Գլխավոր նկարը՝ hetq.am-ի
hetq.am: Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Վիկտորյա Կարապետյանը վաղ առավոտյան ընտրատեղամաս է այցելել՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, սակայն արդեն ավելի քան 1.5 ժամ է (ընտրատեղամաս է եկել ժամը 9:00-ի սահմաններում), ինչ քաղաքացին չի կարողանում ընտրել։ Ստիպված եղավ երկու անգամ ընտրատեղամասից Գավառի անձնագրային բաժանմունք գնալ-գալ։ Քաղաքացու անձնագիրը նոր է, տրվել է նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ընտրողների էլեկտրոնային համակարգում նրա անունը չի ամրագրվել, կտրոն տրամադրող սարքն էլ չի «ճանաչում» Վիկտորյային։ Մարզպետարանում այլ բան են ասում, անձնագրային բաժանմունքում՝ այլ։
«Ինձ տեղեկանք են տրամադրել ու անձնագիրս, որ կարող եմ մասնակցել, հիմա էլ ասում են գնա 9-րդ ձև բեր։ Բայց անձնագրայինից էլ ասում են, որ անձնագիրը հենց 9-րդ ձև է։ Հիմա չեմ կարողանում քվեարկել»,- ասում է Վիկտորյա Կարապետյանը։
Հանձնաժողովի նախագահը այս հարցով զանգել է Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը հորդորել է քաղաքացուն գնալ անձնագրային բաժանմունք և ստանալ «9-րդ ձև» կոչվող փաստաթուղթը։ Սակայն, Գավառի անձնագրերի և հրավերների բաժնի պետ Սերգեյ Լազյանը քաղաքացուն հրաժարվել է տալ թուղթը՝ նշելով, որ իրավունք չունի այն տալ, քանի որ քաղաքացուն արդեն իսկ տրվել է անձնագիր։
Ըստ Գավառի 19/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անժելան Բադոյանի՝ իրենց տվել են նաև համարակալված կտրոններ, և եթե սարքը կտրոնը չի տպում, իրենք այդ համարակալված կտրոնը պետք է օգտագործեն, թույլ տան, որ քաղաքացին քվեարկի։ Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առայժմ չեն թույլատրում այդ եղանակով քաղաքացուն թույլ տալ ընտրել։
Քաղաքացին դեռ սպասում է ընտրատեղամասում։
Առավել մանրամասն՝ hetq.am-ում
comment.count (0)