Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը
22:41 - 06 հոկտեմբերի, 2021

Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մասնակցելու է Կապան համայնքի ավագանու ընտրություններին: Գրառումը ստորև.

«Ես՝ Գևորգ Ռազմիկի Փարսյանս, որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու՝ նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին։

Այս տարի մեր համայնքում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, և ես համագործակցելու եմ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության հետ՝ գլխավորելով ընտրական ցուցակը։

Առաջադրվում եմ, քանի որ քաջ գիտակցում եմ հետպատերազմյան շրջանում Կապան համայնքի առջև ծառացած մարտահրավերներն ու անվտանգային խնդիրները։ Առաջադրվում եմ, քանի որ մեկնարկած ծրագրերը և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնելու անհրաժեշտություն կա։

Առաջադրվում եմ, քանի որ մեր թիմի այս երեք տարիների հետևողական, քրտնաջան և նվիրված աշխատանքի շնորհիվ վաստակած ձեր աջակցությունն ու վստահության բարձր մակարդակն ավելին, քան պարտավորեցնող են։

Ընտրություններին մասնակցում եմ «Շանթ դաշինք»-ի հետ, քանի որ այս նորաստեղծ կուսակցության հիմնարար արժեքներն ու սկզբունքներն են՝ մեր ազգային շահերի գերակայությունը, քաղաքացու արժանապատվությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արդարությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, շարունակե՛նք կառուցել, շենացնել և հզորացնել մեր Կապանը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել