«Տերդ չմեռնի, գիդությո՛ւն» կամ ՀՀ գիտության ապագայի փնտրտուքով [Challenge 21.2 | Կարապետ Մկրտչյան]
14:40 - 05 հոկտեմբերի, 2021

«Տերդ չմեռնի, գիդությո՛ւն» կամ ՀՀ գիտության ապագայի փնտրտուքով [Challenge 21.2 | Կարապետ Մկրտչյան]

Մկրտչյան Կարապետ

«Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Շարունակելով Գեղամ Ջիվանյանի առաջարկած թեման՝ կուզեի խոսել ոչ թե այն մասին, թե ինչ է արվում, այլ թե, իմ համեստ կարծիքով, ինչ է պետք անել հայկական գիտության հետ։

Դժվար է խոսել հայկական գիտության մասին այլ կերպ, քան՝ ինչպես հիվանդի մասին։ Ցավոք, մեր բոլոր համեմատականներն առայժմ այդ տիրույթում են։

Այս առիթով հիշում եմ մի անեկդոտ․ բժիշկը մի մարդու ասում է․ «Հույս չկա, երկու ամսվա կյանք է մնացել»։ Մարդը գնում է ուրիշ բժշկի, որը բուժում է նշանակում։ Մի տարի անց այդ մարդը պատահաբար հանդիպում է առաջին բժշկին, որը զարմացած ու վախեցած հարցնում է․ «Դու դեռ կենդանի՞ ես»։ Պատասխանում է, որ գնացել է այլ բժշկի, բուժվել է և արդեն լրիվ առողջ է։ Բժիշկը մտածում է և ասում․ «Ուրեմն սխալ են բուժել․ ճիշտ բուժման դեպքում Ձեզ ոչինչ չէր փրկի»։

Հայաստանում գիտության մահն անխուսափելի է, եթե շարունակեն այն «ճիշտ բուժել»-ը, ինչպես արվել է վերջին երեսուն տարիների ընթացքում։ Ժամանակն է սկսել հայկական գիտության «սխալ բուժում»-ը, ինչից և կխոսենք ստորև։

ՀՀ կառավարության քայլերը, որ նկարագրված են Գեղամի հոդվածում (և նույնիսկ վերջին օրերի թարմ դրական նորությունները՝ իրենց աննախադեպ բնույթով հանդերձ) կարելի է համարել բուժման նոր մոտեցում, որն իր էությամբ պալիատիվ բնույթ ունի։ Մինչդեռ, ըստ իս, նպատակը պետք է լինի «հիվանդ»-ի լիարժեք բուժումը՝ առողջ և կենսունակ գիտությունը, ոչ թե նրա հավուր պատշաճի թաղումը։ Այդ բուժման նվազագույն «գինը» հայտնի է (տես, օրինակ, «Հայկական (գիտության) հարցը»):

Հաճախ խոսվում է այն մասին, որ գիտության ֆինանսավորման բարձրացումը չի կարող տալ կոնկրետ և արագ արդյունքներ, և խնդիրը ծախսերի նպատակային կազմակերպումն է։ Սովորաբար այսպիսի կարծիք արտահայտողները չեն կարողանում շարունակել իրենց միտքը, չեն առաջարկում նպատակային ծախսի իրենց մոդելը՝ կարծես անիմաստ ու ձևական համարելով մահամերձին փրկելու մասին զրույցները, մինչդեռ դա է կարևոր թեման, որի շուրջ անհրաժեշտ է հրապարակային քննարկում։ Ի վերջո, ենթադրվում են մեծ ներդրումներ հանրային միջոցներից, և ցանկացած կառավարություն այդպիսի ծախսերի արդյունավետության վերաբերյալ հաշվետվողականության խնդիր ունի։ Հետևաբար, ամենահեշտ մոտեցումը մինիմալ դիմադրության ճանապարհով գնալն է, նույնիսկ եթե այն երաշխավորված տանում է դեպի անդունդ։

Այս ակնարկի նպատակը այդ քննարկումը հրահրելն է (կամ էլ դրան նպաստելը)՝ առաջարկելով նպատակային ներդրումների բազմաթիվ մեխանիզմներից մեկը, որը կօգնի ստեղծել մնայուն գիտության նոր և առողջ բջիջներ՝ չհակադրելով դրանք հներին։

Չունենալով գիտական համակարգերի կազմակերպման փորձ՝ ներկայացնեմ իմ պատկերացումները, թե ինչպես կարելի է միջոցներ ուղղել գիտության մեջ՝ ապահովելով արդյունավետության բարձր նշաձող։ Իմ կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կենթադրեն միանգամյա մեծ ներդրումներ՝ տեսանելի և մնայուն արդյունքով։ Անհրաժեշտ գումարները պետք է տրամադրի ՀՀ կառավարությունը՝ մշակելով գործիքներ, ստեղծելով միջավայր, որը կնպաստի նաև մասնավոր սեկտորի ներգրավմանը։ Այդպիսի մեխանիզմի ստեղծման համար օգտակար կլիներ ստեղծել ՀՀ Գիտական Հետաքրքրությունների Հիմնադրամ, որը հնարավորություն կտա  ներգրավել ոչ միայն պետական, այլև մասնավոր միջոցներ, համակարգել ներդրումները և դրանց նպատակային կիրառությունը դարձնել ավելի ճկուն։

Գիտությունը պահանջում է լավագույնների միջավայր, այլապես մրցունակ չի կարող լինել։ Այդպիսի միջավայր հնարավոր է կառուցել կայուն բջիջների՝ գերազանցության կենտրոնների միջոցով։

Առաջարկվող մոտեցումը գերազանցության կենտրոնների ստեղծումն է՝ հիմնվելով դեռ մնացած առողջ ներուժի վրա։ Ավելորդ է ասել, որ այդ կենտրոնները պետք է լինեն միջազգայնորեն մրցունակ՝ արտերկրից (ոչ միայն հայ) գիտնականներ ներգրավելու համար: Գերազանցության կենտրոնները սովորաբար իրենց շուրջ ստեղծում են որոշակի միջավայր, որը հանգեցնում է գիտակրթական միջին մակարդակի կտրուկ աճի։ Նմանատիպ կենտրոնների օրինակներ շատ կան աշխարհում, կնշեմ դրանցից մի քանիսը, որոնց ծանոթ եմ։

Նոր կենտրոնները ճանաչելի դարձնելու համար երկար ժամանակ է պահանջվում, մինչդեռ երբեմն կարող են լինել օրինակներ, երբ ներկրվում է արդեն գոյություն ունեցող գիտական կամ կրթական բրենդ, ինչպիսին, օրինակ, Դիլիջանի դպրոցն է: Սկսենք նման օրինակներից։

Համալսարանական օրինակ է ֆրանսիական մոդելի «Նորմալե» համալսարանների ցանցը։ Այդպիսի համալսարաններից մեկը գործում է Իտալիայում՝ պատմական պատճառներով, և Իտալիայի լավագույն համալսարանն է։ Այսինքն՝ Ֆրանսիայից դուրս այդպիսի համալսարանի գոյության նախադեպ կա։ Իմ կարծիքով, Ֆրանսիայի հետ համագործակցության լավագույն օրինակ կլիներ նման համալսարանի ստեղծումը Հայաստանում, հենց ֆրանսիական բրենդի ներկրմամբ, անվանելով այն Նորմալ Համալսարան կամ Նորմալ Բարձրագույն Դպրոց՝ ուղիղ թարգմանությամբ։ Այսպիսի համալսարանի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է լինել փոքր, ընդգրկել միայն մի քանի ուղղություններ (առնվազն սկզբում)․ այդպիսի համալսարանի ստեղծումը կարող է լինել ՀՀ ֆինանսական հնարավորությունների սահմաններում (թերևս հիանալի կլիներ, եթե ֆրանսիական կողմն աջակցեր նաև ֆինանսապես)։ Նորմալե համալսարանների փիլիսոփայությունն է լավագույն տաղանդներին լավագույն կրթություն տալ՝ անկախ նրանց ընտանիքի կարողություններից։ Մասնավորապես, Պիզայի Սկուլա Նորմալե համալսարան ընդունվում է տարեկան մոտ հարյուր ուսանող (բոլոր ուղղությունները միասին վերցրած)․ դրանք Իտալիայի այն լավագույն տաղանդներն են, որոնք չեն մեկնել ուսման արտերկիր։ Այդ ուսանողների ընտանիքների ծախսը նրանց ուսման համար հասցված է զրոյի։ Հայաստանի պարագայում այդ ուսանողների թիվը կարող է ավելի փոքր լինել, բայց դա հնարավորություն կտա կտրուկ բարձրացնել կրթության մակարդակը, ինչպես նաև կծառայի որպես սոցիալական վերելակ աղքատ ընտանիքներում ծնված տաղանդավոր երեխաների համար։ Հայկական մարդկային ռեսուրսը սուղ է, այն վատնել չի կարելի․ խոստումնալից ուսանողին պետք է տալ իր ներուժը զարգացնելու հնարավորություն՝ անկախ սոցիալական դրությունից։ «Նորմալե» բրենդի ներկրումը բավականին հավակնոտ նպատակ է։ Վերջերս Նեապոլում Պիզայի Նորմալեի նոր մասնաճյուղ բացելու փորձ արվեց, որը Պիզայի Նորմալեի սենատը մերժեց այն բացատրությամբ, որ անհնար է լինելու խուսափել որակի անկումից և Նորմալե համալսարանի անվան արժեզրկումից։ Այնուամենայնիվ, բավարար քաղաքական կամքի և նվիրվածության պարագայում, ինչպես նաև Ֆրանսիայի բարձրագույն քաղաքական ղեկավարության բարի կամքի օգնությամբ, Հայաստանի պարագայում չի բացառվում նման որոշման հասնելու հնարավորությունը։ Դրան կարող են նպաստել նաև հայ գիտնականների կապերը «Նորմալե» համալսարանների ցանցում։

Գերազանցության կենտրոնի օրինակ է նաև գերմանական Մաքս-Պլանկ Ինստիտուտների ցանցը։ Գոյություն ունեն Մաքս-Պլանկ ինստիտուտի կամ կենտրոնի՝ արտերկրում հիմնադրելու օրինակներ։ Այդպիսի կենտրոններ կան Հռոմում, Ֆլորենցիայում, Նեյմեյխենում և նույնիսկ Յուպիտերի վրա։ Համապատասխան որակի աշխատանք տանելու դեպքում կարելի է հասնել Մաքս-Պլանկ հանրույթի համաձայնությանը, գուցե նույնիսկ լուրջ աջակցությանը՝ Հայաստանում նման կենտրոն ստեղծելու համար։

Նախորդ օրինակի նման սեփական մոդել է ներդրվել Կորեայում՝ Հիմնարար Գիտության Ինստիտուտի կենտրոնների ցանց (չշփոթել ՀԳԻ հետ): Իմ գնահատմամբ, Հայաստանում այսպիսի մեծ և ինքնուրույն ցանցի ներդրման համար կպահանջվեն ավելի մեծ գումարներ, քան պետական-հանրային միջոցներով հնարավոր կլինի մոբիլիզացնել մոտակա մի քանի տարիների ընթացքում, հետևաբար  խնդրի լուծումը կարելի է պատկերացնել միայն մասնավոր ներդրողների ներգրավմամբ կամ այն դիտարկել որպես երկարաժամկետ պլան։ Մասնավոր ներդրողի օգնությամբ ստեղծված գերազանցության կենտրոնի լավ օրինակ է Մոսկվայի պետական համալսարանին կից տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ինստիտուտը։

Այնուամենայնիվ, մինչև մասնավոր ներդրողների ակտիվացումը շատ կարևոր է, որ պետությունը ապահովի գործընթացի սկիզբը՝  հիմնելով մի քանի փոքր գերազանցության կենտրոններ։

Կարևոր է նշել, որ գերազանցության կենտրոնի ստեղծումը ենթադրում է տվյալ ոլորտի՝ միջազգայնորեն մրցունակ գիտնականներին աշխատանքի գրավիչ առաջարկ։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի նման երկրներում, որտեղ չկա  նման կենտրոնների գոյության ավանդույթ, առանց լուրջ երաշխիքների դժվար է ներգրավել հեղինակավոր գիտնականներ։ Այդ երաշխիքներից կարող է լինել, օրինակ, որ կենտրոնը ինչ-որ պատահական քաղաքական որոշման արդյունքում չի փակվի՝ գիտնականներին զրկելով խոստացած աշխատանքային հնարավորությունից։ Երաշխիքների հնարավոր տարբերակ է կենտրոնի անկախությունը (գոնե մասնակի) պետական ֆինանսավորումից։ Թվում է՝ պարադոքս է, որ կառավարությունը ֆինանսավորում է մի կենտրոնի ստեղծումը, որը հետագայում պետք է  իրենից անկախ լինի, սակայն աշխարհում բազմաթիվ են նմանատիպ մոդելով աշխատող կենտրոնները։ Պետությունը ներդնում է անկախ հիմնադրամի գլխագումարը՝ արտոնելով հիմնադրամին գումարը տնօրինել սեփական հայեցողությամբ՝ չկաշկանդվելով բյուջետային և հարկային ժամանակացույցերով։

Փորձենք մոտավոր թվերով ներկայացնել ներդրումների կարգը։ Մոտավոր հաշվարկներով մեկ հրավիրված պրոֆեսորի տարեկան աշխատավարձը պետք է կազմի 50-90 հազ ԱՄՆ դոլար (մինչև հարկվելը)։ Այսօրվա եկամտաբերության հաշվարկով՝ տարեկան 4% մաքուր եկամտաբերությամբ (ենթադրում ենք, որ այդպիսի հիմնադրամը նույնպես հարկվում է եկամտահարկով) մեկ պրոֆեսորի աշխատավարձի համար կպահանջվի 1.25-2.25 մլն ԱՄՆ դոլար գլխագումար՝ անընդմեջ ինքնաբավ լինելու և լրացուցիչ ներդրումներ չպահանջելու համար։ Աշխատանքային ծախսերի, հետդոկտորական աշխատակիցների և ասպիրանտների ներգրավման համար կպահանջվի ևս այդքան գումար, թեև դրա մի մասը հնարավոր կլինի ներգրավել այլ աղբյուրներից (ծախսերի կարգը պատկերացնելու համար, տես, օրինակ

Գերազանցության կենտրոնը ենթադրում է առնվազն հինգից տասը բարձրակարգ գիտնականի մշտական ներկայություն՝ համապատասխան միջավայր ապահովելու համար։ Եթե, օրինակ, հինգն ունենան մշտական աշխատանքային պայմանագիր, դա կարող է ենթադրել առնվազն տաս միլիոն դոլարի ներդրում։ Հաշվի առնելով, որ ՀՀ գիտական հիմնարկները ժառանգել են բավարար քանակի անշարժ գույք, որը Կառավարությունը կարող է օգտագրծել նոր գերազանցության կենտրոններին տարածք տրամադրելու նպատակով, կենտրոնի ֆիզիկական տարածքի ստեղծման լրացուցիչ ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել։ Այնուամենայնիվ, փոքրաթիվ մշտական գիտական հաստիքների ստեղծման համար անհրաժեշտ գումարը բավարար չէ որակյալ կենտրոնի գործունեության համար։ Այն պետք է ունենա լրացուցիչ միջոցներ՝ հետդոկտորական աշխատակիցներ և ասպիրանտներ ներգրավելու համար, վարչական աշխատակիցների համար (վերջիններս կարող են համատեղությամբ աշխատել այլ կենտրոններում), ինչպես նաև հաճախակի օտարերկրյա փոխադարձ այցելությունների համար։ Այս լրացուցիչ ծախսերը կկազմեն առնվազն նույնքան, ինչքան կպահանջվի մշտական աշխատակիցների ծախսերի համար։

Այսպիսով, մեր նվազագույն հաշվարկներով, մոտ քսան միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումարով կարելի է ստեղծել մեկ փոքր գերազանցության կենտրոն։ Չնայած սա ՀՀ գիտության տարեկան բյուջեին մոտ գումար է, պետք է հիշել, որ խոսքը միանգամյա ներդրման մասին է, որը կկարողանա ապահովել որակյալ կենտրոնի երկարաժամկետ գոյությունը։ Ուզում եմ շեշտել, որ խոսքը աշխարհի մասշտաբով տեսանելի գիտնականներ ունեցող կենտրոնի մասին է, որը կպահանջի ընդամենը միանգամյա ներդրում։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն իրատեսորեն կարող է պետական բյուջեով գիտությանն ուղղել տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի առնվազն 1%-ին մոտ գումար, իսկ ներկա պահին ծախսում է 4-5 անգամ ավելի քիչ (չնայած աճի միտմանը), ապա կարելի է փաստել, որ հենց այսօր, նույնիսկ երեկ, պետք է սկսել գերազանցության կենտրոնների ստեղծումը՝ սկզբնական շրջանում տարեկան երկու-երեք կենտրոն հիմնադրելով։ Հետագայում պրոցեսը կարագանա՝ մասնավոր ներդրումների հաշվին։

ՀՀ կառավարության՝ այս ակնարկում նկարագրված ճանապարհով արված ներդրումները ավելի քան արդարացված կլինեն, հաջողության և լուրջ մոտեցման դեպքում ոչ միայն կնպաստեն գիտության «բուժմանը», այլև կկանգնեցնեն գիտության նոր «արձաններ», որոնք դեռ երկար տարիներ, եթե ոչ դարեր, կարող են հպարտություն բերել Հայաստանի Հանրապետությանը։ Ավելի կոնկրետ մոդելների և մեխանիզմների քննարկումը դուրս է այս կարճ ակնարկի շրջանակներից․ այստեղ միայն փորձեցինք ցույց տալ արդարացված ծախսի աշխատող օրինակ։

Բնականաբար, մեր հաշվարկներում ներառված չեն թանկարժեք սարքերի համար նախատեսվող ծախսեր, հետևաբար չեն կարող միտված լինել փորձարարական գիտությանը։ Հենց այդ պատճառով, կուզեի մարտահրավեր նետել փորձարար ֆիզիկոսի՝ Արմեն Թումասյանին, որը, հուսով եմ, կարող է ներակայացնել փորձարարական գիտության զարգացման իր տեսլականը՝ Հայաստանի ներկա հնարավորությունների պայմաններում։

Մարտահրավերը բաց է նաև թեմայով բոլոր հետաքրքրվածների համար։


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել