tert.am: Առավոտից բավականին հանգիստ է իրավիճակը, առանձնապես ուշադրության արժանի միջադեպեր չեն եղել։ Այս մասին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով այսօր Կապանում, Իջևանում, Ստեփանավանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքին հետևում են դաշինքի 88 դիտորդ, 40–ը՝ Կապանում։
«Որոշ ուղղություններում նկատվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական գործընթացների վատ տիրապետել դեպքեր, նաև որոշ տեղերում նկատվել են տեխնիկական խնդիրներ։ Կապանից դեպի հարավ գտնվող տեղամասերում ցրտով պայմանավորված փորձել են վառարաններ տեղադրել, մի տեղամասում նույնիսկ տեղամասը որոշակի առումով ծխահարվել է։ Ընդհանուր առմամբ, պրոցեսը նորմալ է ընթանում և որևէ էական խախտումներ այս պահի դրությամբ չեն իրականացվել»,–ասաց նա։
Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ նախընտրական փուլում Կապանում դիտվել է բավական ակտիվ քարոզարշավ, իրական մրցապայքար էր զգացվում ամեն քվեի համար։ «Ինֆորմացիոն դաշտում մեր կողմից նկատվել էր որոշակի առումով վարչական ռեսուրսի չարաշահում գործադիր իշխանության կողմից, մասնավորապես Կառավարության կողմից Կապանին հատկացված 9 միլիարդ դրամի կրթական ծրագիրը»–ասաց նա և ուշադրություն հրավիրեց՝ Սուրեն Պապիկյանի կողմից թեկնածուներից մեկի հետ այցը նույնիսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան։
comment.count (0)