ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց
17:03 - 13 նոյեմբերի, 2021

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։

Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։

ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։

Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։

Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։

Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։

Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։

«Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։

Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել