tert.am: Կիրակի գիշերը պայթուցիկներով լիցքավորված կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քադիմիի նստավայրի վրա, հայտնում է իրաքյան բանակը։ Ինքը՝ վարչապետը, չի տուժել, սակայն նրա թիկնապահները վիրավորվել են, հայտնում է BBC-ն։
Ինչպես հայտարարել են իրաքցի զինվորականները, վարչապետի դեմ մահափորձն իրականացվել է նրա նստավայրի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման միջոցով՝ Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտում»:
Ալ Քադիմին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է, որ ողջ է և առողջ։
«Ես լավ եմ և բոլորին կոչ եմ անում հանգստության և զսպվածության՝ հանուն Իրաքի», - ասվում է գրառման մեջ։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչն Իրաքի վարչապետի դեմ մահափորձն անվանել է «ակնհայտ ահաբեկչություն»։
«Մենք թեթևացած զգացինք, երբ իմացանք, որ վարչապետն անվնաս է: Այս ակնհայտ ահաբեկչական գործողությունը, որը մենք խստորեն դատապարտում ենք, հարված էր Իրաքի պետության սրտին», - ասել է Նեդ Փրայսը:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ Միացյալ Նահանգները կապի մեջ է Իրաքի հետախուզական ծառայությունների հետ և օգնություն է առաջարկել հետաքննության հարցում։
comment.count (0)