«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվում են մի շարք փոփոխություններ, որոնք պարունակում են ակնհայտ վտանգներ։ «Մեդիա կենտրոնում» օրինագծի վերաբերյալ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։
Այդ վտանգներից մեկը, Իշխանյանի խոսքով, գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը հոգաբարձուների խորհրդին հանձնելն է․ «Խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ, և եթե մենք վերցնենք, որ այս պահի դրությամբ ունենք, դիցուք, 50 կազմակերպություն, որոնց մեծ մասը՝ ակադեմիայի (ԳԱԱ,- խմբ․) կազմում, ապա մեր երկրի պարագայում գիտության տարբեր ոլորտներում 400 նման մասնագետի գտնելը շատ խնդրահարույց հարց է: Խնդրահարույց է, որովհետև դժվար է պատկերացնել համապատասխան որոկավորում ունեցող նման մարդկանց առկայությունը՝ հիմնականում համակարգից դուրս»։
Նրա դիտարկմամբ՝ օրենքի նախագծի տրամաբանությունը առավել դեմոկրատական վիճակի հասնելն է, բայց ակնհայտ է, որ չկայացած համակարգերում դեմոկրատիան հնարավոր է՝ բերի խեղաթյուրումների։
«Մասնավորապես, եթե ինստիտուտներն անջատվեն և գործեն ինքնուրույն, ապա կողքից նրանց կառավարելու հնարավորությունը շատ խիստ իջեցվում է, մինչդեռ գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք գործում են վատ։ Ես կարող եմ թվարկել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Կան ինստիտուտներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միջազգային բարձր ստանդարտներին, ինչին մենք ձգտում ենք, առավել ևս, որ մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմների փուլում, և հետևաբար այդ ինստիտուտների դերը ընդհանրապես բարձրանում է, բայց վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն՝ կորցնում ենք նրանց նկատմամբ վերահսկողության փոփոխության հնարավորությունը»։
Ավելի վաղ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ նշելով, որ նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից
comment.count (0)