Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները
17:12 - 20 նոյեմբերի, 2021

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները

Նոյեմբերի 14-ին սոցիալական հարթակներում սկսեցին շրջանառվել տեղեկություններ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվում էր Սիսիանի, Նախիջևանի և Ջերմուկի հատվածներում իրավիճակի սրման մասին։ 

Այս տեղեկություններից որոշ ժամանակ անց Պաշտպանության նախարարությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայ դիրքապահները կանխել էին այդ տարածքում հակառակորդի դիրքավորվելու փորձերը։

Նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվեցին տեսանյութեր՝ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների՝ հայկական տարածք ներխուժման և հայկական դիրքերին մոտենալու վերաբերյալ։ Infocom-ը տեղորոշել է տարածված տեսանյութերը և ամբողջացրել վերջին օրերի դեպքերի հաջորդականությունն ու մարտերին զուգահեռ արված հայտարարությունները։

Որտեղ են ընթացել մարտերը և որ դիրքերից են տեսանյութեր հրապարակել ադրբեջանական աղբյուրները

Նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները մոտենում էին հայկական դիրքերին։ Այս  տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ներխուժել էր հայկական տարածք և սկզբում մոտեցել հայկական առաջին դիրքին։

Ստորև ներկայացված լուսանկարում դեղինով պատկերված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծը՝ ըստ Google Earth-ի, կարմիրով պատկերված է այն ճանապարհը, որով ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները մոտեցել են Հայաստանի պետական սահմանից ներս ընկած հայկական դիրքին։

Լուսանկարներից առաջինը հայկական դիրքից հարավ-արևելք ընկած բլուրն է՝ Google Earth արբանյակային լուսանկարով, իսկ երկրորդ լուսանկարում նույն բլուրն է, որը երևում է ադրբեջանական տեսանյութում։

Made with Flourish
Այս լուսանկարի բլուրը հայկական դիրքի հյուսիս-արևմուտքում է։ Առաջին լուսանկարը վերցված է Google Earth-ից, իսկ երկրորդը՝ ադրբեջանական տեսանյութից։ 

Սույն տեսանյութում, առաջին դիրքից բացի, երևում է նաև հաջորդ հայկական դիրքը, որտեղից ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները տեսանյութ չեն հրապարակել, սակայն տեսանյութ է հրապարակվել դրան հաջորդող երրորդ հայկական դիրքից։ Այսինքն՝ ադրբեջանական խմբավորումները եղել են նաև երկրորդ դիրքում և անցել են այնտեղով։

Ստորև կարող եք տեսնել ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների առաջխաղացումը, որի վերլուծությունը հիմնված է հրապարակված ադրբեջանական տեսանյութերի վրա։

Իսկ ներքևում կարող եք տեսնել տեսանյութի այն լուսանկարը, որտեղ երևում է վերոնշյալ հայկական դիրքը։

Հայկական այս դիրքը ՀՀ պետական սահմանից 280 մետր խորության վրա է։

Նոյեմբերի 14-ին ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտված հաջորդ տեսանյութը դարձյալ Հայաստանի տարածքում է՝ սահմանագծից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա։ Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիների նկարահանած տեսանյութը ստորև ցուցադրվող հայկական դիրքից է։

Made with Flourish
 
Ինչպես նշեցինք, այս մարտական դիրքը ՀՀ պետական սահմանից 1,5 կմ խորության վրա է։ Ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները ենթադրաբար այս դիրք են հասել ստորև ներկայացվող ճանապարհով։
 

 

Քանի որ գլխավոր դատախազի խորհրդականը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքի՝  ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու առթիվ հարուցվել է քրեական գործ, ապա հավանականություն կա, որ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները եղել է նաև ստորև բերվող հայկական դիրքում, որը պետական սահմանից շուրջ 2 կմ հեռավորության վրա է։

Լուսանկարում կարմիրով պատկերված է ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների՝ նշված հայկական դիրքին մոտենալու հավանական ճանապարհը, իսկ դեղինով՝ պետական սահմանագծից հեռավորությունը։ 


Նոյեմբերի 15-ին Անվտանգության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, թե Ադրբեջանի ներխուժման հետևանքով 4 դիրք հայտվել է շրջափակման մեջ։ Բանակցությունների հետո Ադրբեջանի զինտեխնիկան և զորքը դուրս էին բերվել ՀՀ տարածքից, իսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս էին եկել այդ դիրքերից։ Այսինքն՝ ստացվում է, որ ըստ հայտարարության՝ վերոնշյալ չորս դիրքերում բանակցություններից հետո չեն եղել ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական զինված ստորաբաժանումներ։

Նոյեմբերի 16-ին վերսկսվեցին մարտական գործողությունները։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ իրադրությունը շարունակում էր լարված մնալ, որոշ դեպքերում՝ նույնիսկ ծայրահեղ լարված։ Ավելի ուշ հաղորդվեց, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչպես նաև 2 մարտական դիրքի կորուստ։

Հաշվի առնելով նոյեմբերի 14-ի տեսանյութերի վերլուծությունից ստացված պատկերը՝ կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմը վերահսկողություն էր հաստատել  հայկական առաջին երկու դիրքերի նկատմամբ։

 

 

Ավելի ուշ «Զինուժը» հրապարակեց հակառակորդի զրահատեխնիկայի խոցման երկու տեսանյութ [1,2]։ Այս տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հակառակորդի զրահատեխնիկան խոցվել է Հայաստանի պետական սահմանի ներսում, այսինքն՝ հակառակորդը զրահատեխնիկայով հատել է Հայաստանի սահմանը։

Տեսանյութերից առաջինում ադրբեջանական զրահատեխնիկան խոցվել է ՀՀ պետական սահմանից ներս՝ շուրջ 550 մետր խորության վրա։

 


Երկրորդ տեսանյութում երևում է խոցված 3 զրահատեխնիկա։ Տեսանյութի խոցված զրահատեխնիկաներից առաջինը նախորդ տեսանյութում խոցված զրահատեխնիկայի կողքին է։

Հաջորդ կադրում երևում է նույն խոցված զրահատեխնիկան՝ խոշոր պլանով։ Այս դեպքում զրահատեխնիկայի հետևում նշմարվում է բլրի քարքարոտ հատվածի ստորին մասը, ինչից էլ կարող ենք հասկանալ, որ տեխնիկան խոցվել է հենց այդ վայրում։

 

Մյուս երկու զրահատեխնիկաները խոցվել են ՀՀ սահմանից շուրջ 400 և 450 մետր խորությունների վրա։


Ըստ տեսանյութերի վերլուծության՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական 4 զրահատեխնիկա։ Խոցված տեխնիկաների տեղադիրքը կարող եք տեսնել ստորև ներկայացվող քարտեզում, որտեղ դեղինով նշված է հայ-ադրբեջանական սահմանը (ըստ Google Earth-ի), իսկ կարմիրով՝ խոցված զրահատեխնիկաները։

Նոյեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական և հայկական մեդիայում հայտնվեց խոցված զրահատեխնիկայի երկու տեսանյութ։ Այս տեսանյութերում նույն զրահատեխնիկան էր, ինչի մասին արդեն խոսեցինք։ Տեսանյութերից մեկում նկարողը խոսում է ադրբեջաներեն, իսկ մյուսում՝ հայերեն, այսինքն՝ այս տեղանքում ինչ-որ պահի եղել են ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները, մեկ այլ պահի՝ հայկական։ Սակայն հայտնի չէ, թե այս պահին ում վերահսկողության տակ է նշված տարածքը, որը ՀՀ պետական սահմանից ներս է։

Ստորև ներկայացվող լուսանկարներից ձախում ադրբեջանական տեսանյութից հատված է, որտեղ երևում են խոցված երկու տեխնիկաները, իսկ աջում լուսանկար է Google Earth-ից, որտեղ նշված են խոցված տեխնիկաների տեղադիրքերը։ Պատկերը հնարավոր է նույնականացնել դիմացի բլրով։

 

Ստորև մեկ այլ լուսանկար է, որտեղ երևում է ադրբեջանական ռազմական խոցված մեքենան, որը հնարավոր է նույնականացնել մեքենայի հետևում երևացող բլրով։

 

Այսպիսով՝ եթե ամփոփենք վերջին օրերին ստացված պաշտոնական հաղորդագրությունները և հրապարակված տեսանյութերը, կարող ենք մոտավոր պատկերացում կազմել, թե որ հատվածներում են ընթացել մարտերը։ Ստորև ներկայացվող քարտեզում նշված է հենց այդ հատվածը։

Այնուամենայնիվ, պարզ չէ, թե այս պահին ում վերահսկողության տակ է ՀՀ պետական սահմանների ներսում գտնվող նշված տարածքը։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել