Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքները։
Խորհրդարանում քննարկվելու են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության, «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, եւ այլ հարցեր։
«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկման թեմային չառնչվող մի հարց տվեց նախագծի զեկուցող, ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին․ հարցը վերաբերում էր վերջին շրջանում հաճախ հիշատակված՝ «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ընդունված այդ օրենքի համաձայն են հստակեցվում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանները։
Մինասյանը, մասնավորապես, դիմելով Վաչե Տերտերյանին, հարցրեց․ «Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը ոչ միայն հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, այլ եղել եք պատասխանատու այդ դիրքում։ Դուք լսել եք այն մեղադրանքները, թե իբր այդ օրենքով նկարագրված է ՀՀ պետական սահմանը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ․ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ եք համարում, որ էդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»։
Տերտերյանն ի պատասխան նախ նշեց, որ ինքը եղել է ոչ միայն այն կառավարություններում, որոնք խոսել են վարչատարածքային փոփոխությունների մասին, այլ աշխատել են բոլոր այն կառավարությունների ժամանակ, որոնք վարչատարածքային բաժանման, եւ, ընդհանրապես, տեղական ինքնակառավարման հիմնադրման ժամանակից են․ «Ես էս ոլորտում ակտիվ աշխատել եմ 1996 թվականից։ Ես չեմ լսել որեւէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք էդպիսի բան չի ասել, համենայն դեպս, իմ հիշողության մեջ էդպիսի բան չկա, ե՛ւ հին, ե՛ւ նոր ժամանակաշրջաններում»,- եզրափակեց Տերտերյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով այս օրենքի վերաբերյալ ընդդիմադիրների հիշատակմանը, ասաց, թե՝ նրանք չեն ժխտում, որ այդ օրենքն ընդունել են, կողմ ենք քվեարկել, որ Շուռնուխից այն կողմ Ադրբեջանն է․ «Չեն ժխտում, որ էդ օրենքը նախ եկել է պրոֆիլային հանձնաժողով, որտեղ նստած՝ առաջարկ չեն ներկայացրել, որ եկեք էդ Ադրբեջանը չգրենք, գրենք՝ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Չեն ժխտում, ասում են՝ դրանով Հայաստանի պետական սահմանը չի որոշվում։ Է, չի որոշվում՝ գրեիք Շվեյցարիան է գտնվում, ի՞նչ կլիներ, ավելի լավ չէ՞ր լինի։ Կարծում եք՝ ՀՀ քաղաքացիներին կարելի է էդպես մոլորեցնե՞լ»,- ասաց Ալեքսանյանը։
Այս ելույթին արձագանքելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ Վաչե Տերտերյանն իր պատասխանով գտնվեց մասնագիտական գործունեության բարեխղճության մակարդակում․ «Հուսով եմ՝ պարոն Տերտերյանի համար քաղաքական հետեւանքներ չեն լինի»։ Ապա, անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին, Վարդեւանյանն ասաց․ «Եթե գրված լիներ Շվեյցարիա, ցավոք, ոչինչ էլ չէր փոխվի, որովհետեւ եթե էդ բանաձեւն աշխատեր, առաջարկում եմ հենց հիմա բերենք օրենքի նախագիծ, հասնենք մինչեւ Ստամբուլ»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում նկատեց․ «Անցնող մեկ տարին, հողատվության ընթացքը Սյունիքում, նույնիսկ հակառակ կապիտուլյացիոն հայտարարությանը, մեր զորքերը հետ քաշվեցին մեկ տասնյակից ավելի կմ-ով, թշնամուն հանձնվեցին հայկական բնակավայրեր, սյունեցի մեր հայրենակիցների սեփականությունը դավաճանաբար տվեցին ադրբեջանցուն։ Այդ ամենը իշխանությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդարացնում էին 2010-ի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Այսօր Վաչե Տերտերյանն ասաց, որ այդ օրենքով չէր կարելի դա անել, դա հանցագործություն է։ Պարոն Տերտերյան, հիմա տեսնո՞ւմ եք՝ հայրենազրկումը, հողատվությունն ու դավաճանությունը ոնց են արդարացնում Ձեր ներկայացրած օրենքի նախագծով»,- ասաց Մանուկյանը՝ դիմելով Վաչե Տերտերյանին։
comment.count (0)