Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան
13:07 - 27 հոկտեմբերի, 2021

Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել։ Քրգործի հարուցումից գրեթե կես տարի անց՝ նախաքննության ներկա փուլում, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Իսկ թե ովքեր են քրեական գործում որպես վկա ներգրավված, Դատախազությունը չի հայտնում՝ նշելով, որ այդ տեղեկությունը նախաքննական գաղտնիք է եւ ենթակա չէ հրապարակման։

Այս տարվա մարտի 30-ին 53 փաստաբաններ, այդ թվում՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը, հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության վերաբերյալ։

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. Միացյալ Թագավորության՝ առնվազն 10 տարվա քաղաքացիություն է ունեցել եւ ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչեւ 01.03.2012 թվականը:

Փաստաբաններն այս հարցով նախ դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Բայց Գլխավոր դատախազությունը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության մերժումը եւ քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել