«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննսիսյանն այսօր՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի երկրորդ ասուլիսի ընթացքում, ամփոփում էր օրվա երկրորդ հատվածում ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության արձանագրած խախտումները։
«Պետք է ասեմ, որ բավական շատացել են մեր ստացած ահազանգերը, նախորդ ասուլիսի համեմատ, մի շարք դեպքերում խախտումների մասով հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել» ․
- Վաղարշապատի 14/24 և 14/25 ընտրատեղամասերում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ են գրանցվել։
- Սպիտակում 22/28 տեղամասում երկու խախտում է արձանագրվել․ մեկը այն է, որ քվեարկության սենյակում գտնվել է միևնույն քաղաքական ուժից մեկից ավել վստահված անձ և հանձնաժողովի նախագահը չի ձեռնարկել միջոցներ, ինչպես նաև խոչընդոտել է դիտորդի կողմից գրանցամատյանում գրանցում կատարելը։
- Ապարանում տեղի է ունեցել անձնագրային վիզաների վարչության հետ կապված խնդիր․ մասնավորապես՝ հրապարակումներ եղան, որ վարչությունը հրաժարվել է քաղաքացուն տեղեկանք տալ լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար, դա պատճառաբանելով, թե իբր, ըստ այդ հրապարակումների, քաղաքացին ոչ թե մի, այլ ուրիշ քաղաքական ուժի է ընտրելու, քաղաքացուց ուզել են փաստաթղթեր, որոնք չպետք է ուզեին և այլն։ Իրողությունն այն է, որ քաղաքացու ընտրելու իրավունքը իրացված է, այսինքն՝ այդ քաղաքացին իր տեղեկանքը ստացել, Ապարանի Կայք գյուղում արդեն քվեարկել է, և երկրորդը դա այն է, որ քաղաքացին վերջերս է զորացրվել ու անձնագրայինում հաշվառման չի կանգնել և իրեն անձնագրայինում ուղղակի խնդրել էին ներկայացնել զինգրքույկ կամ որևէ այլ փաստաթուղթ, առ այն, որ իրոք այդ համայնքում է հաշվառված և, ըստ էության, մեր կողմից չի հայտնաբերվել որևէ փաստ առ այն, որ անձնագրային բաժինը քաղաքացուն իր քաղաքական հայացքներից կախված տեղեկանք չի տվել։
«Ես ներկայացրի այն դեպքերը, որոնք Քրեական օրենսգրքով արգելված էին կամ մեծ աղմուկ էին հանել, այժմ մնացածը» ․
- Մասիսի 11/38 տեղամասում առկա են կուտակումներ և ուղղորդումներ։
- Արտաշատի 12/10 տեղամասում ՔՊ-ի վստահված անձը ուղղորդում է ընտրողներին։
- Արարատի 13/5 տեղամասում դիտորդներ են եղել, որոնք ունեցել են վկայականներ, բայց ներկայացել են կուսակցությունից։
- Վեդի 13/33 «Իմ հզոր» համայնք կուսակցության վստահված անձը ուղղորդել է ընտրողներին։
- Թալինի 18/23 տեղամասում ՔՊ-ի թեկնածուն շուրջ 25 րոպե գտնվել է ընտրատեղամասում։
- Գավառի 19/30 տեղամասի դիմաց փակված են քարոզչական նյութեր, մասնավորապես «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի և ՔՊ կուսակցության։
- Մարտունի 21/34 «Ապրելու երկիր» և ՔՊ կուսակցությունների վստահված անձինք ուղղորդել են ընտրողներին։
- Վանաձորի 23/7 և 23/8 տեղամասերի պատերին փակցված են եղել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի քարոզչական պաստառներ, 23/8 տեղամասում տարբեր ժամերի ներկա են եղել քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք, ինչպես նաև բաց քվեարկության դեպք է արձանագրվել։
- Թումանյան համայնքի 24/2 տեղամասում տևական ժամանակ գտնվել է ՔՊ-ի թեկնածուն, ինչպես նաև նկատվել են կուտակումներ։
- Նաիրի համայնքի Զովոնի բնակավայրի 27/11 տեղամասում ներկա են գտնվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուները, մինչդեռ տեղամասերում թեկնածուների ներկայությունը մինչև 20։00-ն արգելված է։
- Աբովյանի 29/3 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուներից մեկի հարազատը ցուցակով ուղղորդում էր ըտրողներին, հանձնաժողովի նախագահը դիմել է իրավապահներին։
- Արթիկում 33/1 տեղամասում նույն կուսակցությունից մեկից ավել վստահված անձինք են եղել
- Վայքում տեղի են ունեցել բաց քվեարկության դեպքեր։
- Առավոտյան այդպիսի մի դեպք էր, բայց արդեն երեք տեղմասերում արձանագրվել են դեպքեր, երբ անձինք հանդես են եկել «Հայաստան» դաշինքի վստահված անձի վկայականով, սակայն «Հայաստան» դաշինք որպես այդպիսին որևիցե համայնքում չի մասնակցում։
- Մոտ 10տեղամասերում ընտրատեղամասը չի ապահովում քվեարկության գաղտնիությունը, որոշ դեպքերում խնդիրը լուծվել է, որոշների դեպքում՝ ոչ։
comment.count (0)