեն։ Մյունխենում 2009 թ. նոյեմբերի 22-ին պլանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ղարաբաղյան խնդրով բանակցությունների համար։ Այս հանդիպման կազմակերպման համար նախագահը Քաղավիացիայի վարչությանը կարգադրել էր պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթերը։ Ընդ որում, ըստ կարգադրության, հանդիպումից 4 օր առաջ նախապես մեկնում են միայն նախագահ Ս․ Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Ա․Ղահրամանյանը, ՊՊԾ պետի տեղակալ Վ. Ղազարյանը (Սերժի Վաչո) և անվտանգության ևս 5 աշխատակիցներ։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մյունխենում, 2009 թ․

Սակայն պատվիրակությունն ուղիղ մեկնում է ոչ թե Մյունխեն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, այլ Բադեն-Բադեն քաղաք, և ինքնաթիռը միայն նոյեմբերի 22-ին է նկատվում Մյունխենի օդանավակայանում։

Այսինքն՝ Ալիևի հետ հանդիպումից մի քանի օր առաջ Սարգսյանը ժամանակ է անցկացրել Բադեն-Բադենում, որտեղից էլ մեկնել է պաշտոնական հանդիպման։

Սարգսյանի հաջորդ այցը Բադեն-Բադեն կայացել է 2010 թ. հուլիսին՝ արձակուրդի ընթացքում։ Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանը հուլիսի 24-ին մեկնելու էր «կարճատև արձակուրդի», որի «միայն մի մասը» պետք է անցկացներ արտերկրում:

Սակայն ի հակառակ աշխատակազմի հաղորդագրության, Սարգսյանն արձակուրդի ողջ ընթացքում մնում է արտերկրում։ Համաձայն թռիչքների ժամանակագրության՝  կառավարական ինքնաթիռը Երևանից մեկնել է հուլիսի 24-ին և մինչև օգոստոսի 8-ը մնացել Բադեն-Բադենի օդանավակայանում։ Այս շրջանում նախագահական կայքում ևս բացակայում են նախագահի մասին մամուլի հաղորդագրությունները։

Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ այնքան առողջարանային այս քաղաքում երկու շաբաթ գտնվելու փաստը, այլ օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրում Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել։

Բադեն-Բադեն ամենամյա այցելությունների շրջանակում 2011 թվականը ևս բացառություն չէր։ Նախագահը մեկնել էր «կարճատև» արձակուրդի։

Հուլիսի 30-ին նախագահական օդանավը մեկնել էր Բադեն-Բադեն։ Հատկանշական է, այս դեպքում թռիչքը դեպի գերմանական այս քաղաք նախագահի համապատասխան հրամանագրում չէր թաքցվում, ինչպես նախորդ անգամ։

Սարգսյանի «կարճատև» հանգիստը գերմանական այս քաղաքում տևում է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 11-ը և ավարտվում Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ նախագահը ժամանել էր աշխատանքային այցով։

2012 թ. հուլիսի 26-ին մեկնարկած Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի առիթը Սարգսյանը նույնպես հաջողացրել էր օգտագործել կրկին Բադեն-Բադեն այցելելու համար։ Այսպես, նախագահը պետք է ներկա գտնվեր Լոնդոնում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Պաշտոնական այցի վերջում, սակայն, պետական ինքնաթիռը ոչ թե վերադառնում է Երևան, այլ վայրէջք կատարում Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայանում։

Արդեն օգոստոսի 2-ին նախագահականը հաղորդագրություն է տարածում՝ հայտնելով, որ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում։

Օգոստոսի 7-ին, ընդհատելով հանգիստը, 3-րդ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է ՌԴ նախագահի հետ։ Այս թռիչքը, սակայն, Քաղավիացիայից ստացած տվյալներում բացակայում է, և հարց է ծագում, թե ի՞նչ օդանավով և որտեղից է Սարգսյանը մեկնել Մոսկվա հանդիպման։

Հետաքրքրական է նաև պետական օդանավի՝ օգոստոսի 15-ին իրականացրած Երևան-Կալյարի-Երևան չվերթը, որի մասին տեղեկություն չկա ո՛չ նախագահականի հաղորդագրություններում, ո՛չ էլ կարգադրություններում։

Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառավարական ինքնաթիռը թռիչք կատարել իտալական Կալյարի հանգստյան քաղաք, որը հայտնի է իր տեսարժան վայրերով և խաղատներով։

2013 թվականին Սարգսյանը, վերընտրվելով նախագահի պաշտոնում, չխախտելով ավանդույթը, հանգիստը կրկին անցկացրել է Բադեն-Բադենում։ Նախագահական օդանավը նրան հունիսի 12-ին տարել է գերմանական այս քաղաք։ Ուշագրավ է, որ օդանավը միանգամից չի վերադարձել Երևան, այլ կանգառ է արել Իսպանիայի Բարսելոնա քաղաքում։

Մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, Երևանից պետական օդանավը մեկնել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայան, որտեղից նրան տարել է Վիեննա՝ նույն օրը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որի ավարտից հետո՝ նույն օրը, Սարգսյանին վերադարձրել է Երևան:

Սակայն պաշտոնական հանդիպումներով խաթարված իր հունիսյան հանգիստը Սարգսյանը շարունակել է մյուս ամիս։ Այսպես, հուլիսի 22-ին պետական օդանավը Սարգսյանին տարել է Բադեն-Բադեն, թողել նրան այնտեղ և տրանզիտային վայրէջք կատարելով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում՝ վերադարձել է Երևան։

Այս անգամ ևս նախագահի հանգիստը ընդհատվել է աշխատանքային այցովօգոստոսի 4-ին Սարգսյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Պետական օդանավը, սակայն, նախագահին վերցրել է ոչ թե Բադեն-Բադենից, որտեղ նրան թողել էր, այլ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից, որը գտնվում է Բադեն-Բադենից ընդամենը 150 կմ դեպի հարավ։

Թե ինչու՞ և ինչպե՞ս էր նախագահը հայտնվել աշխարհի ֆինանսական և բանկային կենտրոն համարվող շվեյցարական այս քաղաքում՝ անհայտ է։ Սակայն երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո նա կրկին Ցյուրիխ է վերադառնում՝ ևս մեկ շաբաթ արձակուրդ անցկացնելու։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 11-ին, նախագահին արձակուրդից վերադարձնելու համար Երևանից Ցյուրիխ է մեկնում  պետական օդանավը, որը հետ գալու ճանապարհին վայրէջք է կատարում նաև Աթենքում, ամենայն հավանականությամբ՝ վերցնելու այն ուղևորին/ներին, որոնց թողել էր այնտեղ ավելի քան 20 օր առաջ։

Սերժ Սարգսյանն ու կառավարական օդանավը

2014 թվականի օգոստոսի 3-ին նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել, որտեղից էլ պետք է մեկներ Սոչի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Ուշագրավ է սակայն, որ Սարգսյանը, Ալիևի հետ հանդիպումից առաջ կրկին մեկնում է Բադեն-Բադեն։ Նա այնտեղ մնում է երեք օր՝ օգոստոսի 5-8-ը, որից հետո մեկնում է Սոչի, որտեղ կայացած եռօրյա հանդիպումներից հետո՝ օգոստոսի 11-ին, վերադառնում է ոչ թե Երևան, այլ Բադեն-Բադեն։ Նույն օրը նախագահականը հայտնում է նրա՝ կարճատև արձակուրդ մեկնելու մասին։

2015 թ. ամռանը, չխախտելով ավանդույթը, Սարգսյանը արձակուրդը անցկացրել է Բադեն-Բադենում՝ պետական օդանավով այնտեղ մեկնելով հուլիսի 24-ին։ Պետական օդանավը այնտեղ մնում է երկու շաբաթ. Սարգսյանը օգոստոսի 1-ին վերադառնում է Երևան՝ արարողության մասնակցելու համար։ Երկու օր անց պետական օդանավը նրան տանում է Ցյուրիխ, որտեղ Սարգսյանը մնում է մինչև օգոստոսի 15-ը։ Նկատենք, որ օդանավակայանում պետական օդանավի կայանման համար անհրաժեշտ է վճարել  կայանման վճար։

Իր ղեկավարման վերջին երկու տարիներին՝ 2016 և 2017 թվականներին, Սարգսյանն այցելում էր Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ արդեն տարեկան երկուական անգամ։

Սակայն ամենաուշագրավը Սերժ Սարգսյանի այցն է Բադեն-Բադեն Ապրիլյան պատերազմի ֆորմալ ավարտից մի քանի ժամ անց՝ ապրիլի 5-ին։ Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլի 5-ին հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց, սակայն, փաստացի, լարված իրավիճակը և ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով դեռ շարունակվում էին։ Ավելին՝ հակառակորդը շարունակում էր խոշոր տրամաչափի զենք կիրառել, հայկական կողմից գրանցվում էին զոհեր, իսկ բազմաթիվ զինվորներ կյանքի համար պայքար էին տալիս։

Եվ այս ծանր իրավիճակում, պարզվում է, Սարգսյանը ապրիլի 6-7-ին դեպի Գերմանիա նախատեսված պաշտոնական այցը օգտագործել է կրկին Բադեն-Բադեն մեկնելու համար։ Ապրիլի 5-ին Սարգսյանը «Եռաբլուրում» հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը մասնակցելուց հետո մեկնել է ոչ թե Բեռլին՝ պաշտոնական այցի, այլ Բադեն-Բադեն և մեկ օր անց միայն՝ ապրիլի 6-ին հայտնվել Բեռլինում։ Ի՞նչ էր անում Սարգսյանը Բադեն-Բադենում երկրի համար այդ սարսափելի ժամանակահատվածում և ինչու՞ Երևանից մեկնեց հանդիպումից մեկ օր առաջ՝ կրկին հայտնի չէ։

2016 թ. օգոստոսին նախագահը կրկին մեկնում է Բադեն-Բադեն՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցից անմիմիջապես հետո։ Սարգսյանը Բադեն-Բադեն է մեկնել անմիջապես Բրազիլիայից, բայց ոչ նախագահական օդանավով։ Սակայն արդեն օգոստոսի 25-ին Երևանից մեկնած պետական օդանավը վերադարձրել է նրան Երևան։

2017 թ. ամանորյա տոները նախագահը կրկին որոշում է անցկացնել արդեն հարազատ դարձած գերմանական քաղաքում և հունվարի 5-ինհայտարարելով իր արձակուրդի մասին, պետական օդանավով մեկնում է Բադեն-Բադեն/Կարլսռուհեի օդանավակայան։

Պետական օդանավով Սերժ Սարգսյանի վերջին արձակուրդային թռիչքը դեպի Բադեն-Բադեն տեղի է ունեցել 2017 թ. հուլիսի 22-ին, ընդ որում՝ պաշտոնապես արձակուրդի հայտարարումից երկու օր շուտ։

Արդեն օգոստոսի 5-ին Սարգսյանն ընդհատում է արձակուրդը և գործարար Սամվել Կարապետյանին պատկանող օդանավով մեկնում է (կառավարական օդանավը խափանվել էր Գերմանիայում) Թեհրան՝ մասնակցելու Իրանի՝ վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Այնուհետև Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մեկնում է Ցյուրիխ, որտեղից օգոստոսի 14-ին պետական օդանավով վերադառնում է Երևան։

Շարունակությունը՝ fip.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել