Նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները բավականին մրցակցային էին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը։
Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը, թեեւ համաձայնեց Գրիգորյանի այս դիտարկման հետ, սակայն արձանագրեց, որ քարոզարշավը բավականին թույլ էր՝ հատկապես Գյումրիի պարագայում։ Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջադրված հիմնական ուժերն առաջին հայացքից ջանք ու եռանք չեն ներդրել՝ իրենց ծրագրերն ընտրողներին ներկայացնելու հարցում․ «Նախընտրական քարոզչության փուլում արձանագրված հիմնական խախտումներն առնչվում են վարչական ռեսուրսի կիրառմանը, որը միահյուսվում է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրներին։ Ի տարբերություն 2018-ից առաջ եղած ընտրությունների՝ այս ընտրություններում վարչական ռեսուրս կիրառել են թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, որովհետեւ երկուսն էլ ունեն այդ հնարավորությունները՝ մեկ՝ ՏԻՄ մակարդակում, մեկը՝ պետական մակարդակում»,- ասաց Թոքմաջյանը՝ հավելելով, որ շատ մարզերում, քաղաքներում, գյուղերում գործատուները հիմնականում ընդդիմություն ներկայացող կամ ընդդիմության հետ աղերս ունեցող մարդիկ են, որոնք ունեն բիզնեսներ, իսկ այդ հանգամանքը, բանախոսի կարծիքով, դերակատարում ունեցավ Գյումրու, Գորիսի, Մեղրիի պարագայում․
«Վարչական ռեսուրսին, բիզնեսին, աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների սահմանը շատ է խախտվել։ Հետաքրքրական է, որ գործում էր կամավոր-պարտադիր սկզբունքը՝ թե՛ հավաքներին մասնակցելու, թե՛ ընտրելու մասով։ Եթե նախկինում «տասովշիկների» զգալի մասն աշխատում էր մեկ-երկու քաղուժի համար, այս ու նախորդ ընտրություններին նրանք այլեւս ունեն ընտրության հնարավորություն՝ ում համար աշխատել։ Փողը մեծ դերակատարում ունեցավ՝ ոչ ընտրակաշառքի ձեւով․ այն կուսակցությունները կամ դաշինքները հաջողեցին, որոնք ֆինանսապես կայուն էին, կարող էին ռեսուրս դնել, դրա շուրջ կառուցել քարոզարշավ, եւ այլն։ Իսկ այն ուժերը, որոնք փող չունեին կամ փող չդրեցին, հաջողություն չգրանցեցին, եւ, կարծում եմ, ապագայում էլ չեն գրանցի»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը՝ շեշտելով, որ եթե արեւմտյան ժողովրդավարական երկրներում առկա մոդելը՝ նաեւ կուսակցությունների դրամահավքաների մասով, չկայանա, այդ կուսակցությունները դարձյալ չեն հաջողելու։
comment.count (0)