Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|
11:14 - 16 նոյեմբերի, 2021

Հանձնակատարները միանշանակ նշանակովի են լինելու. Զարեհ Սինանյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց Կառավարության ներկայացրած ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ մասին հարցը:

«Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի հնգամյա ծրագրի 1.4-րդ բաժնի պահանջներով՝ սփյուռքի հետ կապերով, ըստ որի սահմանվել է սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտ: Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունը սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Դրա նպատակն է զարգացնել ՀՀ-սփյուռք գործակցությունը, բարձրացնել այդ բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը, ապահովել հայ համայնքների միջև կայուն հարաբերությունները և համայնքի ներուժի նպատակային ներգրավումը, ինչպես նաև աջակցել հայ ինքնության պահպանմանը, հայրենադարձությանն ու Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը»,- ասաց նա: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը հետաքրքվեց, թե արդյոք Սինանյանը հնարավոր համարո՞ւմ է հանձնակատարի ընտրովի լինելը՝ սփյուռքի կառույցների ներգրավմամբ: 
 
«Միանշանակ հանձնակատարները նշանակովի են լինելու, որովհետև նախ՝ հանձնակատարները չեն նշանակվելու Երևանից. նրանք լինելու են համայնքներից. դա նշանակում է, որ ընտրություն կազմակերպել տեղում՝ համայնքներում, պրակտիկորեն անհնար է իրագործել: Երկրորդ պատճառն այն է, որ հանձնակատարները պետք է տեղում իրագործեն ՀՀ և սփյուռքի հանձնակատարի քաղաքականությունը, հետևաբար տեղում ընտրված լինելու մեխանիզմը ավելի ներկայացուցչական է:
 
Սերգեյ Բագրատյանը նաև հարցրեց Հայաստանի ընտրություններում սփյուռքի ներգրավման հնարավորության մասին:
 
Զարեհ Սինանյանը նշեց, որ հարցին միանշանակ պատասխան չկա: «Մենք էլ քննարկում ենք տարբերակներ, թե ինչպես կարելի է սփյուռքն ավելի ներկայացված դարձնել Հայաստանում: Դժվար է պատկերացնել, թե որ համայնքում ինչպես պետք է ընտրությունն անցնի, մտածում ենք սրա մասին, սրա մասին հանրայնորեն խոսվել է համարյա քաղաքական բոլոր շրջանակների կողմից, որ ինչ-որ մարմին պետք է ստեղծվի, որը կկարողանա ներկայացնել սփյուռքը Հայաստանում: Մինչև քովիդ-19-ի համավարակը և պատերազմը նպատակ կար համաժողով հրավիրել սփյուռքից, մի քանի ընտրություն մեզ առաջարկեին, և կոնսենսուսի հասնեինք՝ ինչպես կարելի է նման ընտրությունների միջոցով ստեղծել ներկայացուցչական մարմին Հայաստանում, որը կունենա խորհրդատվական և ոչ օրենսդիր ֆունկցիա»,- նշեց Զարեհ Սինանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել