Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով, հավանություն տվեց «Գնումների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին, որի նպատակն է ստեղծել արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի մշակումը պայմանավորված է մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման հանգեցնող կամ նման իրավիճակներ առաջանալու վտանգի դեպքում հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների, գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ։
«Գնումների մասին» օրենքը սահմանում է, որ շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը հնարավոր է կազմակերպել փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա։
Արտակարգ իրավիճակների առաջացման պարագայում, ըստ կառավարության նախագծի, ժամկետային սղությամբ պայմանավորված, գործնականում հնարավոր չի դառնում օպերատիվորեն ապահովել նման հետևանքների վերացումը՝ պայմանավորված փաստաթղթերի մշակման և փորձաքննության ապահովման հանգամանքով, ուստի նախատեսվում է հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնման գործընթացը կառավարության որոշմամբ (պետք է հիմնավորվի դրա ընդունումը պայմանավորող հանգամանքների առկայությունը) իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի։
comment.count (0)