Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը
11:38 - 11 նոյեմբերի, 2021

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստն սկսելուց առաջ հայտարարությամբ հանդես եկավ Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի երեկվա որոշման վերաբերյալ․

«Ս․թ․ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում։ Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաեւ ՀՀ քաղաքացիների եւ բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթեւեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթեւ-Հալիձոր-Շինուհայր M2 ավտոճանապարհ, եւ այստեղով իրականացնել երթեւեկությունը։ Այս ավտոճանապարհի Տաթեւ-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ»,- ասաց Փաշինյանն ու նշեց, որ նախորդ հինգշաբթի ինքն այդ ճանապրհով գնացել է Կապան ու վերադարձել եւ կարող է վկայել, որ ստացել են իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար․

«Պիտի ասեմ, չնայած, որ Կապան մեկնելիս եւ վերադառնալիս այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասննյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ Իրանի, որոնք ազատ երթեւեկում էին։ Երեկ, մինչեւ կեսգիշեր եւ դրանից հետո Կապան-Տաթեւ հատվածով անցել է շուրջ 100 կցորդիչով բեռնատար։ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո, ի դեպ, իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթեւեկել Կապան-Տաթեւ ճանապարհով՝ առանց լրացուցիչ մաքսատուրքի։ Ընդգծեմ նաեւ, որ նոր երթուղով Երեւանից Կապան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկության ժամկետը չի ավելանում, մի քիչ էլ կրճատվում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը։ Սրան գումարենք նաեւ այն, որ Երասխ-Գորիս հատվածում այս պահին էլ տեղի է ունենում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ եւ ճանապարհի որակն էականորեն փոխվում է։ Շեշտեմ, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծաալում աշխատանքներ են իրականացվում Տաթեւ-Լծեն հատվածում, Շուռնուխի եւ Որոտանի եւ այլ հատվածներում եւս»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երթեւեկության տրամաբանության փոփոխության արդյունքում որեւէ գյուղ չի կտրվում, չնայած՝ մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է։ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ հարցը հնարավորինս արագ կլուծեն։

Իսկ թե ինչպես է պետք վերաբվերբել Ադրբեջանի կայացրած որոշմանը՝ վարչապետը նախ ասաց, թե Ադրբեջանականն անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում․

«Հիմա կարող է այլ հարց ծագել․ իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքաիցների եւ բեռների նկատմամբ որեւէ սահմանային հսկողություն չիրականացվեր։ Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի է մեզ համար։ Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշատպես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն առանց որեւէ էքստերիտորիալության համատեքստի եւ համապատասխան մաքսային անձնագրային հսկողության։ Այսինքն՝ երբեւէ չենք քննարկել ու չենք քննարկելու որեւէ միջանցքային տրամաբանություն։ Սա ֆիքսված է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատում, այս տրամաբանությունը հրապարակավ հաստատել է նաեւ ՌԴ-ն, եւ թերեւս այս համատեքստում է Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»։

Փաշինյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ նոյեմբերի 2020-ի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության դրույթներին՝ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով։ Նա ասաց, որ դեռ ավելին՝ ՀՀ-ն շահագրգռված է բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում․ «Հույս ունենք՝ առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված սկզբունքների հիման վրա»։

Վերադառնալով Ադրբեջանի որոշմանը՝ Փաշինյանը նաւե ընդգծեց, որ ՀՀ-ն նույնպես, ըստ անհրաժեշոտւթյան, անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր։

«Այս չափազանց կարեւոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ են սառնասրտություն եւ ամուր նյարդեր։ ՀՀ-ի շուրջ նոր միջավայր է ձեւավորվում, եւ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այն լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել